Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակելու ենք ունենալ զոհեր, Արցախի հայաթափում, քանի դեռ Փաշինյանը նստած է իր աթոռին»․ ասուլիս՝ Գյումրու ռազմաբազայի դիմաց

Հունվար 24,2023 19:45

Ազգային Ժողովրդավարական Բևեռի վարչության անդամներն այսօր մամուլի ասուլիս տվեցին Գյումրու 102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքի մոտ։

Հսկողություն իրականացնող ոստիկանները բավական քիչ էին, բացառապես տեղի ոստիկաններն էին՝ ոստիկանապետերի հսկողությամբ։ Նրանք թույլատրեցին մոտենալ ռազմաբազայի մուտքին ու հանդես գալ իրենց ասելիքով։

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ շարունակելու են բողոքի ակցիաները, կիրակի օրը նորից կփորձեն շրջափակել ռազմաբազան, քանի դեռ Արցախն ապաշրջափակված է, իրենք շարունակելու են իրենց բողոքը։ Նրանք մտադիր են խարույկ վառել հենց ռազմաբազայի դիմաց։

«Այսօր Բերձորի միջանցքի շրջափակման 44-րդ օրն է, արդեն 3-րդ օրն է, որ գազամատակարարումն է փակված դեպի Արցախ։ Մենք որոշեցինք նորից հավաքվել 102-րդ ռազմաբազայի առջև և ասուլիս կազմակերպել։ Հասկանալի է, որ ռուսական կողմը և ռուսական զորքերը պարտականություն են վերցրել իրենց վրա 2020 թվականին, որը չեն իրականացնում, չեն ցանկանում, չեն իրականացնում, միաժամանակ և՛ չեն ցանկանում և՛ չեն կարողանում։

Սա կարևոր չէ, արդյունքն այն է, որ իրենք չեն կարողանում շրջափակումը բացել, դա նշանակում է, որ պատասխանատվությունը նախևառաջ ընկնում է իրենց վրա։ Եվ հավաքվելով ռուսական ռազմաբազայի դիմաց՝ նշում ենք, որ հայ ժողովուրդը թե՛ այստեղ, թե՛ Երևանում, թե՛ Սփյուռքի գաղթօջախներում պարտավոր է իր համերաշխությունն արտահայտել մեր ժողովրդի այս ահավոր աղետալի վիճակի համար, և այն գործողությունները, որ մենք արել ենք Գյումրիում, շարունակելու ենք այնքան, ինչքան Բերձորը փակված կլինի», -ասաց Գարեգին Չուգասզյանը։

Նա հայտարարեց, որ սա հայ ժողովրդի նկատմամբ 2020 թվականին սկսված ֆիզիկական և հոգեբանական ահաբեկչության շարունակությունն է, իսկ մեր ժողովրդի մոտ, ըստ բանախոսի, այս երկու տարիների ընթացքում չուժեղացավ պահանջարկը Հայաստանում ոչ պոպուլիստական իշխանություն ունենալու։

«Մենք, ցավոք սրտի, ունենք մի ղեկավարություն, որը անողնաշարավոր կեցվածք է որդեգրել Արցախի նկատմամբ։Մեր ժողովուրդը պետք է իր մեջ պահանջ ստեղծի նման պոպուլիստներից ազատվելու համար։ Չի կարող հայ ժողովուրդը՝ լինի Հայաստանում, լինի Սփյուռքում, նախապատրաստվել խաղաղության դարաշրջանի մի ժամանակ, երբ որ ամբողջ աշխարհը հակամարտության մեջ է գտնվում։ Եվ այդ հակամարտությունն ամբողջ աշխարհում լարվում է , ես նկատի ունեմ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության տարածումն ամբողջ աշխարհով մեկ, և երկրորդ տարածաշրջանը, որը ուղղակիորեն կապված է Ուկրաինայի հետ, դա Հարավային Կովկասն է, մեր դեպքերն ուղղակիորեն կապված են Ուկրաինայի հետ։

Հայ ժողովուրդը պետք է կարողանա իր մեջ գտնել դիմադրության էն թափը, էն ծավալը, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրի, թե ինչպես հայ ժողովուրդը գիտակցում է , որ ինքը օկուպացված ժողովուրդ է, որ երկիրն ազատագրման կարիք ունի և առաջին հերթին պետք է ազատագրվի այն ռուսական զորքից, որը ոչ միայն դաշնակցային պարտականությունները չի կատարում, այլ ուղղակիորեն մասնակցում է հայ ժողովրդի նկատմամբ հրահրված ահաբեկչությանը»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։

Ժիրայի Սեֆիլյանն էլ կարևորեց Արցախում ճիշտ օրակարգի ձևավորումը, ճիշտ քաղաքական բանաձևերի առաջ մղումը։ Ըստ նրա, այդ դեպքում միայն ծանր վիճակից չէ, որ դուրս կգանք, այլ որպես պառակտված ժողովուրդ՝ կսկսենք միաբանվել։

Նա ասաց, որ Արցախից պիտի պահանջ հնչի Մինսկի խմբին առ այն, որ լրացուցիչ միջազգային զորքեր տեղակայվեն Արցախում, քանի որ ռուսական զորքը ի վիճակի չէ իր պարտականությունները կատարել՝ տարբեր պատճառներով։

Բանախոսը մոտ 2,5 ժամ տևած ասուլիսի ընթացքում պարբերաբար կարևորեց օդային միջանցքի ստեղծումը։

«Հումանիտար աղետալի վիճակը, որ ստեղծվել է, ես կասեի՝ էթնիկ զտումն արդեն սկսել են , կարող ենք այդպես ասել, վերջին օրերին ճնշումն այնքան է ուժեղացել, որ կարող ենք այդպես ասել։ Հումանիտար աղետը կանխելու համար պետք է տվյալ երկիրը՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան է, Եվրամիությունն է և այլ հավանական դաշնակից երկրներ ուղղակի միջամտեն։ Խոսքը վերաբերում է օր առաջ օդային կամուրջ ձևավորելու խնդիրը։ Եթե ինձ հարցնեն, ես կասեի՝ առաջնահերթ օդային կամուրջի օրակարգը պետք է գերակշռի այս ամենին»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Սփյուռքի հայերն էլ, ըստ նրա, ավելի հուժկու գործողություններ պիտի կատարեն և թիրախները ճիշտ ընտրեն։ Թիրախը պետք է լինեն մեր պոտենցիալ դաշնակիցները, նրանց մենք ասելիք, խնդրելիք ունենք։

Բանախոսը նշեց, որ այսօրվա Հայաստանը պետք է դիտարկել որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Ըստ նրա, այս միտքը պետք է Արցախից հնչի, որ մենք տեր ենք առաջին հանրապետության թողած ժառանգության, որի վկայականն էլ ունենք։

«Մեր դաշնակիցներից պետք է պահանջենք հետ նայել ու տեսնել, որ տարիներ առաջ իրենք ընդունել են մեր առաջին հանրապետության անկախությունը, ճանաչել են», -ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Ըստ նրա «ռուս-թուրքական ճարտարապետությունը ռեգիոնի» պիտի պատմության գիրկն ուղարկել։ Ժիրայր Սեֆիլյանի ասելով, թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում ձեռքերս ծալած չպիտի սպասենք, թե Արևմուտքը մեզ կօգնի, անընդհատ աշխատանք պիտի տանենք։

«44 օրվա ընթացքում թե՛ Երևանի և թե Արցախի ադմինստրացիան հակառակ աշխատանք են տանում, նրանք ամեն ինչ արել են, որ Արևմուտքի մուտքը ռեգիոն ուշանա»,-հայտարարեց բանախոսը։

Վահե Գասպարյանն էլ նշեց, որ Ալիևն անպատժելի է դարձել, որովհետև ունի կրեմլի և Երևանի կեցվածքը, ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքն օգտվում է այստեղի իշխանությունների ապիկարությունից, դավաճանական կեցվածքից։

«Քանի դեռ Երևանից չկա համարժեք պատասխան, համարժեք կեցվածք․ Ալիևներին ավելի հեշտ կլինի այս ամենը առաջ տանել, էթնիկ զտում կատարել Արցախում»,- ասաց Վահե Գասպարյանը։ Նա, դիմելով Արևմտյան գործընկերներ ղեկավարներին, հայտարարեց, թե զուր է նրանց հույսերը, որ Նիկոլ Փաշինյանի հետ կարող են առաջ մղել իրենց օրակարգը, շահերը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը սպասարկում են միայն ու միայն ցարի շահը, և որ 15 զինվորի զոհվելուց հետո սուգ նույնիսկ չեն հայտարարում, խրախճանք են կազմակերպում և «թքած ունեն Արցախի վրա էլ, հայ ժողովրդի ազգային շահերի վրա էլ»։

«Արևմուտքի օրակարգը պիտի դառնա Երևանում իշխանափոխությունը։ Արևմուտքը պիտի հասկանա, որ այս իշխանությունները սպառել են իրենց, 5 տարիների ընթացքում ոչ միայն հուսախաբ են արել մի ամբողջ ժողովրդի՝ չկատարելով իրենց իսկ տված խոստումները, այլ բռնել են Հայաստանի, Արցախը ներառյալ, թրքահաճո, ռսահաճո գիծը։ Սա պիտի հասկանա նաև հայ ժողովուրդը, մենք շարունակելու ենք ունենալ զոհեր, արհավիրքներ, հումանիտար աղետներ, Արցախի հայաթափում, քանի դեռ Փաշինյան երևույթը նստած է իր աթոռին», -ասաց բանախոսը։

Նա հայտարարեց, որ այսօր դաշնակից չունենք ի դեմս Արևմուտքի։

«Մենք այսօր Ռուսաստանի դաշնակիցն ենք, հետևաբար Արևմուտքի թշնամին ենք։

Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք խոսելուց վկայակոչում ենք ԱՊՀ հռչակագիրը, 1991 թվականի սահմանները, մեր ղեկավարը իր չորս տարիների ընթացքում 72 անգամ այցելել է Մոսկվա։ Մենք մերժում ենք արդեն բրյուսելյան հարթակը, խոսում ենք միայն մոսկովյան հարթակի, նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, ինչպես կարող ենք մենք ունենալ դաշնակից՝ ի դեմս Արևմուտքի։ Այո, Արևմուտքի շահերը համընկնում են մեր ազգային շահերին, բայց որպեսզի դաշնակցությունն Արևմուտքի հետ ձևավորվի, մենք ապահարզան պիտի լինենք, այսօրվա չակերտավոր դաշնակցից, դուրս գանք ԱՊՀ, ԵԱՏՄ կորչված կառույցներից և պաշտոնապես, պետական մակարդակով դիմենք Արևմուտքին դաշնակցային կապեր ստեղծելու համար», -ասաց Վահե Գասպարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031