Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաս ծառայել է, աղջիկս գիշերօթիկում է․ գնալու ուրիշ տեղ չունենք»․ Ավետիսյանները ՊՆ նախկին շենքում են ապրում

Հունվար 25,2023 15:43

Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում տեղակայված ՊՆ նախկին վարչական շենքում ապաստանած ընտանիքներն անորոշության մեջ են․ մի շաբաթ է, որ էներգամատակարարումն անջատվել է, ջեռուցում չունեն, իսկ շենքն ազատելու խոսակցությունները հանգիստ չեն տալիս․ մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անեն, ո՞ւր գնան։ Երեկվանից նրանք պարբերաբար փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին՝ ակնկալելով կառավարության ուշադրությունն ու պարզաբանումը։

Դեպքի վայր այցելած Aravot.am-ին բնակիչները պատմեցին, որ վերջին տարիներին տարբեր ժամանակահատվածներում այստեղ ապաստանել են պատերազմի մասնակիցների, տեղահանվածների ընտանիքներ, տարբեր այլ պատճառներով տունը կորցրած քաղաքացիներ․ սոցիալապես անապահով վիճակում են, այլեւս չեն կարող բարձր գներով տուն վարձակալել։

Բնակիչներն ասացին, որ վարչական շենքը, մինչեւ իրենց բնակություն հաստատելը, քանիցս թալանվել է, եւ իրենք են եղած միջոցներով դուռ-լուսամուտ, վառարան ու մահճակալ դրել, որ կարողանան գոնե նվազագույն պայմաններում ապրել։

Նաիրա Ավետիսյանը չորս ամիս է, որ այստեղ է ապրում։ Պռոշյան համայնքից է։ Դիմել էր համայնքապետարան, փաստաթղթեր ներկայացրել, որ որդին մարտական գործողությունների մասնակից է եւ խնդրել էր օգնել փոքր հողակտոր սեփականաշնորհել, սակայն խնդրանքները մնացել են անարձագանք։ Ասում է՝ գումար չկա տուն գնելու։ Նա Aravot.am-ին պատմեց, որ տարածքի շենք-շինությունները պատմություն ունեն․ «Սա Վազգեն Սարգսյանի օրոք եղած կառույցի միակ հուշն է։ Ծնողներս այստեղ են աշխատել։ Հայրս 30 տարի ՊՆ-ում է աշխատել, մայրս՝ 15 տարի։ Եղբայրներիս ընտանիքները եւս աշխատել են»։

Սենյակները, որտեղ տեղակայվել է Ավետիսյանների ընտանիքը, նորոգվել են միայն իրենց նվազագույն միջոցներով։ Մինչեւ այդ Պռոշյան համայնքում ապրել են մի «դոմիկում»։ Հիմա տանը շատ ցուրտ է, բայց ցախով վառարան են օգտագործում, սանհանգույց են դրել, տանիքը կարգի բերել։ «Մի երեխաս գիշերօթիկում է, իսկ ծառայությունն ավարտած որդիս աշխատում է։ Մեր խնդրանքն է, որ թողեն ապրենք։ Ուրիշ տեղ չունենք գնալու»,-ասաց տիկինը։

Հ․ Գ․ Համացանցային հասանելի աղբյուրներն ուսումնասիրելով՝ արձանագրում ենք, որ այս շենքը եւ հարակից շինությունները երկար տարիներ՝ մինչեւ 2008թ․-ը, ծառայել են որպես ՊՆ վարչական համալիր։ Այն տրամադրվել է ՊԵԿ-ին․ նախ, կառավարության 2022թ․-ի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող մի քանի տասնյակ գույք, այդ թվում՝ այս շենքը, ամրացվել են պետգույքի կառավարման կոմիտեին։ Հետո՝ կառավարության 2022թ․-ի մայիսի 5-ի որոշմամբ, այն անցել է ՊԵԿ-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գեւորգ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031