Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: ՀՀ կառավարության ներկայացուցիչն այս գործով եղել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռ. Խաչատրյանը: Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։ Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում` Հայաստանի եւ Ռուսաստանի իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանման նպատակով: Նախատեսվում էր՝ ՀՀ պետական ու ծառայողական գաղտնիք եւ (կամ) ՌԴ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող տեղեկատվության փոխանակման կարգը, պայմանները եւ պաշտպանության միջոցները Համաձայնագրի գործողության ընթացքում եւ դրա գործողության ավարտից հետո սահմանվում են «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» 2002թ. նոյեմբերի 5-ի համաձայնագրով: Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանում էին ՀՀ սահմանադրությանը, մասնավորապես, Հայաստանը պարտավորվել էր Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունն իրականացնել այնպես, որ նշված համագործակցությունը նպաստի սոցիալական եւ տնտեսական զարգացմանը, համատեղելի լինի միջազգային խաղաղության, անվտանգության ու կայունության պահպանման խնդիրների հետ եւ համապատասխանի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության եւ ռուսական կողմի տեղեկատվական ռեսուրսներին չմիջամտելու սկզբունքներին:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3 մասի համաձայն. «Ունենալով ՀՀ տեղեկատվական ռեսուրսները ոչ օրինաչափ օգտագործումից եւ չարտոնված միջամտությունից, այդ թվում՝ դրանց վրա համակարգչային հարձակումներից պաշտպանելու հավասար իրավունքներ՝ չիրականացնել ռուսական կողմի նկատմամբ նման գործողություններ եւ աջակցություն ցուցաբերել ռուսական կողմին նշված իրավունքների իրականացման գործում, ջանքեր գործադրել, որ ՀՀ տեղեկատվական ենթակառուցվածքը եւ ռեսուրսները որեւէ երրորդ կողմ չօգտագործի ռուսական կողմին վնաս հասցնելու համար»:
Հայկական կողմը պարտավորվել է համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 օրվա ընթացքում, դիվանագիտական ուղիներով ռուսական կողմի հետ փոխանակել համաձայնագրի իրագործման համար պատասխանատու՝ ՀՀ իրավասու մարմինների տվյալները:
Միջպետական փաստաթղթում խոսք կա նաեւ անձնական տվյալների պաշտպանության մասին, սահմանվել է. «Անձնական տվյալները չփոխանցել երրորդ անձանց եւ կողմերին, կամ՝ հրապարակել առանց նշված անձնական տվյալները տրամադրած ռուսական կողմի գրավոր համաձայնության»: ՍԴ որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից՝ հունվարի 17-ից:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.01.2023