Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Այս առաքելությունն ունի թե՛ էական կողմեր, թե՛ ռիսկեր․ ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում կանհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանին»․ «Հրապարակ»

Հունվար 25,2023 10:59

Նախօրեին պաշտոնապես հաստատվեց, որ Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել` անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ առաքելության նպատակն է՝ աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ամրապնդմանը եւ ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը չի կարծում, թե նախորդ առաքելությունն անպտուղ է եղել։ «Մենք չունենք ո՛չ դրական, ո՛չ բացասական արդյունք: Սա այն դեպքն է, երբ գնահատման հարց է՝ հնարավորությունների բացակայությունը լա՞վ է, թե՞ վատ։ Այսինքն, մի կողմից՝ նոր հարձակում չի եղել, մյուս կողմից՝ վիճակը չի բարելավվել, այս դիրքերից է պետք նայել, եւ միանշանակ հնարավոր չէ ասել` լա՞վ է, թե՞ վատ, որ նոր խումբ է գալիս»,- ասում է նա՝ հստակեցնելով, որ խոսքը ոչ թե հրադադարի խախտման, այլ լայնամասշտաբ հարձակման բացակայության մասին է։ Քաղաքագետը կարծում է նաեւ, որ միատարր չեն Արեւմուտքի մաս կազմող պետությունների շահերն ու հետաքրքրությունները մեր տարածաշրջանում․ «Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են մինչեւ վերջ իրենց խաղը խաղալ եւ դա անելու են որոշ դեպքերում հավաքական Արեւմուտքի կամ ՆԱՏՕ-ի օժանդակությամբ, որոշ դեպքերում՝ ոչ․ հենց այստեղ եմ տեսնում հիմնական վտանգը։ Իհարկե, գլխավորը Հայաստանի անվտանգության ներքին ռեսուրսների ամրապնդումն է, շատ լավ է ունենալ միջազգային երաշխիքներ, բայց պետք է հասկանալ, որ այդ երաշխիքները հենց այնպես չեն տրվում, տվողը միշտ իր շահերն է հետապնդում եւ տալու դիմաց միշտ ինչ-որ բան պահանջելու է»։

Զոլյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից ռիսկերը հաշվարկված չեն, բայց, մյուս կողմից, հնարավոր չէ պնդել, որ այս քայլից հետո հետեւանքները բացասական կլինեն․ «Եվրոպան մինչեւ վերջերս անտարբեր էր այս տարածաշրջանի հանդեպ, եւ հիմա ակնհայտ է, որ ամեն ինչ ուզում է անել, որ չեզոքացնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Ինչպե՞ս կընթանան զարգացումները, հնարավոր կլինի՞ համադրել երկու կենտրոնների շահերը, դժվար է ասել։  Բնականաբար, տարբերություն կա Բրիտանիայի շահերի եւ Կենտրոնական Եվրոպայի շահերի միջեւ, Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից, նրանց համար կարեւոր է ՌԴ դերի նվազումը, բայց դժվար հետամուտ լինեն մինչեւ վերջ։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող մյուսների փոխարեն հասկանալ իրենց շահերը, այստեղ ՌԴ-ն էլ, անշուշտ, պետք է իր դիրքերն ամրապնդի, մի խոսքով՝ այս առաքելությունն ունի թե՛ էական կողմեր, թե՛ ռիսկեր: ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում կանհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանին»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031