Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար լեզուների դեմ բան չենք ասում, եթե չեն զբաղեցնում հայերենի տեղը․ Դավիթ Գյուրջինյան

Հունվար 25,2023 15:26

«2022թ ամենանշելի ձեռքբերումը, որ ունեցանք, «Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր» տեղեկագրի հրապարակումն է, որն ընդգրկում է 2019-2022թթ լեզվի ոլորտի նշանակալի իրադարձությունները, իրողությունները։ Այդտեղ ընդգրկված են տարբեր ոլորտներ՝ կրթություն, թվային աշխարհ, արեւմտահայերենը Հայաստանում, լեզվաքաղաքական հարաբերություններ եւ այլն»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Հավելեց, որ նպատակ ունեն ամեն տարի նման ամփոփ փաստաթուղթ հրատարակել․ «Կարծես ազգային զեկույցի նման մի բան լինի, թե ինչ լեզվական նշանակալի իրադարձություններ են եղել հայ աշխարհում»։

Ինչ վերաբերում է լեզվաքարոզչության ոլորտին, ասաց, որ հետաքրքրական գործերից մեկն էլ տարվա բառի ընտրությունն է, 2021-ին առաջին անգամ առցանց քվեարկության արդյունքում ընտրվել էր առաջնագիծ բառը։ «Այս անգամ ոմանք դժգոհեցին, քննադատեցին, թե ինչու հաղթեց գիտարբուքը, ոմանք նույնիսկ ասում էին՝ դասավորել են․․․Դա առցանց քվեարկություն էր, ինքս այդ բառին ձայն չեմ տվել, բայց ուրախացել եմ այդ լուծմամբ, որովհետեւ նոր բառ է, ինքնատիպ է եւ առնչվում է գիտությանը։ Մենք գիտության կարեւորությունը դեռ լիովին կարծես թե չենք ըմբռնում։ Գինաբուքի նմանությամբ է բառը ստեղծվել։ Պարզ է, որ բառարանային գրանցում չունի, շատ հաճախ չի գործածվել, բայց որոշակի շրջանակներում, երբ մարդիկ հավաքվել են գիտական քննարկումների, գուցե մի բաժակ էլ խմել են, օգտագործել են։ Հիմա քվեարկողների 30 տոկոսը ձայնը տվել է այդ բառին»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը։

Նա տնտեսվարողների կողմից թույլ տված խախտումերին են անդրադարձավ։ «Այս տարի փոխել ենք մոտեցումը՝ ավելի լավ է մարդկանց համոզենք, հասկացնենք, հորդորենք, որ սա Հայաստանն է, եւ պետք է հայերենը գերիշխող լինի։ Օտար լեզուների դեմ բան չենք ասում, եթե նրանք չեն զբաղեցնում հայերենի տեղը»։

Նա նշեց թե հատկապես ինչ տեսակ խախտումներ են արձանագրել․ «Հիմնականում բնակավայրերի արտաքին տեսանելի հարդարանքն է, որի վերաբերյալ քաղաքացիները միշտ բողոքում են, ասում են՝ ոնց որ Հայաստան չլինի․․․ Մեր տնտեսվարողները թյուրընկալում ունեն, որ անպայման պետք է օտար լինի անունը, գրությունն էլ օտար լինի, որ գրավի օգտվողներին։ Հայերենի պահանջն էլ ձեւական են կատարում, այդ անունները գրում են հայերեն տառերով․․․Սա անում ենք մենք մեր երկրում, սա օտարը չի անում, օտարի պարտադրանքը չէ․․․»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031