«Որպես ԵՄ անդամ երկիր, ի՞նչ է մտադիր անել Գերմանիայի կառավարությունն այս իրավիճակում»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին հարցրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Նա հիշեցրեց Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ու ասաց․ «Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանն ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այլևս շրջափակման մեջ չհայտնվի»։
Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց այս հարցը բարձրացնելու համար՝ նկատելով, որ այն ցույց է տալիս՝ իրենք դիտարկում ենք ոչ միայն ռուսական պատերազմն Ուկրաինայում, այլև տեսնում են տարածաշրջանային այլ հակամարտություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Այնուհետև շարունակեց․ «Սա վերաբերում է նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակին։ Երեկ ԵՄ-ն որոշում կայացրեց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Բայց իրականում այս առաքելությունն իմաստ կունենա, եթե մենք ունենանք մուտքի հնարավորություն նաև ադրբեջանական կողմից»։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է մտադիր Գերմանիայի կառավարությունն անել, Գերմանիայի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Առաջինն ու ամենակարևորն այն է, որ այս դիտորդական առաքելությունը նաև հնարավորություն ունենա աշխատել ադրբեջանական կողմի հետ՝ դիտարկելու հումանիտար իրավիճակը հակամարտության գոտում, ինչպես նաև արդարություն հաստատել այդտեղ բնակվող մարդկանց համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ