Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն առավելապես հավասարակշռում էր ուժերը տարածաշրջանում եւ կարողանում ազդեցություն գործել կողմերի վրա, այլեւ ուժերի հավասարակշռման բնական գործոն էր դարձել արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, իսկ այսօր արդեն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում:
Ուկրաինական հակամարտության հետեւանքով Մինսկի խմբի անդամ պետությունները հայտնվել են տարբեր բեւեռներում եւ գրեթե չեն շփվում, սակայն քանի որ նրանց ներկայությունը տարածաշրջանում արդեն բնական պահանջ է դարձել, շարունակում են իրենց առաքելությունն առանձին-առանձին, բայց՝ նույն նպատակի համար: Այսօր ՌԴ խաղաղապահ զորակազմը խաղաղություն ու կայունություն է ապահովում Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում, իսկ ԵՄ նոր դիտորդական առաքելության նպատակն է զսպել ադրբեջանական ագրեսիան ու սադրանքների փորձերն արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում:
Պետք է արձանագրել, որ ԵՄ նախկին քաղաքացիական առաքելության երկամսյա ներկայությունն էականորեն զսպեց Ադրբեջանի՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր սադրանքների դիմելու ցանկությունները: Պատկերի ամբողջականության համար պետք է արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային գործընթացներում մեծացավ նաեւ Իրանի՝ տարածաշրջանում անմիջական շահ ունեցող ուժային կենտրոնի դերակատարությունը, բայց տարածաշրջանում գտնվելը թույլ չի տալիս վերջինիս անմիջականորն ներգրավվել կարգավորման՝ արդյունավետ փորձ ունեցող Մինսկի խմբի ձեւաչափում եւ նրա գործողությունների տրամաբանության շրջանակներում:
Բոլոր դեպքերում Իրանը շարունակում է ուժեղ գործոն մնալ տարածաշրջանում կայունության պահպանման հարցում: ԵՄ-ի դիտորդական նոր առաքելության ուղարկմամբ հայտ է ներկայացվում ոչ միայն խաղաղարար դիտորդի, այլեւ կարգավորման բանակցային միջնորդ կողմի գործառույթների համար: ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ դիտորդական առաքելությամբ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է մեկնարկում: Տարածված հայտարարության մեջ շեշտվում է, որ առաքելությունը նաեւ կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ընթացող կարգավորման բանակցային գործընթացին:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում