«Ալիեւը վերջին հարցազրույցում ասաց՝ հնարավոր է, որ իրենք որոշեն, թե որտեղով է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը։ Սա փաստացի ագրեսիայի քայլ է մեր սուվերեն տարածքի հանդեպ։ Մենք արդեն 140 քառակուսի կմ տարածք ենք կորցրել ՀՀ սուվերեն տարածքից։ Էջմիածնի չափով 3-4 անգամ տարածք։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը պնդում է, որ իր ուզած պահի, երբ որեւէ բան իր սրտով չլինի, կանեն այնպես, որ ՀՀ-Ադրբեջան սահմանն անցնի իր ուզած ձեւով։ Սա նշանակում է, որ իր պլաններում ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվելն է, այլեւ երկարաժամկետ հեռանկարում նույն հատվածի իրենց բարենպաստ դիրքերից հետագա առաջխաղացման համար հիմքեր ստեղծելը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Նրա խոսքով․ «Տարբեր ռազմավարական բարձունքներ գրավելու իմաստը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում պարզ է։ Ադրբեջանն առնվազն ուզում է վերահսկել ռազմավարական ճանապարհը Սիսիան-Գորիս հատվածում՝ Երեւան-Սյունիք ճանապարհը։ Սա նվազագույնն է։ Իսկ առավելագույնը՝ իրենք կորոշեն, թե սահմանը որտեղով կանցնի։ Բնականաբար որքան խորք գան, այնքան կլուծեն խնդիրը։ Այս համատեքստում բա մե՞նք ինչ ենք անում։ Երկրի ղեկավարի մակարդակով ասվում է, թե Ադրբեջանն ուզում է մեզ ցեղասպանել։ Եթե նշյալն արձանագրում ենք եւ հասկանում, որ Ադրբեջանը նման մտադրություն ունի, ապա որո՞նք են հակազդող քայլերը։ Առնվազն պետք է պայքարել եւ ցույց տալ, որ կարող ենք հաջողության հասնել։ Պետական բարձր մակարդակներում հնչում են աբսուրդային հայտարարություններ, թե մենք թույլ ենք, թե ոնց կարող ենք կռիվ տալ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ ճիշտ կառավարման դեպքում, մարդկանց համախմբելու եւ ազգային նպատակ սահմանելու պարագայում չենք կարող ինչ-որ բան անել, եթե հանկարծ թշնամու տանկերը հայտնվեն Էջմիածնում։ Այդ ո՞վ է հաշվարկել, որ դա հնարավոր չէ։ Հնարավոր է, եթե մարդիկ տեղում լինեն։ Ոչնչացնել պատրաստվող թշնամուն պետք է ատամ ցույց տալ եւ պարզ է, որ դա դժվար, ծանր է լինելու։ Իմ գնահատմամբ՝ կարող ենք հաղթահարել, մինչդեռ ղեկավարությունը հակառակն է պնդում։ Նման բան ասող իշխանությունն օր առաջ պետք է հեռանա, եւ պետք է գան նրանք, ովքեր վստահ են, որ հնարավոր է»։
Վիտալի Մանգասարյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունը՝ «միջազգային հանրությունն այսօր էլ, երեկ էլ ԼՂ-ն ընդունել է որպես Ադրբեջանի մաս»։ Փորձագետը հարցադրում արեց՝ նման պնդումից հետո մենք ուժեղացա՞նք, թե թուլացանք․ «Միջազգային հանրությունը պատերազմից հետո քանիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը լուծված չէ եւ պետք է լուծվի ընդունված սկզբունքների շրջանակում։ Փաշինյանի այս հայտարարությամբ ոչ միայն Ալիեւի բերանն ենք լեզու դնում, որ հետո մեր ճակատին տա, այլեւ վարկաբեկում ենք միջազգային հանրությանը եւ վերջինիս ստախոս «հանում»։ Մինչդեռ ինքնորոշման իրավունքը տեղ էր գտել այդ սկզբունքներում։ Պարզ չէ՞, որ նման հայտարարությունը մեզ միայն վնաս է տալիս»։
Կարդացեք նաև
Վիտալի Մանգասարյանը մեկ այլ օրինակ բերեց, որ առաջնային մանդատ կրող կառույցի՝ ԱԺ-ի իշխանական խմբակցության պատգամավորներից մեկը պնդում է հնչեցրել, թե Լաչինը պատմական ադրբեջանական տարածք է․ «Հասկանո՞ւմ ենք «պատմական» բառի հետեւանքը։ Սրանով սերունդներին ժառանգություն ենք թողում։ Վաղը մյուս օրը, երբ իշխանություն փոխվի եւ ելույթ ունենա միջազգային ամբիոնից, Ադրբեջանն այդ հայտարարություններով թղթերը շպրտելու է մեր դեմքին»։
Վիտալի Մանգասարյանը իշխանական պատգամավորների խոսքերից մեկ այլ օրինակ էլ բերեց՝ «ՀՀ-ն նույնիսկ իրեն չի կարող պաշտպանել, Արցախն ինչպե՞ս պաշտպանի», ե հարցադրում արեց՝ բա ո՞վ է ՀՀ-ի անվտանգության համար պատասխանատու, եթե ոչ ՀՀ իշխանությունը․ «Եթե վերջինս չի կարողանում այդ խնդիրը լուծել, ինչո՞ւ է մնում պաշտոնի»։
Վիտալի Մանգասարյանը մեջբերեց ՔՊ-ական պատգամավորներից եւս մեկ պնդում, թե Թուրքիան երբեք չի սպառնացել ՀՀ-ին․ «Չենք կարդացե՞լ թուրքական կողմի վերջին հայտարարությունները կամ Չավուշօղլուի ասածը, որ շատ լավ պահ է, որ Թուրքիան հայերի հանդեպ իրականացնի այն, ինչ պլանավորել է։ Կամ, չեք տեսե՞լ Թուրքիայի իշխանության հայտարարությունները պատերազմի ժամանակ, երբ ասում էին, թե Թուրքիան ինչ ներգրավվածություն ունի պատերազմում։ Իշխանությունը չի ասե՞լ, որ պատերազմի ժամանակ F 16 կործանիչներն աշխատում եւ գործողություններ էին անում Արցախի ՊԲ-ի դեմ։ Բա վնասն ինչպե՞ս է լինում։ Էլ ի՞նչ պետք է ասեն, որ հասկանանք, որ մեզ վնասում են։ Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որպեսզի հասկանանք, թե այս ամենը կատակ չէ։ Տրամաբանություն գտնելը դժվար է։ Կամ, ռազմական գաղտնիք պարունակող ականապատ դաշտերի քարտեզները տվեցին Ադրբեջանին՝ անունը դնելով «բարի կամքի դրսեւորում»։ Սրանով մեր պաշտպանական հնարավորություններն ավելացրի՞նք, թե հակառակը։ Ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններին թշնամին չպետք է տիրապետի։ Բայց փաստացի նման տեղեկությունը տվեցինք Ադրբեջանին։ Ի՞նչ շահեցինք դրանից։ Կարո՞ղ է վաղն էլ ասեն, որ գլխավոր շտաբի անձնակազմի մասին տեղեկատվությունը ցուցակով տվել են Ադրբեջանին՝ անունը դնելով «բարի կամքի դրսեւորում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ