ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում Ազատ գյուղում զինվորների կացարան կոչված տնակում 15 զինծառայողների ողջակիզման մասին ասաց. «Նախ, խորապես ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնց երիտասարդ զավակները զոհ են դառել այս իշխանության անպատասխանատու գործելակերպին: Ուրիշ բանաձեւ ես չունեմ: Երկրում պակասում է, կամ ուղղակի չկա իրական կառավարումը թեկուզ ամենօրյա կյանքի: Եվ այս առումով հատկանշական է, որ ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնող անձը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ պաշտպանության նախարարը դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Պիտի ասել, որ ինքը ճիշտ է ասում: Այս իշխանավորներն ընդհանրապես ոչ մի բանի համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Խնդիրն այն չէ, թե նրանք ինչ են անում, այլ այն, որ նրանք հրաժարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, անվտանգության ապահովման, կյանքի համար պատասխանատվություն կրողների անունները տալ: Նրանք ուղղակի դա չեն անում: Նրանք ունեն ուրիշ խնդիր: Սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:
Մյուսը, որ այդ դժբախտ դեպքի մասին ուզում եմ ասել: Բազմաթիվ անգամ պատմությունը ապացուցել է՝ ամեն մի ողբերգության հետեւում կանգնած է մի հրեշավոր հանցագործություն: Ու որպես կանոն, կազմակերպված հրեշավոր հանցագործություն: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բառիս բուն իմաստով ուղղորդում էր բոլոր նախաքննչական եւ այլ մարմիններին, թե ինչ պետք է նրանք ասեն: Նա իրավունք չուներ ոչինչ ասելու: Դա կոպիտ օրինազանցություն է, որը ցույց է տալիս, որ այդ անձնավորությունը ոչ թե սահմանադրական նորմեր է ոտնահարում, ոչ թե օրենսդրությունն ընդհանրապես զրոյի տակ դրած ունի, այլ ինքն իրեն զգում է փոքրիկ տիրակալ, կարծես, երկիրը իր փոքրիկ տնամերձն է: Ես ուրիշ համեմատություն չեմ կարող անել: Որեւէ մեկը, որն ունի երկու-երեք միտք արտահայտելու ունակություն, չի հավատացել այդ վարկածին»:
Տիկին Ալավերդյանը նաեւ անդրադարձավ կառավարության նիստում ԴՆԹ-ի հետ կապված՝ վարչապետի արած հայտարարությանը, թե հայերի մոտ կա գենետիկ ինչ-որ բան: «Դա պարզ արտահայտված ռասիզմ է: Տեսեք, թե ինչին է հասել: Ուղղակի ռասիզմ է, երբ որ մեր երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձը բոլոր խնդիրների պատճառը տեսնում է գենետիկական մակարդակի վրա, որ հայերը գենետիկ խնդիր ունեն: Դա ենթակա է օրենսդրորեն եւ դատական գործընթացների»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ