Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այն փաստը, որ քննարկումը մտավ օրակարգ Լաչինի միջանցքի շրջափակում վերնագրով, ինքնին արդեն մեծ հաջողություն է»․ Ռուբեն Ռուբինյան

Հունվար 25,2023 14:57

«Ընդհանրապես իրենք փորձում են լղոզել թեմաները տարբեր ձևերով, և սա դրսևորումներից մեկն է»,- Aravot.am-ի փաստմանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը ականապատ տարածքների հարցով քննարկում է կազմակերպել լիագումար նիստերից դուրս, սա համարել պատասխան քաղբանտարկյալների հարցով քննարկմա՞ն, քանի որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ում էլ հայելային հայցեր է ներկայացնում ՀՀ-ի դեմ, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց՝ քննարկումների այդ ձևաչափը մեծ կարևորություն չունի, այսինքն՝ ըստ նրա՝ դա ադրբեջանական պատվիրակության ուզած ազդեցությունը չի թողնի։

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտարարեց, որ Ուկրաինայում պատերազմից բացի՝ իրենց ուշադրության կենտրոնում է նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, ուստի հարցրինք՝ այս համատեքստը և Ստրասբուրգում իրենց ունեցած հանդիպումները հաշվի առնելով՝ կարելի՞ է կանխատեսել, որ առաջիկա օրերին Լաչինի միջանցքը կբացվի, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Անշնորհակալ գործ է կանխատեսում անելը։ Մենք մեր գործն ենք անում, փորձում ենք առավելագույնս ճնշումը մեծացնել՝ հուսով, որ դա, բնականաբար, արդյունքի կբերի»։

Հարցին՝ առարկայական ի՞նչ կարելի է ակնկալել Լաչինի հարցով քննարկումից, որը տեղի կունենա վաղը, մանավանդ, որ այդ քննարկումից հետո փաստաթուղթ չի ընդունվելու, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Այո, քննարկման ձևաչափի բերումով փաստաթուղթ չի նախատեսվում, ընթացակարգն այդպիսին է։ Փաստաթուղթ  նախատեսում է հրատապ քննարկման ձևաչափը, որն ուկրաինական հարցով է։ Միայն մեկ թեմայով կարող էր լինել, և դժվար կլիներ այդ քննարկման մեջ մտցնել մեր հարցը։ Բայց այլ մեխանիզմներ կան բանաձևի տանելու, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Իսկ քննարկումից ակնկալում ենք, որ բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները և բոլոր ելույթներում հստակ կարձանագրվի, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի»։

Հիշեցրինք՝ Ադրբեջանը պնդում է, որ այդ միջանցքը բաց է, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Ինչպես տեսնում եք՝ նույնիսկ այն փաստը, որ քննարկումը մտավ օրակարգ Լաչինի միջանցքի շրջափակում վերնագրով, նշանակում է, որ ԵԽԽՎ-ն կարծում է, որ կա Լաչինի միջանցքի շրջափակում։ Դա փաստաթղթավորված է։ Կարծում սա ինքնին արդեն մեծ հաջողություն է»։

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ ադրբեջանցիներն այդ՝ արդեն ընդունված փաստը փորձում են հերքել, որպեսզի քողարկեն իրենց հանցավոր քաղաքականությունը․ «Փորձում են այնպես անել, որ բոլորը չիմանան՝ միջանցքը փակ է։ Բայց դա չի հաջողվել, ինչը լավ է»։

Ռուբեն Ռուբինյանին հիշեցրինք, որ ԵԽԽՎ վերընտրված նախագահ Թինի Կոքսը ոչ մի խոսք չասաց ո′չ Լաչինի միջանցքի շրջափակման, ո′չ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ ագրեսիայի մասին, հետևաբար ինչպե՞ս է պատկերացնում նրա հետ համագործակցությունը, նա պատասխանեց․ «Շատ վատ է, որ չասաց, բայց մենք բոլոր գործընկերների հետ աշխատում ենք, որ առավել ակտիվ լինեն այս հարցով»։

Հիշեցրինք ՝ Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով քննարկում կազմակերպելու հարցով քվեարկության ժամանակ ԵԽԽՎ 13 պատգամավորներ դեմ էին և 13-ը ձեռնպահ, ուստի Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր էին նրանք, նա պատասխանեց․ «Ադրբեջանից, Թուրքիայից պատգամավորներն էին, երկու պատգամավոր Ռումինիայից, մեկը՝ Իտալիայից, մեկ իռլանդացի պատգամավոր, որը պատահաբար է դեմ քվեարկել։ Իր հետ խոսել ենք, ասաց, որ պատահաբար է դեմ քվեարկել, թեև նույնիսկ առանց խոսելու էլ էր պարզ։ 13 ձեռնպահ քվեարկողներից մի քանիսը Սերբիայից էին, մյուսները Ուկրաինայից։ Բայց դա շատ փոքր թիվ էր։ 91 պատգամավոր կողմ է քվեարկել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031