Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են բողոքում քաջարանցիները (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 25,2023 23:40

Չորեքշաբթի՝ վաղ առավոտյան՝ ժամը 7.30-ից մոտ 50 քաջարանցի հավաքվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենաներով մտնեն տարածք։ Ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը։

Ցուցարարները այնուհետեւ պաշարեցին ԶՊՄԿ-ի վարչական շենքը՝ պահանջելով տնօրինության ներկայացուցիչներին։ Նրանց պահանջները սոցիալական են՝ աշխատանքով ապահովել բանակից զորացրված երիտասարդներին, եւ նախկին աշխատանքում վերականգնել երկու տարի առաջ՝ 2021թ.-ի հուլիսին ազատված քաջարանցիներին։ Ցուցարարներին հանդիպեց կոմբինատի արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նա առաջարկեց ընտրել 5 հոգի՝ հանդիպելու տնօրինության հետ։ Ցուցարարները հրաժարվեցին՝ պահանջելով տաքուկ կաբինետներից իջնել ու դրսում հանդիպել բոլորի հետ։ «Թող գան՝ երեւանցի լինի, ռուս լինի՝ մի հատ բացատրենք մեր պահանջները, ներկայացնենք հարցը ինչումն է կայանում ու սպասենք իրենց պատասխանին»,-նշեց Գեւորգ Թոսունյանը:

4 ժամ սպասելուց հետո, այդպես էլ ոչ մի պատասխանատու չհանդիպեց ցուցարարներին։ Նրանք կեսօրին մոտ փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհը՝ խաթարելով կոմբինատի աշխատանքը։

Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա մեր բողոքի մեջ ու խնդրում ենք բոլոր հասարակական կազմակերպություններին չքաղաքականացնել՝ Aravot.am-ի հետ զրույցում նշեցին ցուցարարները։ «Մենք կառավարության դեմ ոչինչ չունենք, չեմ կարծում, որ կառավարությունը դեմ լինի, որ մենք աշխատենք։ Համոզված եմ, ոչ մի երկրի կառավարություն իր քաղաքացիների աշխատելուն դեմ չի լինի»,-ասաց նա։

Դեպի հանքավայր տանող ճանապարհը փակելուց հետո ցուցարարներին հանդիպեց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Նա առաջարկեց բացել ճանապարհը, բողոքավորներից ընտրել 10 պատվիրակ՝ հանդիպելու իր, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ ԶՊՄԿ տնօրինության հետ։ Ցուցարարները համաձայնվեցին մեկ պայմանով՝ ճանապարհը կմնա փակ, մինչեւ բանակցությունների ավարտը։

Արձակուրդն ընդհատած Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Վարդան Ջհանյանի, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի ու բողոքավորների հանդիպումը փակ դռների հետեւում է․ առանց լրագրողների ավելի անկաշկանդ քննարկում կլինի։ Մոտ 6 ժամ տեւած բանակցության արդյունքում՝նախ բացվեց դեպի հանքավայր տանող ճանապարհը։

Ցուցարարները համաձայնվեցին՝ քննարկել եւ կոմբինատի վարչակազմին ներկայացնել սոցիալապես անապահով ընտանիքներից մեկական անդամ՝ աշխատանքով ապահովվելու համար։ Այնուհետեւ փուլ առ փուլ աշխատանքով կապահովվեն բանակից զորացրված երիտասարդները։ Ինչ վերաբերում է երկու տարի առաջ աշխատանքից ազատված քաջարանցիներին, ապա այդ հարցը դեռ ճշգրտման փուլում է։

Aravot.am-ը փորձեց ճշտել նաեւ ԶՊՄԿ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ այս փուլում զերծ են մնում որեւէ մեկնաբանություն անելուց։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031