Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայի դիմաց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկը Ազգային Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչներին հարցրեց, թե ո՞ր քաղաքական ուժի հետ են պատրաստ համագործակցության։
Ժիրայր Սեֆիլյանն ասաց․«Հայաստանը, մեր գնահատմամբ, օկուպացված է, օկուպացիայի օրոք քաղաքական առողջ դաշտ հնարավոր չէ, որ լինի։ Մենք մեզ համարում ենք արտահամակարգային քաղաքական ուժ։ Սակայն մենք միաժամանակ հասկանում ենք, որ ձևական քաղաքական ուժերը, որոնք եղել են այս տարիների ընթացքում, այդ ուժերի հետևում բազմահազար մեր ժողովուրդն է։ Անշուշտ, մենք կուզենք միաբանվել մեր ժողովրդի հետ, այդ է պատճառը, որ ակտիվ ենք բարձրաձայնում Արցախի ծանր օրերը։ Գուցե այս գաղափարը լինե՞ր մեզ միավորողը, միաբանողը։ Մենք, անշուշտ, կողմ ենք միաբանության։ Կապ չունի ովքեր որ են, հստակ գաղափարի, ծրագրի շուրջ եկեք միաբանվենք, դուրս գանք էս ճգնաժամից»։
Այնուհետ Ժիրայր Սեֆիլյանը հստակեցրեց, որ կան ծրագրեր, գաղափարներ, որոնց շուրջ համախմբումը հնարավոր է։
«Զորօրինակ՝ դաշնակցությունը իր ծրագրով․ ես կասեի, որ վիլսոնյան Հայաստանի ճրագը պահպանողն է եղել 70 տարի Սփյուռքում՝ ծրագրով։ Այսինքն, ովքեր որ այդ կազմակերպության անդամ են դառնում, երդվում են, որ այդ Հայաստանի համար պատրաստ են կյանքը չխնայել, ծրագրում նշված է։ Նորացված ծրագրում նաև նշված է, որ այսօրվա Հայաստանը համարվում է առաջին հանրապետության իրավահաջորդը։ Խնդրեմ, սիրելի դաշնակցականներ, եկեք առաջին հանրապետության իրավահաջորդության գաղափարի շուրջ սկսենք միաբանվել։
Կարդացեք նաև
Հասկանալի է, որ դաշնակցության այս 30 տարիների ընթացքում քաղաքական ղեկավարությունը կրեմլահպատակ է եղել , բայց ամեն ինչ սկիզբ և վերջ ունի։ Այսօր էլ կարող եք որոշել, որ նախկին ուղին չշարունակեք, վերադառնաք ձեր առաքելությանը և միաբանումը սկսվի, խնդրեմ»,-առաջարկեց Ժիրայր Սեֆիլյանը։
Ժիրայր Սեֆիլյանի այս հայտարարությունից հետո մեկ այլ օգտատեր հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է «կրեմլահպատակ ՀՅԴ-ի» հետ համագործակցությունը, որին բանախոսը պատասխանեց․ «Անշուշտ, հնարավոր է, բոլոր կազմակերպությունների սխալ քաղաքական ընթացքը չպիտի վերագրել ամբողջ շարքերին՝ սկսելու համար։ Ղեկավարությունն է, որ այս վերջին 30 տարիների ընթացքում կոպիտ սխալներ է արել, ես կասեի պետության դեմ է գործել, բայց ամեն ինչ միշտ կարելի է ուղղել։
Մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, այս գործունեությունը մեր սեփական ինչ-որ խանութը չէ, մենք պետություն ենք ուզում ստեղծել։ Բևեռը շատ լավ հասկանում է, որ այդ բոլորի, ներուժի համախմբմամբ պետք է ստեղծվի այդ պետությունը։ Ինչքան շուտ այդ ղեկավարությունը ուղղի իր սխալը և ճիշտ ուղղությամբ քայլեր անի, մենք պատրաստ ենք աջակցելու, գործակցելու։ Եթե ոչ, ապա շարքերը կամ կարող են պարտադրել իրենց ղեկավարությանը, որ օր առաջ ուղղվեն կամ կարող են առողջ ուժերի՝ մեր հետ գործակցեն»։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը եղել է ՀՅԴ անդամ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ