Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գոտին, որպես հագ ու կապի կարևոր մաս, հայ ժողովրդի կենցաղում լայն կիրառություն ու կարևոր նշանակություն է ունեցել, օրինակ կարմիր գոտի գործածել են բացառապես ամուսնացած կանայք, տղամարդկանց համար գոտին եղել է նաև իշխանության նշան։
Հայաստանի տարբեր տարածաշրջանների գոտիներն առանձնանում են իրենց բնորոշ տեխնիկայով, ճարմանդի ձևով, զարդանախշերով ու զարդահամալիրով։
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդի անքակտելի մասն են՝ Ալեքսանդրապոլի, Շուշիի, Թիֆլիսի վարպետների 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին պատրաստված արծաթե գոտիները։
Ալեքսանդրապոլինը՝ հաստ գոտիներ են, որոնք կազմված են ճարմանդից, արծաթե սնամեջ զարդանախշ կտորներից, որոնք անցկացվում են կաշվե ժապավենի վրա այնպես, որ մեկը մյուսին ամրանալով, թույլ են տալիս ճկվել, բայց կապելուց հետո այն երևում է որպես ամբողջական արծաթե գոտի։ Դրանք ունեն թամբաձև ճարմանդ, իսկ զարդատախտակների ներքևի հատվածը եզերված է նուրբ արծաթե ժանյակաձև հյուսքով, որը բնորոշ է հենց այս տարածաշրջանին։
Արծաթե գոտիների վրա վարպետների կնիքներն են, որոնցով հնարավոր է որոշել է դրանց ժամանակաշրջանը։ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արծաթե գոտիներն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, ինչն արտահայտվում է պատրաստման եղանակի, զարդանախշերի և ճարմանդի ձևի մեջ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն