Ermenihaber–ը Լաչինի միջանցքի թեմայով զրուցել է Թուրքիայում ծնված, բայց այժմ Գերմանիայում ապրող թուրք ակտիվիստ, իրավապաշտպան, մանկավարժ Սելայ Էրթեմի հետ։
Նա, ի դեպ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած լուսահոգի Ալի Էրթեմի այրին է։
Սելայ Էրթեմը ծնվել է Բայբուրթ (պատմ. Բաբերդ) նահանգում։ Ծնողները աշխատանքի նպատակով տեղափոխվել են Գերմանիա, որտեղ էլ Էրթեմը մեծացել է։ Ստացել է մանկավարժի կրթություն և աշխատել իր մասնագիտությամբ։ Այժմ ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։
Լաչինի միջանցքի փակման բնապահպանական պատճառաբանությունը Սելայ Էրթեմը կեղծ և շինծու է համարում։
«2022թ. դեկտեմբերի 12-ից սկիզբ առած Լաչինի միջանցքի շրջափակումը և ադրբեջանական շահերից ելնելով ճանապարհի արգելափակումը մի իրավիճակ է, որը պիտի ամոթալի լինի ողջ մարդկության համար։ Ինչպիսի՜ կեղծավորություն է փորձել կոծկել այս կեղտոտ խաղերը, որոնք բնապահպանության և միջավայրի պահպանության կեղծ քողի ներքո ըստ էության թիրախավորում են հայ ժողովրդին»։
Կարդացեք նաև
Տիկին Էրթեմի կարծիքով՝ Լաչինի միջանցքի փակումը Արցախը հայաթափելու ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում։ Միևնույն ժամանակ հիշեցնում է հետևյալը. «Ղարաբաղի բնիկ ժողովուրդը՝ արցախահայությունը, այս հողերը չլքեց նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ խիզախորեն պայքարելու որոշում կայացնելով»։
Անդրադառնալով Ադրբեջանին ուղղված Թուրքիայի լիակատար աջակցությանը ՝ թուրք իրավապաշտպանը շեշտում է, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պարիսպ ձգվող թուրանական երազանքի իրականացումը և այդ ճանապարհին «Հայաստանի արգելքը հաղթահարելը» միշտ էլ Թուրքիայի օրակարգում են եղել։
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի զավթողական և նվաճողական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությունը»։
Գևորգ ԿԱԼԼՈՇՅԱՆ