«Հարավային Կովկաս. Ռուսաստանի եւ Իրանի շահերը» թեմայով Մոսկվա-Թեհրան տեսակամուրջի ձեւաչափով քննարկման վերաբերյալ ասուլիսին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությանը։
Նա ասել է՝ ՌԴ-ում հնչում են հարցեր, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը չի սրի իրավիճակը․«Մենք ներկա պահին ԵՄ-ի հետ գտնվում ենք թշնամական իրավիճակում, փաստացի առճակատման մեջ ենք։ Բայց ես այդուհանդերձ այստեղ զսպվածություն դրսեւորելով՝ չեմ շտապի նախօրոք խուճապի մեջ ընկնել։ Ինձ թվում է՝ այդ դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է»։
Նա նշել է, որ Հայաստանը ԵՄ քաղաքացիական առաքելությանը հրավիրել է, որպեսզի դիմադրի Ադրբեջանի ճնշմանը եւ գտնի ցանկացած դաշնակից այս ճնշման դեմ պայքարում․«Ես պետք է ասեմ, որ Ադրբեջանի վարքագիծը, եւ նրան աջակցող Թուրքիայի, հիմք է տալիս նման մտահոգությունների համար։ Ինձ թվում է այս փուլում Ռուսաստանի նաեւ Իրանի համար առավել կարեւոր է, որ ուշադրություն դարձնեն ոչ տարածաշրջանային ուժերի ցանկացած ներխուժմանը Կովկասում։ Մենք պարտավոր ենք դա անել։ Մենք ի վիճակի ենք Կովկասում ապահովել խաղաղություն՝ գործելով համերաշխությամբ։ Բայց ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրավիճակը՝ ստատուս քվոն, այն ավերվել է 2020 թվականի պատերազմով եւ այն փաստով, որ երկար տարիների ընթացքում չի հաջողվել հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը»։
Զատուլինի կարծիքով՝ հիմնահարցի կարգավորման ձախողումը երկու հակամարտության երկու կողմերից է եղել, հատկապես այն փուլում, երբ ՀՀ-ում իշխանության է եկել նոր կառավարությունը՝ Փաշինյանի կառավարությունը, որը թույլ է կողմնորոշվել սեփական երկրի հնարավորություններում եւ չափազանց անհաջող է հանդես եկել ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատում եւ սա փաստ է։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմն ընդհանրապես չպետք է լիներ եւ որ ՌԴ-ն ինչ-որ փուլում բաց է թողել պատերազմի նախաձեռնողների վրա ազդելու հնարավորությունը, իսկ նախաձեռնողներից մեկը նախեւառաջ Ադրբեջանն ու Թուրքիան է, որպեսզի պատերազմը չսկսվեր․«Մենք հաջորդ փուլում արել ենք առավելագույնը, որպեսզի պատերազմը դադարեցվեր, եւ այստեղ շատ պահանջներ կան հայկական կողմին, որը սխալ է գնահատել իրավիճակը եւ ուշացրել է։ Բայց մենք մեզ վրա պատասխանատվություն վերցրեցինք, եւ մեր 2000 զինվորներին ուղարկեցինք Լեռնային Ղարաբաղ։ Այսօր մարտահրավերն այդ խաղաղապահ առաքելությանը Ադրբեջանի կողմից, դա այն է, որ նա իրականացնում է գործողությունները, որոնք տեղի են ունենում Լաչինի միջանցքում։ Այսօր Ադրբեջանը օգտագործում է մեր խաղաղապահների մանդատի չհստակեցումը, որպեսզի ցուցադրի նրանց ոչ արդյունավետությունը, անկարողությունը խնդրի լուծմանը։ Ես գտնում եմ, որ պետք է անմիջապես միջոցներ գործադրել շրջափակումը դադարեցնելու համար։ Եւ կարծում եմ ՌԴ-Իրան միասնական հայտարարությունը շատ դրական քայլ կլինի»։
Նա ասաց, որ հակամարտող կողմերը ՌԴ-ի համար հարմարավետ գոտի չեն ստեղծելու միջնորդության համար․«Մենք ուզում ենք խնդիրը խաղաղ կարգավորել եւ չենք հայտարարում օրինակ մեր սկզբունքային դիրքորոշումները՝ Ադրբեջանը ճիշտ, թե՝ սխալ է վարվել սեպտեմբերին, երբ գրոհել է հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք այս հարցում ուշացրել ենք, ինչը առիթ է տվել Հայաստանում արեւմտամետ ուժերին մեզ մեղադրել, որ մենք ոչ բարեխիղճ դաշնակից ենք եւ կասկածի տակ են դրել ՀՀ-ի ՀԱՊԿ-ի անդամությունը։ Այսօր Ադրբեջանի կողմից ցանկացած գործողություն հանգեցնում է Հայաստանում հակառուսական ալիքի բռնկմանը։ Ես կարծում եմ մեր դիվանագիտությունն այս հարցում պետք է առավել ակտիվ լինի»։
Զատուլինի խոսքով՝ Հայաստանում արեւմտամետ ուժերը ցանկանում են փոխել վեկտորը , ցանկանում են խաղալ եւ այս իմաստով խնդիր են առաջացնում հենց Հայաստանի եւ հա ժողովրդի համար․«Հայկական հարցի գոյության հարյուրամյա ժամանակաշրջանում արեւմտյան գերտերությունները բացի հայտարարությունից, ոչնչով Հայաստանին չեն աջակցել՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ պատերազմում։ Խոստումներ շատ են եղել, բայց գործողությունները շատ քիչ են եղել, արդյունքն էլ հայտնի՝ հայերի ողբերգությունը առաջին համաշխարհայինի ժամանակ եւ այլն․«Ուստի կարեւոր է այս տարածաշրջանում վստահ լինել դաշնակցի հարցում»։
Նրա խոսքով՝ պետք է իրավիճակը ճիշտ գնահատել, Ադրբեջանը գլուխը կորցրել է հաղթանակով, որն իրենը չէ, դա Թուրքիայի հաղթանակն է, եւ որը կարծում է, որ այդ հիմքով կարող է պայմաններ թելադրել։ «Ադրբեջանը պետք է դադարի սպառնալ տարածաշրջանի կայունությանը՝ ով էլ որ նրան աջակցի, իսկ այդ երկիրը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է»,-ասաց Զատուլինը։
Անդրադառնալով ԵՄ առաքելությանը, Զատուլինն ասաց՝ եթե այսօր ԵՄ-ից այդ պարոնները մտադիր են օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի վարքագիծն այս տարածաշրջանում եւ դրա հիման վրա նրանից ինչ-որ բան պահանջել, կարծես դա էլ անում են, թող պահանջեն, իսկ դրանում ի՞նչ վատ բան կա։ Դրանում որեւէ վատ բան չկա։ Եւ, եթե դրա հիման վրա նրանք կցանկանան փոխել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութան վեկտորը, մենք, բնականաբար, դրա դեմ կպայքարենք»։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ