Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու է ԲՈԿ նախագահը հրաժարականի դիմում գրել

Հունվար 25,2023 13:20

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: Aravot.am-ը փորձեց կապվել նրա հետ: ԲՈԿ-ից հաստատեցին Armlur.am–ի հրապարակած լուրը, նաեւ տեղեկացրին, որ Քեռյանն այս պահին զբաղված է եւ հարցերի չի պատասխանում, սակայն ավելի ուշ կկապվի մեզ հետ։

Դեռ երեկ թեմային առնչվող գրավոր հարցում էինք ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, թեեւ բանավոր հարցման իրավունք ունենք, սակայն նախարարի անունով հարցումը գրավոր են պահանջել։ ԿԳՄՍ նախարարությունից ի թիվս այլնի, մասնավորապես հետաքրքրվել էինք՝ ճի՞շտ է, որ Գիտության կոմիտեի, ԲՈԿ-ի, ԿԳՄՍ նախարարության բուհերի վարչության միավորման արդյունքում ստեղծվում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, եւ ճի՞շտ է, որ այդ որոշումն արդեն շրջանառվել է՝ առանց քննարկելու ԳԱԱ-ի, բուհերի ու այլ շահագրգիռ կողմերի հետ։

Նաեւ ԿԳՄՍ նախարարությունից հարցրել էինք՝ արդյոք այդ կոմիտեի ստեղծմամբ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է իր վրայից գցել բուհերի միավորման, եւ այլ կնճռոտ հարցերի պատասխանատվությունը ու այն դնել նորաստեղծ կոմիտեի ղեկավարի վրա, հատկապես որ Բրյուսովի անվան համալսարանի ու մանկավարժականի միավորման վերաբերյալ որոշումը մեծ աղմուկ է հանել։ Այնպես որ, Կարեն Քեռյանի հրաժարականը կարելի է դիտարկել այս համատեքստում։

ArmLur.am-ը տեղեկացել է, որ Կարեն Քեռյանը մինչ ազատման դիմում գրելը՝ շատ լուրջ խոսակցություն է ունեցել նախարարության վերնախավի հետ, ինչից հետո հրաժարականի դիմումում շատ վրդովված գրել է, որ իր համար ընդունելի չէ նախարար Ժաննա Անդրեասյանի նոր գործելաոճը:

ArmLur.am-ը կապ հաստատել Կարեն Քեռյանի հետ, որն ընդգծել է, որ այն քաղաքականությունը, որ վարում է այս պահին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ իր համար անընդունելի է:

Հարցին, թե խնդիրը կոնկրետ Ժաննա Անդրեասյանի հետ է կապված. թե ոչ, նա պատասխանել է.«Խնդիրը անձերով պայմանավորված չէ, խնդիրը նրանում է, թե ինչ գործողություններ են տեղի ունենում ու ինչ միջավայրում է տեղի ունենում, չնայած, որ ի վերջո գալիս է անձերի, բայց ով էլ որ լիներ այդ իրավիճակում, միեւնույնն է, եթե նույն բանը արված լիներ իմ հանդեպ, ես նույն էի անելու»:

Քեռյանի խոսքով՝ նախարարությունը որոշում է կայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեն եւ Գիտության կոմիտեն միացնելով ստեղծել նոր կառույց, որը կկոչվի Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, եւ սա է եղել այն հիմնական պատճառը, որի համար նա ազատման դիմում է գրել:

«Այսինքն` առանց իմ իմացության քննարկվել եւ մշակվել է նախագիծ, այն դեպքում, երբ կառույցներից մեկի ղեկավարն ընդհանրապես տեղյակ չէ, դա ինձ համար անընդունելի է»,- վրդովված հայտնել է նա:

Ի դեպ, ԲՈԿ-ից ասացին, որ չի բացառվում Քեռյանն ասուլիս հրավիրի եւ պատասխանի լրատվամիջոցների հարցերին։ ԿԳՄՍ նախարարության լրատվականից էլ Aravot.am-ին փոխանցեցին հետեւյալը․ «Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սահմանված կարգով ներկայացվել է վարչապետի աշխատակազմ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031