Բրիտանական դեսպանությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային առևտրի նախարարության աջակցությամբ և «Մանթաշյանց» գործարարների միության անդամ «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի հետ համագործակցությամբ կազմակերպել էր սեմինար «Բարեվարք բիզնես ունենալու հրամայականը» թեմայով։ Սեմինարի նպատակն էր խթանել հայաստանյան բիզնես ընկերությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ինչը կօգնի հեշտացնել միջազգային և բրիտանական ընկերությունների մուտքը հայկական շուկա և կնպաստի հայաստանյան բիզնես ընկերությունների միջազգային համագործակցությանը:
Եթե բիզնես ընկերությունը ձգտում է ընդլայնվել դեպի համաշխարհային շուկա կամ ներդրումներ ներգրավել արտերկրից, ապա միայն իր տեղական օրենսդրության պահանջներին համապատասխանելը բավարար չէ: Շատ պետություններ գործի են դնում օրենքներ, որոնք ընդարձակ պարտավորություններ են սահմանում տեղական գրանցված ձեռնարկությունների նկատմամբ` արտատարածքային կիրառմամբ։ Սա ենթադրում է, որ ընկերությունը պատասխանատվություն է կրում նաև փոխկապակցված ձեռնարկությունների և անհատների հանցավոր վարքագծի համար, նույնիսկ իրենց երկրի տարածքից դուրս: Այդ իսկ պատճառով, իրենց բիզնեսը հայրենի երկրից դուրս ընդլայնելու նպատակ ունեցող ընկերությունների համար կարևոր են դառնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են իրենց օտարերկրյա գործընկերների բարեվարքությունը, բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման չափանիշների նկատմամբ ուշադրությունը, մատակարարման շղթաների կամ գործընկերների պատշաճ ուսումնասիրությունը (due diligence) և այլն:
2023թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը, և համապատասխանության (compliance) արդյունավետ ծրագրերն ապահովում են նման քրեական պատասխանատվության բացառումը կամ նվազեցումը:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշեց իր բացման խոսքում․
«Ուրախ եմ, որ այսօրվա սեմինարը, որպես միջազգային լավագույն մոդելի օրինակ հղում անելով առաջատար իրավական համակարգերից մեկին՝ «Անգլիական իրավունքին», հայաստանյան ընկերություններին կծանոթացնի գործող բրիտանական և միջազգային չափանիշներին։ Սա կօգնի բարելավել հայաստանյան գործարար միջավայրը, ինչն իր հերթին կամրապնդի ու կբարելավի Հայաստանի միջազգային վարկանիշը և միջազգային ներդրումներ կներգրավի»։
Կարդացեք նաև
«Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի կառավարիչ գործընկեր Դավիթ Հակոբյանը, ով որակավորված սոլիսիթոր է Անգլիայում և Ուելսում, շնորհակալություն հայտնեց Բրիտանական դեսպանատանը աջակցության համար՝ գնահատելով դեսպանատան ներդրումը տեղական բիզնես ընկերությունները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացում, ինչն իր հերթին խթանում է ներդրումների ներգրավումը ԵՄ երկրներից և Բրիտանիայից ու հնարավորություն ընձեռում բրիտանական բիզնեսին ավելի հեշտ մուտք գործել հայկական շուկա:
Շուրջ 50 ընկերություններ մասնակցեցին միջոցառմանը, որի ընթացքում որպես խոսնակ հանդես եկան բրիտանացի փաստաբան Բեն Ուելսը և «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի փորձագետները։
ՀՀ-ում ՄԹ դեսպանություն