Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ եզրակացության մասին խոսք գնալ չի կարող». Էրիկ Ալեքսանյանը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին

Հունվար 24,2023 23:40

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպանական խումբը երեկ մամուլից է իմացել, որ Արմեն Չարչյանի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից խորհրդարան է ներկայացվել միջնորդագիր՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում նախաձեռնելու համար։

«Բնականաբար, այս գործընթացի նկատմամբ մեր վերաբերմունքը բացասական է, սա պարոն Չարչյանի նկատմամբ սկսված հերթական ոչ իրավաչափ հետապնդումն է։ Որքանով ես եմ տեղյակ, ինչո՞ւ եմ ասում որքանով, որովհետև այդ միջնորդագրի հիմքում դրված փաստական տվյալների մասին որևէ տեղեկատվություն չունենք, մեզ չեն ծանուցել, որքան որ մամուլից գիտեմ, խոսքը գնում է «Հաց բերողի» վերաբերյալ քննվող քրեական գործով՝ «ակնհայտ կեղծ» եզրակացություն տալու մասին։ Այդ գործով պարոն Չարչյանը ներգրավված է եղել միջգերատեսչական փորձաքննության կազմում։ Մենք սա գնահատում ենք ոչ իրավաչափ, որովհետեւ կեղծ եզրակացության մասին խոսք գնալ չի կարող»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը: Ըստ պաշտպանի, չի կարող խոսք գնալ «ակնհայտ կեղծ» եզրակացություն տալու մասին, որովհետև այդ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, եթե փորձագետը, փորձաքննություն կատարելիս, կիրառել է ոչ ճիշտ մեթոդ. «Պրոֆեսոր Չարչյանին բոլորը ճանաչում են, որպես պրոֆեսիոնալ և բանիմաց բժշկի. ես դժվար եմ պատկերացնում, որ պարոն Չարչյանը որեւէ փորձաքննության ժամանակ մեթոդիկան ճիշտ կիրառած չլինի։ Այլ հարց է, որ փորձագետի կարծիքը, եզրակացությունը կարող է չգոհացնել որոշակի անձանց և առաջացնել որոշակի դժգոհություններ։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ պարոն Չարչյանը չի կարող այս կամ այն մեթոդիկան սխալ կիրառել։ Կրկնում եմ, պրոֆեսոր Չարչյանին, որպես պրոֆեսիոնալ և բանիմաց մասնագետ, ճանաչում է Հայաստանում յուրաքանչյուր բժիշկ։ Եզրակացությունը կարող է լինել ոչ հավաստի, թերի, ինչն էլ գործնականում անհրաժեշտություն է առաջացնում՝ կրկնել փորձաքննությունը, բայց տվյալ պարագայում ասել, որ Արմեն Չարչյանն՝ այս կամ այն փորձաքննության շրջանակներում ընդգրկված լինելով, որպես փորձագետ, սխալ մեթոդիկա կիրառի, իրատեսական չեմ համարում։ Հետեւաբար, դատախազության կողմից նախաձեռնված գործընթացը ես որեւէ կերպ իրավական չեմ կարող համարել: Իրենք կարող են պատասխանել հարցին, թե ինչի՞ համար է այս ամեն ինչն արվում: Մենք կարող ենք ենթադրել, թե ինչի՞ն է այս ամեն ինչն ուղղված, բայց ասել, որ սա իր մեջ իրավական հիմք է պարունակում՝ աբսուրդ է»:

Թե ինչի՞ն է այս ամենն ուղղված, մանավանդ, եթե նկատի ունենանք Արմեն Չարչյանի նկատմամբ տեղի ունեցած վերջին հետապնդումները, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Պարոն Չարչյանի հետ կապված մենք ունեցել ենք «իրավական գործընթաց». ինչո՞ւ չակերտավոր, որովհետև նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված էր կալանքը, մենք մոտ կես տարի ասում էինք, որ կալանքը չի կարող իրավաչափ խափանման միջոց լինել միայն այն պատճառով, որ դրա հիմքը չկա, այլ նաեւ, որ նրա մոտ առկա հիվանդությունը կալանքի հետ անհամատեղելի է։ Պետությունն ու իրավապահ մարմիններն ականջալուր չէին լինում, հետո կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, մենք ստացանք եզրակացություն այն մասին, որ պարոն Չարչյանի հիվանդությունն անհամատեղելի է կալանքի հետ և Սահմանադրական դատարանի որոշման ուժով նա ազատ արձակվեց։ Իհարկե, սա մեզ արժեցավ վեց ամիս ժամանակ։ Հիմա նույն իրավիճակն է։ Ճիշտ է հիմա խոսքը գնում է պարզապես մեղադրանք առաջադրելու, այլ ոչ թե կալանքի մասին, սակայն միևնույնն է, քրեական հետապնդման մասին խոսք չի կարող գնալ, քանի որ, «ակնհայտ կեղծ» եզրակացություն տալու մասին ևս խոսք չի կարող գնալ։ Հետևաբար, այս գործընթացը ևս պարոն Չարչյանին նեղություն տալու մի քայլ է։ Ես չեմ ուզում վերացական դատողություններ անել, բայց պարոն Չարչյանը դեռևս հանդիսանում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ուստի կարող է լինել նաև քաղաքական ճնշում»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031