Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհամբեր կսպասեմ, թե ինչը ինչով է փոխել Քրիստինե Գրիգորյանը… Մի քիչ երկար որ մնար, կարող է ավելի շատ սխալներ աներ». Նինա Կարապետյանց

Հունվար 24,2023 23:07

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ինչպես հայտնի է, հրաժարականի դիմում է ներկայացրել, որովհետեւ այլ աշխատանքի առաջարկ է ստացել:

Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հարցին ինչպե՞ս եք գնահատում Քրիստինե Գրիգորյանի գործունեությունը եւ հրաժարականը՝ պատասխանեց. «Ենթադրում եմ, որ այս պաշտոնին նշանակվելիս տիկին Գրիգորյանը գնահատում էր դա՝ որպես իր կյանքի կարեւորագույն պաշտոններից մեկը, համենայնդեպս, այդպես էր արտահայտվում ու հետաքրքիր է, թե որը կլինի հաջորդը, որը կարեւորեց ավելի շատ, քան օմբուդսմենի պաշտոնը: ՄԻՊ-ի պաշտոնը բարձրագույն պաշտոններից մեկն է, որը ավելի շուտ առաքելություն է: Այնպես որ անհամբեր կսպասեմ, թե ինչը ինչով է փոխել տիկին Գրիգորյանը: Ինքը շատ կարճ ժամանակ է պաշտոնավարել, ինքս առիթ եմ ունեցել մեր կազմակերպության եւ անձամբ ինձ դիմած տարբեր մարդկանց հարցերով զանգահարել, ասեմ, որ շատ արագ արձագանք եմ ստացել թե՛ թեժ գծից, թե՛ անձնապես իրենից: Բայց կա ինձ համար մի շատ կարեւոր չափանիշային իրավիճակ, որին ինքը չարձագանքեց, խուսափեց, դա ոստիկանական գործողությունների անհամաչափությունն էր, Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր, երբ ինքը ուղղակի խուսափեց հստակ պատասխանել հարցին՝ եղե՞լ է անհամաչափ ուժի գործադրում, թե՞ չէ:

Սա ինձ համար չափանիշ էր, որը խիստ բացասական եմ գնահատել: Եվ թերեւս մի խնդիր էլ կար, որն այդպես էլ լուծում չունեցավ, ես կարծում եմ, կարող էին ու պետք է գտնեին ճանապարհներ, դա Վարուժան Ավետիսյանի առողջական խնդիրն էր: Հրատապ խնդիր է ու կարծում եմ քաղաքական դիրքորոշում է իշխանությունների, որից անմասն չմնաց նաեւ տիկին Գրիգորյանը, ըստ էության որեւէ գործողություն չիրականացրեց: Այդ երկու դրվագով եմ նրան բացասական գնահատում, մնացածը ստանդարտ, ոչ մի արտառոց դրական կամ բացասական բան չկար: ժամանակն էլ չբավարարեց, մի քիչ երկար որ մնար, կարող է ավելի շատ սխալներ աներ»:

Հարցին՝ ո՞ւմ եք պատկերացնում Հայաստանում օմբուդսմեն, որովհետեւ որպես իշխանությունների թեկնածու շրջանառվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի անունը՝ Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Մենք ինչ-որ բան սխալ ենք անում, այլ մեխանիզմ է պետք մտածել օմբուդսմենի նշանակման հետ կապված, որովհետեւ ստացվում է ամեն անգամ, որ օրվա իշխանությունը, մեծամասնությունն է նշանակում ու շատ դեպքերում  մեր օմբուդսմենների մեծ մասը առնվազն պաշտոնավարման սկզբի փուլում ջանասիրաբար պաշտպանում են իշխանություններին: Ճիշտ է, վերջում հիմնականում ըմբոստանում են ու համարյա թե բոլորը իրենց պաշտոնավարման վերջին շրջանում փորձել են ըմբոստանալ՝ երեւի թե հասկանալով, թե ինչ կարեւորագույն պաշտոն են զբաղեցնում, բայց մեխանիզմը պետք է փոխել: Պիտի լինի ավելի ազատ ընտրություն, կախված չլինի իշխանություններից ու պարտադիր չի, որ դա լինի մասնագիտությամբ իրավաբան: Շատ կարեւոր է, որ նա հասարակության մեջ հեղինակություն վայելի, գոնե  ինչ-որ մի մասի մոտ: Այդ ստատուսը նախատեսում է հեղինակություն: Ես չեմ կարծում, որ նշանակվողները եղել են բացառիկ հեղինակություններ, այնպես որ ես այդտեղ կուզենայի տեսնել լուրջ հեղինակություն ունեցող մարդկանց՝ կյանքի ճանապարհ, հմտություն, փորձ ունեցող մարդկանց, որովհետեւ ամեն ինչը չի, որ օրենքի տառի համապատասխան լուծում է պահանջում: Շատ դեպքերում օմբուդսմենի պաշտոնը պահանջում է ավելի միջնորդի, հաշտարարի դեր, հարթեցնողի ու հաշտեցնողի դեր ու դրա  համար իսկապես պետք է ունենալ անցած ճանապարհ ու հեղինակություն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031