Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոն դեր Լյայենը թերևս կդիտարկի Բաքվի հետ գազի գործարքը երկրորդ պլան մղելու և Հրվ. Կովկասում Մոսկվայի թողած վակուումը լցնելու տարբերակը. European Conservative

Հունվար 24,2023 17:18

The European Conservative պարբերականը հոդված է հրապարակել «Հայաստան. ԵՄ-ն կուժեղացնի իր արձագանքը Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի խորացման պայմաններում» վերտառությամբ: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում են ստորև.

Իրադարձությունները Կովկասում գնում են դեպի մարդասիրական ճգնաժամ, քանի որ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է էթնիկ հայ համայնքի շրջափակումը:

Ներկայիս իրավիճակը սկսվեց դեկտեմբերի 12-ին, երբ մի խումբ ադրբեջանցիներ, որոնք պնդում են, թե բնապահպան ցուցարարներ են, շրջափակեցին Լաչինի մայրուղին, որը գործնականում դեպի հայկական անկլավ և նրա մայրաքաղաք Ստեփանակերտ տանող միակ ճանապարհն է: Արդյունքում 120,000 հայեր, այդ թվում՝ 30,000 երեխաներ, այժմ հայտնվել են պակասող սննդի և բժշկական պարագաների թակարդում: Այնպիսի խմբեր, ինչպիսիք են Genocide Watch-ը, զգուշացրել են, որ այժմ տարածաշրջանում էթնիկ զտումների լուրջ վտանգ կա:

Սա հարված է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության համաձայնագրերին, ինչը որոշների պնդմամբ, նշան է, որ ԵՄ-ն լցնում է Ռուսաստանի թողած վակուումը Հարավային Կովկասում: Մասնավորապես, Հայաստանի վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը բանակցություններ են վարել Բրյուսելում և Պրահայում՝ համապատասխանաբար 2022թ. ապրիլին և հոկտեմբերին։ Նրանք երկուսը հյուրընկալվել են նաև ԵՄ խորհրդի կողմից, և երկու հանդիպումներում էլ ղեկավարները համաձայնել են խաղաղ համագործակցության՝ իրենց երկրների լեռնային վատ գծանշված սահմանների սահմանազատման գործում:

Այնուամենայնիվ, այս շրջանին նախորդող վերջին տարիներին բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել ադրբեջանական և հայկական պաշտպանական ուժերի միջև, ընդ որում, երկու կողմերն էլ պնդում էին, որ մյուսը գործում է անբարեխիղճ և սադրիչ կերպով: 2021թ. Chatham House-ի համար մի հոդվածում Լոուրենս Բրոերը պնդում էր, որ հենց Ադրբեջանն է «առավելագույն ճնշում» գործադրում՝ սահմանագծման հարցում ռազմավարական առավելություն ստանալու համար: 2021թ. նոյեմբերին ԵՄ պաշտոնյաները դատապարտեցին այդ ամիս տեղի ունեցած ադրբեջանական ռազմական գործողությունները՝ որպես 2020թ. հրադադարից հետո «ամենավատ խախտում»։ Այս լույսի ներքո Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես այս քաղաքականության ցինիկ շարունակությունն է։

Ցուցարարների ինքնության հարցում որոշակի շփոթություն կա. թուրքական TRT World հեռուստաալիքը հայտնում է, որ ցուցարարները վճռական երիտասարդ բնապահպաններ են։ Այնուամենայնիվ, ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը ներկայումս վճարում է PR ընկերություններին՝ փորձագետների կողմից ստորագրված բնապահպանական կարծիքներ պատրաստելու համար, որոնցից մեկը հակառակ արդյունքը տվեց, երբ ավստրալացի մի պրոֆեսոր հետ կանչեց ստորագրությունն այն բանից հետո, երբ պարզեց՝ ով է կանգնած դրա հետևում:

Հայկական լրատվամիջոցների հետաքննությունների համաձայն՝ ցուցարարների մեծ մասը էկոակտիվիզմի պատմություն չունի, շատերն ունեն ռազմական ծագում և սոցցանցերում տարածում են ալիևամետ բովանդակություն: Հայկական «Սիվիլնեթ» կայքի մեկ այլ հետաքննություն տարածում է կադրեր, որտեղ ցուցարարները ողջունում են «Գորշ գայլերի» նշանով:

Չորեքշաբթի՝ հունվարի 18-ին, Եվրախորհրդարանը քննարկեց իրավիճակը։ Ալիևի վարչակարգի գործողությունների դատապարտումները միաձայն էին, իսկ բնապահպանական բողոքի ցույցերը համընդհանուր համարվում էին կեղծիքներ։ Հարավային Կովկասի հարաբերությունների խորհրդարանական պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը դատապարտեց, իր պնդմամբ, Ադրբեջանի գլխավորած «վհուկների որսը», որը սկսվել է իր դեմ՝ վարչակարգի նկատմամբ իր քննադատական դիրքորոշման պատճառով: Ձախերի խմբակցությունից Մարտինա Միխելսը և ECR-ից (Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ) Էմանուիլ Ֆրագկոսը կոչ արեցին ստեղծել օդային կամուրջ՝ շրջանցելու շրջափակումը և մարդասիրական օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղին, Ֆրագկոսն անգամ պահանջեց դա սկսել մինչև «շաբաթվա վերջ»:

Այնուամենայնիվ, նման դատապարտում մինչ օրս չի եղել ԵՄ այլ կառույցների կողմից: ECR խմբի գերմանացի պատգամավոր Պատրիկ Լարս Բերգը, ով մասնակցել է տարածաշրջանում խորհրդարանի փաստահավաք առաքելությանը, ասում է. «Եվրահանձնաժողովի երկակի ստանդարտները երբեմն անկրկնելի են։ Նախագահ ֆոն դեր Լյայենի անխոհեմ մերձեցումը Բաքվի իշխանությունների հետ ցույց է տալիս այնպիսի ցինիզմ, որը նշանակալից է անգամ հանձնաժողովի սովորական չափանիշները հաշվի առնելով: Նախագահը նույնիսկ Ադրբեջանին որակել է որպես «վստահելի գործընկեր»»։

Միևնույն ժամանակ, ինչպես երևում է, ԵՄ-ն ուժեղացնում է իր արձագանքը։ Մեկամսյա դիտորդական առաքելության ավարտից հետո Եվրոպական խորհուրդը հայտարարել է ևս մեկ առաքելություն ուղարկելու իր ծրագրի մասին: Հայկական աղբյուրները պնդում են, որ այս առաքելությունը կտևի երկու տարի և պարեկություն կիրականացնի հայկական սահմանի ողջ տարածքում։ Նախագահ Ալիևը խորը դժգոհություն է հայտնել իրադարձությունների զարգացման կապակցությամբ՝ հայտարարելով, որ նոր առաքելությունը «ոչ թե կբարձրացնի անվտանգությունը, այլ ընդհակառակը, կխաթարի բանակցությունների ձևաչափը»։ Ադրբեջանական այլ աղբյուրներ ավելի անկեղծ են. Azernews կայքի մի հոդվածում ԵՄ առաքելությունն անվանում է «տարածաշրջանում ռազմական ուժ տեղակայելու ֆրանսիական գործիք»:

Չնայած ԵՄ դիտորդական առաքելության ավելացման վերաբերյալ ադրբեջանական մտավախություններին՝ պարոն Բերգը դեռ թերահավատ է, թե արդյոք դա բավարար կլինի:

«Ադրբեջանն անտեսել է իր իսկ ստորագրած հաշտության պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները. հայ ռազմագերիները մնում են գերության մեջ, իսկ Լեռնային Ղարաբաղում անդադար շարունակվում է ժառանգության օբյեկտների ոչնչացումը: Հայաստանը հարուստ է իր քրիստոնեական ժառանգությամբ, և ենթակառուցվածքների ու մշակույթի համակարգված ոչնչացումը սարսափելի է»:

Այլ հարցերով շեղված Ռուսաստանը չի կարողանում բեկում մտցնել, և վերջին օրերին, ինչպես երևում է, Ռուսաստանի և Հայաստանի միջև նախկինում սերտ հարաբերությունները խզվում են, այնքան, որ Հայաստանն արգելել է ՀԱՊԿ-ի [Ռուսաստանի գլխավորած բազմազգ ռազմական դաշինքի] զորավարժություններն իր տարածքում:

Հաշվի առնելով ֆոն դեր Լյայենի հակումը՝ եվրոպական արժեքներ արտահանելու հակամարտությունների տարածքներ՝ նա հավանաբար կդիտարկի գազի գործարքը երկրորդ պլան մղել մղելու և Ռուսաստանի թողած վակուումը լցնելու տարբերակը՝ այդպիսով ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական կարիքները։

Նախագահ ֆոն դեր Լյայենի օրոք Եվրոպան ժանտախտ ու պատերազմ է ապրել, իսկ Լեռնային Ղարաբաղն այժմ սով է ապրում: Կա մեկ ձիավոր, որ պետք է գնա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031