Հետազոտություններով պարզվել է, որ մոտավորապես 10-ից մեկի մոտ կյանքի ընթացքում երիկամային քարեր են առաջանում։
Երիկամային քարերը հանքանյութերի և աղերի կուտակումներ են, որոնք առաջանում են երիկամներում և օրգանիզմից հեռանում են մեզի հոսքի հետ։ Դրանք տարբերվում են իրենց ձևով ու չափսերով։ Լինելով անկանոն տեսքով կարծր բյուրեղներ՝ կազմված են տարբեր միացություններից՝ կալցիումի օքսալատ, ցիստեին, միզաթթու և այլն։
Երիկամների քարերի մեծ մասը չեն քայքայվում, 5 տոկոսը կազմված են միզաթթվից, որոնք լուծվում են մեզի հիմնայնացման ճանապարհով։ Ալկալիզատորները կարող են չեզոքացնել միզաթթուն, ինչի շնորհիվ միզաթթվի բյուրեղները լուծելի են դառնում։ Ստրուվիտային քարերի դեպքում հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների կարիք է առաջանում, որոնք նվազեցնում են մեզի մեջ ամոնիակի մակարդակը։ Սակայն չկան դեղամիջոցներ, որոնք կարող են քայքայել խոշոր քարերը։
Կարդացեք նաև
Երբ քարը մեծ է և բավականաչափ ախտանշաններ է առաջացնում, հիվանդները պետք է այցելեն ուրոլոգին՝ հնարավորինս արդյունավետ բուժման համար: Վիրաբուժական միջամտությունը նույնպես խնդրի լուծման տարբերակ կարող է լինել։ Ախտորոշումը կատարվում է՝ հիմնվելով հիվանդության պատմության և ախտանշանների վրա՝ ելնելով մեզի, արյան անալիզի, պատկերային հետազոտությունների (ռենտգեն, ՀՏ) և այլ տվյալներից։
Երիկամներում քարերի ձևավորման ռիսկի գործոններն են՝
- Տարիքը (30-40 տարեկան մարդիկ ավելի հակված են երիկամաքարային հիվանդությունների),
- ընտանեկան պատմությունը,
- ջրի օգտագործման անբավարար քանակությունը,
- մսով, ձկնեղենով, հատիկավորներով հարուստ աղի սննդակարգը,
- միզուղիների հետ կապված խնդիրները,
- հիպերկալցիուրիա (կալցիումի մեծ քանակը մեզի մեջ),
- որոշ դեղամիջոցներ՝ ցիպրոֆլոքսացին, ցեֆտրիաքսոն, միզամուղները և այլն։
Բժշկական խնդիրները նույնպես ռիսկի գործոն են՝
- շաքարային դիաբետ,
- զարկերակային բարձր ճնշում,
- ճարպակալում,
- երիկամների կիստաներ,
- գրգռված աղու համախտանիշ,
- հիպերպարաթիրեոզ,
- հոդատապ,
- մուկովիսցիդոզ և այլն։
Որո՞նք են երիկամներում քարերի առկայության մասին հուշող ախտանշանները
Շատերի երիկամներում կան քարեր, սակայն դրանք որևէ ախտանշանով չեն դրսևորվում։ Ախտանշաններն առաջանում են, երբ քարերը մեծանում են կամ խցանվում միզուղիներում․
- Ցավ կողքի շրջանում, որը ճառագայթվում է կողքից դեպի աճուկը կամ ազդրի ներքին հատվածը,
- սրտխառնոց,
- փսխում,
- արյունամիզություն (հեմատուրիա),
- պղտոր կամ տհաճ հոտով մեզ,
- հաճախամիզություն
- ջերմություն
Ինչպես արագացնել երիկամներից քարերի դուրսբերումը
Իրականում կախված է քարի չափսից․ դրանք կարող են դուրս գալ 1-3 շաբաթում, կարող են և մնալ երիկամներում կամ միզուղիներում՝ բազմաթիվ անհարմարություններ առաջացնելով։
Նոր քարերի ձևավորումը կանխելու և եղածների չափսերը փոքրացնելու համար դուք կարող եք հետևյալ քայլերը կատարել՝
- Առաջին հերթին բավականաչափ ջուր խմել,
- սահմանափակել կալցիումի ընդունումը,
- նվազեցնել սպիտակուցի սպառումը,
- նվազեցնել աղի օգտագործումը,
- ցիտրուսային մրգեր ուտել։
Երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող ամենապարզ միջոցներից մեկը շատ ջուր խմելն է: Կան մի քանի այլ միջոցներ, որոնք կարող են փոքրացնել երիկամների քարերի որոշ տեսակներ։ Իհարկե, այդ միջոցները գործուն են ոչ բոլորի դեպքում։
Կիտրոնի հյութ, ձիթայուղ և ջուր
Որոշ պացիենտներ նշել են կիտրոնի հյութի և ձիթայուղի օգտագործման արդյունավետության մասին։
Այս մեթոդի կողմնակիցները խորհուրդ են տալիս առաջին ախտանշանները սկսվելուն պես մեկ քառորդ բաժակ ձիթայուղը խառնել հավասար քանակությամբ կիտրոնի հյութի հետ և խմել այն, այնուհետև մեկ բաժակ ջուր խմել։ Օգտագործել այդ միջոցն օրը երկու անգամ՝ երկրորդ անգամ խմելով խառնուրդը երեկոյան ժամերին։
Կիտրոնի հյութը (վիտամին С-ն և թթուն) օգնում է քայքայել երիկամների քարերը։
Խնձորի քացախ և ջուր
Խնձորի քացախը, ինչպես և կիտրոնաթթուն քայքայում է երկամների քարերը, ինչի շնորհիվ դրանք ավելի հեշտ են դուրս գալիս օրգանիզմից։ Խնձորի քացախը նաև կանխարգելում է երիկամներում քարերի առաջացումը՝ հիմնայնացնելով արյունն ու մեզը և նպաստելով օրգանիզմում աղաթթվի արտադրմանը։
Այս մեթոդի կողմնակիցները խորհուրդ են տալիս 200-250 գրամ ջրին խառնել 2 ճաշի գդալ քացախ և օրվա ընթացքում մի քանի անգամ խմել այն, հատկապես՝ ուտելուց առաջ։
Ռեհանի հյութ և ջուր
Ռեհանի կազմում առկա քացախաթթուն օգնում է երիկամների քարերի քայքայման հարցում և նվազեցնում է ցավերը։ Խորհուրդ է տրվում օրական 1 թեյի գդալ ռեհանի հյութահանուկ կամ 1 բաժակ ռեհանի հյութ խմել՝ երիկամների քարերի առաջացումը կանխելու համար։
Ծնեբեկ
Գոլորշու վրա պատրաստված ծնեբեկն օրգանիզմի վրա թեթև միզամուղ ազդեցություն է գործում՝ օգնելով դուրս բերել քարերն օրգանիզմից։ Որոշ պացիենտների օգնում է նաև նեխուրի, վարունգի և ձմերուկի օգտագործումը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Որոշ տեղեկությունները՝ հետևյալ աղբյուրից