Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում տեղակայված ՊՆ նախկին վարչական շենքում ապաստանած ընտանիքներն անորոշության մեջ են․ մի շաբաթ է, որ էրեկտրամատակարարումն անջատվել է, ջեռուցում չունեն, իսկ շենքն ազատելու խոսակցությունները հանգիստ չեն տալիս․ մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, ո՞ւր գնան։ Երեկվանից նրանք պարբերաբար փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին՝ ակնկալելով կառավարության ուշադրությունն ու պարզաբանումը։ Այսօր դեպքի վայր այցելած Aravot.am-ին բնակիչները պատմեցին, որ վերջին տարիներին տարբեր ժամանակահատվածներում այստեղ ապաստանել են պատերազմի մասնակիցների, տեղահանվածների ընտանիքներ, տարբեր այլ պատճառներով տունը կորցրած քաղաքացիներ․ սոցիալապես անապահով վիճակում են, այլեւս չեն կարող բարձր գներով տուն վարձակալել։ Բնակիչներն ասացին, որ վարչական շենքը մինչեւ իրենց բնակություն հաստատելը քանիցս թալանվել է, եւ իրենք են եղած միջոցներով դուռ-լուսամուտ, վառարան ու մահճակալ դրել, որ կարողանան գոնե նվազագույն պայմաններում ապրել։
Տարածքի բնակիչ Արթուր Վարդանյանը մեզ հետ զրույցում ասում է՝ այստեղ ապրում են շատ զինվորականների ընտանիքներ, որոնք սեփական տուն չունեն, իսկ վարձակալելու հնարավորություն այլեւս չկա․ «150 000 է վարձը դառել, ի՞նչ անենք։ Եկել ենք այս պայմաններում ապրելու, որ վաղը հանկարծ կռիվ լինի, իմանանք՝ մեր ընտանիքները վարձով տներում չենք թողնելու։ Վաղը չկարողանան վարձ տալ, հանեն գցեն դո՞ւրս․․․այստեղ գոնե մեր անկյունն ունենք»։
Վարդանյանների ընտանիքը երկու ամիս է, ինչ տեղափոխվել է այստեղ․ Արթուր Վարդանյանն ասաց, որ 2020թ․-ի պատերազմի մասնակից է, 2022թ․-ի սեպտեմբերին եւս առաջնագծում էր եւ հանդիսանում է «Սողոմոն Թեհլերյան վրիժառուների ջոկատ»-ի հրամանատարը։ Պատմեց, որ տարիներ շարունակ նրա ընտանիքը վարձով է բնակվել։
Կարդացեք նաև
«Ուզում են տարածքն ազատենք, բայց անգամ չգիտենք՝ ո՞ւմ է այն պատկանում։ Եւ մեզ են տվել, եւ ՊԵԿ-ին։ Երեք սենյակներ են, մեկը սարքել ենք, որ կարողանանք ապրել։ Մեր միջոցներով։ Պատուհան անգամ չի եղել, դրել ենք։ Դուռն էլ։ Մնացածը քիչ-քիչ կարող ենք սարքել ու ապրել։ Մեր պահանջն այն է, որ թողեն հանգիստ ապրենք։ Ոչ թե գնանք սահման ու մտածենք, որ մեր ընտանիքները կարող են դրսում հայտնվել»,-հավելեց Արթուր Վարդանյանը։
Կարեն Գուլումյանն էլ իր հերթին նշեց, որ պատերազմի մասնակից է, եւ ինչպես ինքը, այնպես էլ մյուսներն առողջական խնդիրներ ունեն․ «Ես վերջերս եմ տեղափոխվել, իսկ մյուսներն ամիսներ, տարիներ շարունակ վարձով են ապրել։ Ընկերներս իմացան, որ էլ չէի կարողանում վարձ տալ, փողոցից եկա այստեղ։ Թող հանգիստ թողեն մեզ»։
Ալիկ Թաթուլյանն էլ ասաց, որ 2018թ․-ին է հայրենադարձվել եւ նույն տարում էլ տեսել է, թե ինչպես են որոշ գեներալներ ցանկանում այս տարածքը քանդել ու հյուրանոց սարքել․ «Զինվորականներն արժանի են, որ մի անկյուն ունենան։ Այստեղ բոլորին գիտեմ։ Ինչո՞ւ պետք է վարձով ապրեն կամ հայտնվեն դրսում։ Վառարաններ ենք բերել, որ գոնե ցախով տաքանան երեխաները»։
Հ․ Գ․ Համացանցային բաց աղբյուրներն ուսումնասիրելով՝ արձանագրում ենք, որ այս շենքը եւ հարակից շինությունները երկար տարիներ՝ մինչեւ 2008թ․-ը, ծառայել են որպես ՊՆ վարչական համալիր։ Այն տրամադրվել է ՊԵԿ-ին․ նախ, կառավարության 2022թ․-ի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող մի քանի տասնյակ գույք, այդ թվում՝ այս շենքը, ամրացվել են պետգույքի կառավարման կոմիտեին։ Հետո՝ կառավարության 2022թ․-ի մայիսի 5-ի որոշմամբ, այն անցել է ՊԵԿ-ին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Գեւորգ ՄԿՐՏՉՅԱՆ