Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջերս առնչվել եմ մի քանի դեպքերի, երբ արվեստի օջախների ղեկավարման մրցույթներում ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետն ավարտած թեկնածուներն ինչ-ինչ պատճառներով զիջեցին ոչ մասնագիտական կրթություն ստացած անձանց և հնարավորություն չստացան ղեկավարել տվյալ կառույցը։ Կարծում եմ՝ մշակութային տարբեր կազմակերպությունների տնօրենների թափուր հաստիքների մասին հայտարարվող մրցույթներում պետք է առաջնահերթություն տալ հենց այդ ոլորտում բարձրագույն կրթություն ստացած մասնագետներին, պրոֆեսիոնալ կառավարիչներին։ Այլապես ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետի գոյությունը, որը սոցիալ-մշակութային կառավարման ոլորտում տալիս է պրոֆեսիոնալ կրթություն, գրեթե անիմաստ է դառնում։ Երիտասարդները ուսումնասիրում են մասնագիտությանը համապատասխան տարբեր ճյուղեր՝ շուկայագիտություն, մենեջմենթ, ռիսկերի գնահատում և կառավարում, PR, հեղինակային իրավունք, ձեռք բերում տեսական և գործնական հմտություններ։ Սակայն, արդյունքում, այդ մարդիկ մրցույթներում հայտնվում են հավասար հարթության մեջ այն մարդկանց հետ, որոնք ամբողջովին այլ կրթություն ունեն և որևէ կապ չունեն արվեստի կառավարման հետ։
Եթե մենք չվերանայենք մեր վերաբերմունքը և պետական մշակութային կազմակերպությունների ղեկավարների մրցույթների հայտագրման փուլում առաջնահերթություն չտանք հենց այդ բաժինն ավարտած մասնագետներին, ստիպված կլինենք տվյալ օջախների կառավարման պաշտոններում տեսնել մարդկանց, որոնք որևէ աղերս չունեն արվեստի և նմանատիպ կառույցների հետ։ Ի դեպ, «Արվեստի պատմության տեսության և կառավարման ֆակուլտետն» արդեն գործում է 2011 թվականից և շրջանավարտների մի մասը բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում՝ անհատական նախագծերից մինչև աշխատանք կամ տարբեր հեռուստաընկերություններում, շատ քիչ մասը՝ նաև թատրոններում։
Հենց այս տխուր վիճակագրությունն է պատճառը, որ տարիներ շարունակ այս ֆակուլտետ դիմողների թիվը, եթե չի պակասել, ապա էականորեն չի էլ ավելացել։
Կարդացեք նաև
Ուստի կարծում եմ, որ այս հարցը բավականին մտահոգիչ է, և հետագայում մեր գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ կարողանանք այս մասնագիտությունն արժևորել որպես բուհում տրվող բարձրագույն կրթություն և շարունակել ֆակուլտետի գործունեությունը»։