«Ես իմ պարտքն եմ համարում ասել, որ այդ իրավիճակը լոկալ բնույթ չի կրում: Մենք եղել ենք նաեւ այդ տարածաշրջանում ու տեսել ենք, թե ինչպե՞ս են ապրում զինվորները: Ամբողջ առաջնագծի երկայնքով այդպիսի պատկեր է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ այդպիսի պատկեր է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը չունի ռեսուրս՝ ապահովելու նորմալ պայմաններ, ոչ թե այն պատճառով, որ չկան համապատասխան շինհաստատություններ, կամ չկան մոդուլները, որոնք դեպքից հետո ցույց տվեցին եւ մենք հնարավորություն չունենք դրանք գնելու, այլ այն պատճառով, որովհետեւ չկա հրաման, որպեսզի զինվորն ապրի արժանապատիվ, անվտանգ վայրում: Այդպիսի պատկեր է, որովհետեւ իշխանության գտնվողներից որեւէ մեկին պետք չի մարտունակ, անվտանգ բանակ: Իրենք պիտի այդպիսի պատկեր ունենան, որ հետո, երբ թշնամական հերթական հարձակումը լինի, ձեռքները վերեւ բարձրացնեն ու ասեն՝ դե ի՜նչ կարող էինք անել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նրա գնահատմամբ, Ազատ գյուղում տեղակայված զորամասում տեղի ունեցածը ամենացցուն դրսեւորումն է՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի իշխանավարման շրջանում հայկական բանակի եւ առաջնագծի իրավիճակի վերաբերյալ:
Պատգամավորը նկատում է՝ 2021 թվականին արդեն համացանցում հայտնվել էին տարբեր տեսանյութեր, լուսանկարներ, որոնք վկայում էին առաջնագծի նման իրավիճակի մասին, 2022-ին արդեն «Հայաստան» խմբակցության անդամները տարբեր այցելություններ են ունեցել առաջնագծի ողջ երկայնքով եւ սեփական աչքերով տեսել իրականությունը. շատ տեղերում զինվորները գիշերում են նաեւ վրանների տակ: Իր տեսածը պատգամավորը ոչ մի կերպ չի կարողանում զուգահեռել 2022 թվականին, սեպտեմբերյան հարձակումից հետո, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարության հետ, որ բանակը որեւէ բանի կարիք չունի, բանակն ուշադրության կենտրոնում է եւ ամեն ինչով ապահովված:
Տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, հրամանատարական կազմի պաշտոնանկություններով, ըստ պատգամավորի, իշխանությունը փորձում է եղածը ներկայացնել լոկալ խնդիր, մինչդեռ դա բնավ այդպես չէ, խնդիրները համակարգային են եւ ունեն «անուն-ազգանունով մեղավորներ եւ պատասխանատուներ. դա դաշնակիցները չեն, դա նախկինները չեն, դա ցածր սպայական կազմը չի, դա Նիկոլ Փաշինյանն է»: Իր գնահատմամբ, իշխանությունն այս ողբերգության պարագայում էլ նույն ձեռագրով շարժվեց՝ անմիջապես դաշտ նետելով սեփական նպատակահարմարության տեսանկյունից ելնող եւ իրարամերժ տեղեկություններ, մեղավորներ նշանակելու, որպեսզի խճճի ամենը եւ կոծկի իրականությունը, իսկ տվյալ պարագայում նաեւ «գլխատի երկրորդ բանակային կորպուսը»՝ հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության:
Պատգամավորը տարակուսած է նաեւ, թե նման մասշտաբի ողբերգությունից հետո ինչո՞ւ սգո օր չհայտարարվեց:
Կարդացեք նաև
Պատգամավորն անդրադարձավ նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության՝ հանրապետական սփռումից զրկվելուն՝ հայտարարելով, որ դա իշխանության ուղիղ հրահանգով է եղել, իշխանության «ժանրի կանոններով»՝ մեղավորներ են նշանակվել եւ դրանք այլ ընդդիմադիր հեռուստաընկերություններն են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ