Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում տեղակայաված ՊՆ նախկին վարչական շենքում ապաստանած ընտանիքներն անորոշության մեջ են․ մի շաբաթ է, որ էրեկտրամատակարարումն անջատվել է, ջեռուցում չունեն, իսկ շենքն ազատելու խոսակցությունները հանգիստ չեն տալիս․ մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, ո՞ւր գնան։ Երեկվանից նրանք պարբերաբար փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին՝ ակնկալելով կառավարության ուշադրությունն ու պարզաբանումը։
Այսօր դեպքի վայր այցելած Aravot.am-ին բնակիչները պատմեցին, որ վերջին տարիներին տարբեր ժամանակահատվածներում այստեղ ապաստանել են պատերազմի մասնակիցների, տեղահանվածների ընտանիքներ, տարբեր այլ պատճառներով տունը կորցրած քաղաքացիներ․ սոցիալապես անապահով վիճակում են, այլեւս չեն կարող բարձր գներով տուն վարձակալել։ Բնակիչներն ասացին, որ վարչական շենքը մինչեւ իրենց բնակություն հաստատելը քանիցս թալանվել է, եւ իրենք են եղած միջոցներով դուռ-լուսամուտ, վառարան ու մահճակալ դրել, որ կարողանան գոնե նվազագույն պայմաններում ապրել։
«Կառավարությանը խնդրում ենք մեզ լույսով ապահովել, որովհետեւ այստեղ 300 ընտանիքներ են ապրում, այդ թվում՝ 5-6 երեխա ունեցող»,-մեզ հետ զրույցում ասաց Անուշ Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ այս խնդրին կառավարությունն ու ՊՆ-ն տեղյակ են դեռեւս 2018թ․-ից․ «Այս գրություններով(կից լուսանկարներում․-հեղինակ), ստորագրություններով եւ կնիքով շենքը հանձնվել է այստեղ ապրողներին։ ՊՆ կնիքը տեսեք։ Սա համարվում է ժողովրդինը։ Սակայն նույն օրը, երբ այն հանձնվել է բնակիչներին, կառավարությունը հանձնել է ՊԵԿ-ին։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ խաբվա՞ծ ենք։ Ասում ենք՝ լույս չունենք, պատասխանում են, որ շենքը ՊԵԿ-ինն է։ Երեկ պատասխան պահանջեցինք ՊԵԿ-ից, սակայն ոստիկանությունը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ից չեն ցանկանում մեզ հանդիպել։ Մարդիկ այստեղ ուղղակի ապրել են ուզում, որեւէ մեկից գումար չենք պահանջում, ոչ էլ ուրիշ բան»։
Կարդացեք նաև
Անուշ Ավետիսյանի խոսքով՝ երեկ բնակիչներին ահաբեկել են ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն․ «Եկան, ճանապարհ էինք փակել, մեզ քաշքշեցին, կռված տղաներից մի քանիսին բաժին տարան, թե ինչի եք ճանապարհ փակել։ Զինծառայողներ ունենք, որ օրեր անց դիրքեր են բարձրանալու։ Վարձով ապրել չեն կարող, բա ընտանիքն ի՞նչ է լինելու։ Առայժմ երեխաները վառարաններով են տաքանում։ Ասում են, թե մենք ապօրինի ենք այստեղ, պետք է տարածքն ազատենք։ Որտե՞ղ էին իրենք, երբ այստեղի գույքը թալանում էին գեներալները։ Մենք փաստեր ունենք։ Մարդկանց ուզում են բոմժ սարքել իրենց իսկ ստեղծածի մեջ։ Բնակիչ ունենք, որն անօթեւան էր եւ պատերազմի մասնակից։ Այլ ընտանիքներ կան, որոնք տուն չեն ունեցել ու ապաստանել են այստեղ»։
Ապա մեր զրուցակիցը նշեց, որ ՊԵԿ-ից իրենց գումար են առաջարկել՝ տարածքը լքելու համար․ «Ժամանցի կենտրոն են ուզում սարքել՝ արհամարհելով այսքան մարդու։ Ազգանուն չեմ կարող ասել, բայց լուրջ թիվ են առաջարկել այն մարդուն, ով այս մարդկանց օգնել է այստեղ ապաստանել»։
Բնակիչները կառավարությունից հանդիպում են պահանջում․ եթե խնդիրը չլուծվի, նորից ճանապարհ են փակելու։
Հ․ Գ․ Համացանցային բաց աղբյուրներն ուսումնասիրելով՝ արձանագրում ենք, որ այս շենքը եւ հարակից շինությունները երկար տարիներ՝ մինչեւ 2008թ․-ը, ծառայել են որպես ՊՆ վարչական համալիր։ Այն տրամադրվել է ՊԵԿ-ին․ նախ, կառավարության 2022թ․-ի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող մի քանի տասնյակ գույք, այդ թվում՝ այս շենքը, ամրացվել են պետգույքի կառավարման կոմիտեին։ Հետո՝ կառավարության 2022թ․-ի մայիսի 5-ի որոշմամբ, այն անցել է ՊԵԿ-ին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Գեւորգ ՄԿՐՏՉՅԱՆ