Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասականը բոլորի համար»

Հունվար 25,2023 12:30

կամ Հանրային ռադիոն՝ համերգասրահ

1926թ. սեպտեմբերի 1-ին առաջին հեռարձակումը սփռած ռադիոյի աշխատակիցների մտքով անգամ չէր կարող անցնել, որ մոտ մեկ դար անց միջազգային մակարդակով պաշտոնական ընդունելությունների եւ կարեւոր բանակցությունների վայր հանդիսացող պատմական այս շենքում կարող է գործել բառի իսկական իմաստով համերգասրահ՝ դասական երաժշտությունը նախընտրողների համար։ Այն, ինչի ականատեսը եղանք հունվարի 21-ին ռազմավարական օբյեկտ հանդիսացող Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում, վեր էր ոչ միայն մեր պատկերացումներից։ Այդ օրը ներկա եղանք «Դասականը բոլորի համար» նախագծի առաջին միջոցառմանը, որն անցկացվեց համերգ-զրույցի ձեւաչափով։

Մինչ կսկսվեր երաժշտական երեկոն, «Առավոտը» զրույցի հրավիրեց  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Բարխուդարյանին։ «Րոպեներ անց ականատեսը կլինեք ամիսը մեկ անգամ հեռարձակվող այս նախագծի, որի մեկնարկը կտրվի հարցուպատասխանի միջոցով։ Կքննարկվեն կատարվող ստեղծագործությունները, կներկայացվեն դրանց մասին հետաքրքիր փաստեր, նաեւ երաժիշտների ստեղծագործական ուղին եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը։ Կայացած համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի Կլարնետի, ջութակի եւ դաշնամուրի համար գրված տրիոն եւ Առնո Բաբաջանյանի Դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար գրված ստեղծագործությունը։ Ինչպես նշեց նախագծի ղեկավարը, ծրագրի ընտրությունը պատահական չէր. հունվարի 21-ը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է՝ լրացավ կոմպոզիտորի 100-ամյակը, իսկ 2023թ. ոչ միայն հայերս, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհը կնշի Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Իսկապես երկու սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները զարդարեցին համերգային ծրագիրը եւ եւս մեկ անգամ թույլ տվեցին հանդիսատեսին, ինչ խոսք՝ նաեւ երաժիշտներին, վայելել հայ մեծերի թողած ժառանգության այս գլուխգործոցները։ Դրանք բարձրարվեստ ներկայացրին ինչպես ճանաչված ջութակահար Անուշ Նիկողոսյանը, այնպես էլ նոր-նոր հանդիսատեսի դատին ներկայացող երաժիշտներ՝ թավջութակահար Դավիդ Եժովը, կլարնետահար Ալեքսանդր Վասիլեւը եւ դաշնակահար Սոնա Բարսեղյանը։

Հանրային ռադիոյի հետ այս աննախադեպ համագործակցության շնորհիվ հանդիսատեսը (շուրջ 70) հնարավորություն ունեցավ նաեւ ունկնդրել ոչ միայն այս տպավորիչ ծրագիրը, այլեւ համերգի ավարտին հյուրասիրության ընթացքում զրուցել երաժիշտների հետ։ Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ Անահիտ Բարխուդարյանը հավաստիացրեց, որ կայացած միջոցառումը ռադիոյով եթեր կսփռվի օրեր անց։ Մեր զրուցակիցը՝ մասնագիտությամբ դաշնակահար, կարծիք հայտնեց, որ երաժշտության ժամանակակից միտումների զարգացման պայմաններում դասական երաժշտությունը ոչ միայն չի կորցրել իր ժողովրդականությունը, այլեւ ընդլայնել է երկրպագուների շրջանակը։ «Դատելով մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներից, կարող ենք փաստել, որ դասական երաժշտություն լսում են հասարակության տարբեր շերտերի պատկանող տարբեր տարիքային խմբերի մարդիկ։ Ի դեպ, դասական երաժշտությունն անսամբլների եւ նվագախմբերի կատարմամբ, երբեմն էլ ձայնագրված, դառնում է տարբեր իրադարձությունների հաճախակի զարդարանք։ Թեեւ նման տարբերությունը զգացվում է ամենուր, բայց դասական երաժշտության հետ կապված է, որ կենդանի կատարումը ամենագեղեցիկն է, որը կարող է հասնել յուրաքանչյուր մարդու զգացմունքներին։ Դասական երաժշտության զարգացումը, որ գալիս է դարերից, տեղի է ունենում արագ եւ սրընթաց եւ որ հետաքրքիր է՝ այն ակտիվորեն հարմարվում է ժամանակակից կենսապայմաններին։ Ասածիս օրինակը Բախի, Բեթհովենի, Մալերի, Մոցարտի եւ մյուս հանճարների ստեղծագործություններն են, որոնք այսօր էլ ոչ միայն չեն կորցրել իրենց արդիականությունը, այլեւ պահանջված են։ Հենց այդ աշխատանքները, այդ թվում՝ անշուշտ մեր դասականների եւս, շարունակում են հուզել մարդկանց հոգիները, նրանց մեջ բացահայտելով գեղեցկության հանդեպ կիրքը»,- վստահեցրեց Անահիտ Բարխուդարյանը։ Առանց մանրամասնելու էլ հայտնեց, որ նախագիծը նախատեսվում է ներկայացնել Հայաստանի մարզերում եւս։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031