Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ այլ տեղերից ենք իմանում, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ, խորանում է անվստահությունը»

Հունվար 25,2023 13:34

«40 օրից ավելի Արցախում հումանիտար ճգնաժամ է, որն ամեն օր բարդանում է։ Թշնամին պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Էլեկտրաէներգիայի լուրջ խնդիր կա, քանի որ Ադրբեջանի կողմից վնասված եւ դեռեւս վերականգնված չէ Բերձորով անցնող էլեկտրագիծը։ Արցախը մնացել է Սարսանգի վրա աշխատող միակ ՀԷԿ-ի հույսին»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի մեկնաբան Վիտալի Մանգասարյանը։

Արցախի իշխանություններին անդրադառնալով՝ նա նշեց, որ այս ծայրահեղ վիճակում կարեւոր է հանրության վստահության մեծացումը եւ ոչ հակառակը․ «Տեղեկություններ են շրջանառվում, որ, օրինակ, Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի հետ։ Եվ դա սկզբից իմանում ենք 3-4 այլ կողմերից, իսկ հետո լինում է դրա հաստատումը։ Նման վերաբերմունքն ավելի է խորացնում անվստահության մթնոլորտը, ինչը վատ հետեւանքների կարող է հանգեցնել։ Իշխանությունն այստեղ մեծ անելիք ունի։ Մյուս կողմից հստակ է Արցախի իշխանության ուղերձը, որ ՀՀ իշխանությունն իրենցից ձեռքերը լվացել է, որ իրենք են իրենց գլխի ճարը տեսնելու»։

Վիտալի Մանգասարյանի խոսքով՝ միաժամանակ քաղաքական-հասարակական խմբերը հայտարարում են, որ ամեն ինչով աջակցում են Արցախի քաղաքականությանն առ այն, որ ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանի կազմում լինելը բացառվի․ «Իմ կարծիքով այդ խմբերը տեղյակ չեն, թե կոնկրետ ինչ անելիքներ կան։ Մասնավորապես, կոնկրետ ու կազմակերպված աշխատանք չկա, ինչը մեծ խնդիր է առաջացնելու։ Մենք չգիտենք այստեղ ինչո՞վ օգնենք։ Ավելի շատ ինքնակազմակերպվում ենք, քան տեղեկանում, թե ինչ խնդիրների շուրջ պետք է գործել։ Իրավիճակը ծանր է եւ բարդ, բայց այս աշխատանքի համակարգումը պետք է անի Արցախի իշխանությունը»։

Մանգասարյանի գնահատմամբ՝ որքան էլ ՀՀ իշխանությունը հայտարարի, որ ոչնչով չի կարող օգնել Արցախին եւ որ Արցախի իշխանությունը պետք է լուծումներ գտնի, հասարակության զգալի մասը պատրաստ է ամեն ինչով օգնել Արցախին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031