Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենաթանկ կարմիր բազուկը, որ կորցրել էր արցախցի փոքրիկը

Հունվար 25,2023 14:00

Արցախում երազելը հեշտ է, ապրելն է դժվար: Ասում են՝ դիմանանք, ասում եմ՝ ինչքա՞ն։ Պատասխան չկա: Վեց ամիս է՝ Հայաստանում եմ, մտքերս՝ այնտեղ: Իմ սիրելի Երեւանի փողոցները սկսել էին խեղդել ինձ, կենցաղը, կրկնվող առօրյան, հուզական ոչ կայույն վիճակս։ Որոշեցի վերադառնալ Արցախ, որպեսզի հանգստանամ, ընտանիքիս ու ընկերներիս կարոտն առնեմ, վերհիշեմ ինքս ինձ, իմ անկոտրում տեսակը։ Չկարողացա։ Դեկտեմբերի 12-ին շրջափակվեց Արցախը: Հետաքրքիր է՝ որքա՞ն են փակի տակ պահելու։ Մտածում եմ՝ ռուսները 120 հազար ուկրաինացու շրջափակեին, աշխարհն աղմուկ կհաներ։ Մտածում եմ՝ արցախցիների կյանքն անկարեւոր է, որ աշխարհը խլացել է։

Ամեն անգամ, երբ խոսում եմ 5 տարեկան քույրիկիս հետ, ասում է՝ վաղն արի էլի, ուզո՞ւմ ես ես գամ։ Մի կերպ զսպում եմ արցունքներս ու անտանելի կարոտս։

Ամեն օր տեսակապով խոսում եմ տանեցիների հետ։ Մի օր էլ զրույցի ժամանակ մանդարին էի մաքրում, որպեսզի ուտեի։ Քույրիկներս ասացին՝ վա՜խ, մենք էլ ենք ուզում։ Չկարողացա ուտել, կոկորդովս չէր անցնի, երբ 120 հազար արցախցի սննդի կարիք ունի։

Ախր էլ ինչերի՞ միջով պետք է անցնենք, որ ուղղակի ապրենք։

Վերջերս Սփյուռքի հայ համայնքի մարդասիրական օգնությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բաժանել էին Արցախի 1-4 րդ դասարանի երեխաներին։ Դրանք նվերներ չէին։ Բանջարեղեն էր։ Դպրոցի ուսուցիչը դասարան է մտել ու նկատել, որ վերջին նստարանին մի կարմիր բազուկ է դրված։ Հետո արագ հասկացել է՝ հավանաբար աշակերտներից մեկի բանջարեղենի կապոցից պատահական ընկել է։ Ու որեւէ մեկի մտքով չի անցել «սեփականացնել» ուրիշի բաժին այդ թանկ բազուկը։ Այդպես թողել էին սեղանին, որպեսզի հաջորդ օրը  երեխան գա, վերցնի։

Այդ աշակերտներն ուրախացել էին, ոսկուց էլ թանկ բանջարեղեն էին տուն տանելու, բայց նրանցից մեկը հաստատ կտխրի, որ աշխարհի ամենահամեղ իր բաժին բազուկը կորցրել է:

Մենք դիմացկուն ենք, 80-90-ականներին էլ այդպես է եղել՝ դիմացել ենք։ Բայց չէ, այն ժամանակ  մենք չունեինք այն հնարավորությունները, որոնք հիմա կան։ Հետեւաբար՝ ինչո՞ւ ենք թողնում, որ պատմությունը կրկնվի:

Չեմ ուզում ասել՝ ուժեղ մնացեք, պինդ մնացեք, որովհետեւ գիտեմ՝ ուժեղ են, համբերատար են։ Սա էլ մի փորձություն է, որը հույս ունենք, կկարողանանք հաղթահարել, եւ ապրել ազատ անկախ Արցախում:

Անի ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի

ֆակուլտետ, 1-ին կուրս

«Առավոտ» օրաթերթ
24.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031