Անցած տարի մեծ ջանքեր ենք ներդրել «Արմաթ» լաբորատորիաների ցանցը համաշխարհային շուկա արտահանելու ուղղությամբ, ստեղծվել են 22 նոր լաբորատորիաներ, կրթական ծրագրերին սփյուռքին ինտեգրելու նպատակով ձևավորվել են միջազգային ծրագրեր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
«Ես կրթությունից շատ եմ խոսում, քանի որ մեր համոզումն է, որ կրթությունն է բերում ոլորտի զարգացմանը, ուստի մեր ծրագրերում բավականին մեծ տեղ են զբաղեցնում կրթական ծրագրերը: Ներկայումս մշակում ենք «Արմաթի» նոր ուղղություն, այսպես ասած «Արմաթ-2» կամ Advanced, որպեսզի կարողանանք ավելի խորը գիտելիքներ փոխանցել երեխաներին կամ այն երեխաները, որոնք անցնում են «Արմաթը»` հնարավորություն ունենան խորացված ուսուցման»,-նշեց Եսայանը:
«Ստեղծվել են 12 «Արմաթ-նոթում» կրթական ծրագրերը, որոնք ռոբոտաշինության ոլորտում «Արմաթի» ավելի խորացված ուղղությունն են: Ծրագիրն իրականացվել է Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում: Այս լաբորատորիաներում հիմնականում համախմբում ենք ճարտարապետության ոլորտում արդեն տարիների փորձ ձեռք բերած «Արմաթի» նախկին սաներին, որոնք ավագ դասարաններում հնարավորություն կունենան արդեն ուսումնասիրելու օդային ռոբոտաշինությունը»,- հավելեց Միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 22 տարի համարվում է տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների շահերի պաշտպանը, նպաստել է բիզնես-մշակույթի զարգացմանը, այս տարիների ընթացքում խթանել է ոլորտի զարգացմանը, հանդես է եկել 50-ից ավելի միայն օրենսդրական նախաձեռնություններով:
Կարդացեք նաև
Նա թվարկեց միության ռազմավարական 5 ուղղությունները. Հայաստանի դիրքավորումը որպես առաջատար ԲՏ երկիր, գիտության և հետազոտության զարգացում, էլեկտրոնային կառավարում, ռազմաարդյունաբերություն, կրթության և աշխատուժի զարգացում:
«Հայաստանի դիրքավորման տեսանկյունից 2022թ. բավականին լայնածավալ աշխատանք են իրականացրել՝ ՏՏ բրենդի աշխատանքների առումով: Նախորդ աշխատանքները կատարվել էին 2017թ և այս ընթացքում բավականին փոփոխություններ են եղել: Փաստաթուղթը պատրաստ է և այս տարվա ԴիՋիԹեք-ին տեղի կունենա Հայաստանի ՏՏ նոր բրենդինգի ներկայացումը, որից հետո կսկսենք իրազեկման աշխատանքները»:
Նրա խոսքով, Գիտահետազոտական ոլորտում հիմնական ձեռքբերումը հայկական տեխնոլոգիական «Ապագա» հարթակի ստեղծումն է: Այն գիտահետազոտական հաստատությունների, համալսարանների, կառավարության համատեղ հարթակ է, որի նպատակն է ռազմավարական 5 ուղղություններով ծրագրերի իրականացումը:
Չոբանյանը հավաստիացրեց, որ ռազմաարդյունաբերության ուղղությամբ բավականին ծրագրեր են իրականացվում, սակայն որպես անվտանգային ոլորտ չմանրամասնեց կոնկրետ ձեռքբերումները: «Ես հստակ կարող եմ ասել, որ 2022թ ռազմաարդյունաբերության ոլորտի ծրագրերի և կազմակերպությունների ցանկում կան բավականին տեղաշարժեր և ես ուրախ եմ, որ մենք Հայաստանում նմանատիպ զարգացումներ ենք արձանագրում»,-ամփոփեց Չոբանյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ