Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարիներ շարունակ հայրենիքի համար ենք պայքարել, մի տեղ չունենա՞նք ապրելու»

Հունվար 24,2023 22:55

Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում տեղակայված ՊՆ նախկին վարչական շենքում ապաստանած ընտանիքներն անորոշության մեջ են․ մի շաբաթ է, որ էրեկտրամատակարարումն անջատվել է, ջեռուցում չունեն, իսկ շենքն ազատելու խոսակցությունները հանգիստ չեն տալիս․ մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, ո՞ւր գնան։ Երեկվանից նրանք պարբերաբար փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին՝ ակնկալելով կառավարության ուշադրությունն ու պարզաբանումը։ Այսօր դեպքի վայր այցելած Aravot.am-ին բնակիչները պատմեցին, որ վերջին տարիներին տարբեր ժամանակահատվածներում այստեղ ապաստանել են պատերազմի մասնակիցների, տեղահանվածների ընտանիքներ, տարբեր այլ պատճառներով տունը կորցրած քաղաքացիներ․ սոցիալապես անապահով վիճակում են, այլեւս չեն կարող բարձր գներով տուն վարձակալել։ Բնակիչներն ասացին, որ վարչական շենքը մինչեւ իրենց բնակություն հաստատելը քանիցս թալանվել է, եւ իրենք են եղած միջոցներով դուռ-լուսամուտ, վառարան ու մահճակալ դրել, որ կարողանան գոնե նվազագույն պայմաններում ապրել։

«Արամո» ջոկատի ազատամարտիկ Բաբկեն Ավագյանը կես տարի է, ինչ այս շենք է տեղափոխվել, իսկ մինչեւ այդ՝ 90-ականներից, ապրել է վարձով։ Ինչ-ինչ խնդիրների պատճառով տունը նախկինում վաճառել են։

«Որ եկանք, քանդած վիճակ էր։ Պատուհաններ չկային։ Բարձրահարկ շենքի տանիքն անգամ ծակ էր, ջուրը ներս էր լցվում։ Ես միայն գիտեմ, որ սա եղել է բարձիթողի վիճակում։ Ամիսներ շարունակ իրար օգնել ենք, կարգի բերել։ Տարածքի ծառերը ջրում ենք, խնամում»,-պատմեց նա։

Բաբկեն Ավագյանի խոսքով՝ տարածքն ազատել չեն պատրաստվում․ «Մի անկյուն պետք է ունենա՞նք, թե ոչ։ Տարիներ շարունակ հայրենիքի համար ենք պայքարել, մի տեղ չունենա՞նք։ Ուրիշ բան չենք ուզում, թող լույսը միացնեն։ Թող սա ազատամարտիկների թաղամաս դառնա։ Այստեղից ապագայում ջոկատներ դուրս կգան։ Անգամ, եթե փողոցում ապրենք, մենք նորից գնալու ենք։ Փոքր տղաս հիմա ծառայում է։ Բա վերջը ո՞նց կլինի»։

Հ․ Գ․ Համացանցային բաց աղբյուրներն ուսումնասիրելով՝ արձանագրում ենք, որ այս շենքը եւ հարակից շինությունները երկար տարիներ՝ մինչեւ 2008թ․-ը, ծառայել են որպես ՊՆ վարչական համալիր։ Այն տրամադրվել է ՊԵԿ-ին․ նախ, կառավարության 2022թ․-ի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող մի քանի տասնյակ գույք, այդ թվում՝ այս շենքը, ամրացվել են պետգույքի կառավարման կոմիտեին։ Հետո՝ կառավարության 2022թ․-ի մայիսի 5-ի որոշմամբ, այն անցել է ՊԵԿ-ին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գեւորգ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031