Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը:
Լուկաս Ռոզենկրացին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ճանապարհի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:
Կարդացեք նաև
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:
Էդուարդ Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ճգնաժամային իրավիճակը կանխելու հարցում կարեւորել է միջազգային գործընկերների դերակատարությունը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի խորհրդի որոշումը` Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ (EUMA)` Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP):
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, ընդգծվել է բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի:
Լուկաս Ռոզենկրացին կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցում:
Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները` նշելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա:
ՀՀ ազգային ժողով