Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից կաշառք ստացած հարյուրավոր անձինք պատասխանատվությունից խուսափել են»․ Ջերալդ Կնաուս

Հունվար 24,2023 16:23

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում, լիագումար նիստերին զուգահեռ, ընթացավ քննարկում Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմայով՝ «Հետամուտ լինելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցին․ Շտրասսերի զեկույցի մերժումից տասը տարի անց» խորագրով։ Այս քննարկմանը ներկա էր նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեծամասնությունը, մինչդեռ ներկա չէր Ադրբեջանից ոչ մի պատվիրակ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի պատրաստած զեկուցին 2013-ին դեմ քվեարկեցին Վեհաժողովի միանգամից 125 պատգամավորներ: Նրանցից միայն վեցն էին ներկայացնում Ադրբեջանը` մնացածը Եվրամիության եւ հետխորհրդային տարածքի պետությունների ներկայացուցիչներ էին: Այս առիթով մեծ կոռուպցիոն սկանդալ բացահայտվեց, թե ինչպես էր Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատվիրակներին։ Հիշեցնենք՝ ԵԽ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ անդամ Լուկա Վոլոնտեն 2021-ին Միլանում չորս տարվա ազատազրկման էր դատապարտվել` կոռուպցիայի մեղադրանքով:
ԵԽԽՎ պատգամավոր Փիթեր Օմզիգը հայտարարեց, թե կատարվածը բավարար չէ ու ասաց․ «Մենք Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով կոռուպցիոն դեպքեր ենք բացահայտել, բայց կարծում եմ՝ պետք է ուժեղացնենք վերահսկողությունը, պատասխանատվության մեխանիզմները։ Մեր կազմակերպությունը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, որպեսզի այլևս երբեք չունենանք պատերազմ, ցեղասպանություն, քաղաքական բանտարկյալներ, լինի բաց, ազատ, ժողովրդավարական հասարակություն։ Սակայն այդպես չեղավ։ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ, Թուրքիայում ևս կան քաղբանտարկյալներ, քաղբանտարկյալներ կան ՌԴ-ում։ Եթե արձանագրում ես, որ կան քաղբանտարկյալներ, բայց դրանից հետո գործուն քայլեր չես ձեռնարկում, խոշոր հաշվով ասում ես՝ դա նորմալ։ Մենք պետք է դադարենք այդպես վարվել»։

ԵԽԽՎ նախկին պատգամավոր, զեկույցի հեղինակ Քրիստոֆ Շտրասսերը պատմեց, որ ժամանակին, երբ պատրաստում էր այդ զեկույցը, երբեք իրեն հնարավորություն չեն տվել այցելել Ադրբեջան, մինչդեռ կային ԵԽԽՎ պատվիրակներ, որոնք բազմիցս այցելում էին Ադրբեջան․ «Զեկույցը հանձնաժողովում ընդունվել էր մեծամասնության ձայնով։ Եվ երբ այն չընդունվեց վեհաժողովի կողմից, բոլորը հարցնում էին՝ ո՞րն է խնդիրը։ Այդ քվեարկությունից արդեն հասկանալի էր՝ ինչ է կատարվում։ Ադրբեջանը միայն փողի միջոցով ձայներ չի «գնել», այլ օգտագործվել են այլ միջոցներ։ Հիշում եմ՝ երբ իմ հեղինակած բանաձևին դեմ քվեարկեցին, Սամադ Սեիդովը վեր կացավ ու հայտարարեց՝ սա ԵԽԽՎ-ի համար լավ օր էր, քանի որ ԵԽԽՎ-ն չի պատկանում պարոն Շտրասսերին, այլ այն մեր ԵԽԽՎ-ն է»։

Եվրոպական կայունության նախաձեռնության ղեկավար Ջերալդ Կնաուսը կարևորեց, որ հետաքննությունը տարվի մինչև վերջ, քանի որ մինչև հիմա էլ այս գործով շատ անձինք, որոնք կաշառք են վերցրել Ադրբեջանի կողմից, կամ մասնակցել են այդ գործարքներին, ազատության մեջ են։ Ադրբեջանի կողմից կաշառված ԵԽԽՎ պատգամավորների անուններ տալով՝ նա ասաց․ «Օրինակ՝ մի պահպանողական իսպանացի պատգամավոր կար, որը միշտ պատրաստ էր գնալ Ադրբեջան։ Կամ Պեդրո Ագրամունտը պատրաստել էր զեկույց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ, որն իրականում ծուղակ էր, որպեսզի Վեհաժողովը կողմ քվեարկեր այդ փաստաթղթին, այլ ոչ թե պարոն Շտրասսերի զեկույցին։ Նա ասել էր ինձ, որ իբր Ադրբեջանի կառավարությունն իրեն խոստացել է, որ բոլոր ազատազրկվածներն ազատ կարձակվեն։ Բայց մենք գիտեինք, որ Շտրասսերի զեկույցի ընդունումից հետո հրատապ կերպով պետք է ազատ արձակվեին բոլոր քաղբանտարկյալները, այդ թվում՝ Անար Մամմադլին։ Նրա ազատազրկումից անմիջապես հետո Ադրբեջան է այցելում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ու մի հայտարարություն տարածում՝ սա լավ սկիզբ է Ադրբեջանի նախագահության համար՝ ոչինչ չասելով այդ ազատազրկման մասին։ Այդ ժամանակներում ԵԽԽՎ-ն նույնիսկ ավելի կոռումպացված էր, քան ՖԻՖԱ-ն։ Իտալացի դատախազները պարզել էին, որ եղել է կասկածելի գործարք՝ 2,4 միլիոն եվրոյի, բայց այդ անձն անգամ խոստովանել էր, որ իր հետ կնքվել է 10 միլիոն եվրոյի պայմանագիր»։

Ջերալդ Կնաուսը ցավով նշեց, որ այս հանցագործություններում ներգրավված շատ անձինք ջրի երես դուրս չեն եկել։ Նա վստահեցրեց՝ իրենց կատարած հետազոտությունները վեր են հանել հարյուրավոր անձանց, որոնք ներգրավված են այս հանցագործության մեջ, բայց նրանցից շատերը խուսափել են պատասխանատվությունից։

Քննարկմանը մասնակցում էին նաև Էլդար Մամեդովի ղեկավարած Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից։ Նրանից մեկը հայտարարեց․ «Ես քաղբանտարկյալներից շատերին անձամբ գիտեմ, իմ ընկերներն են: Շնորհակալություն պարոն Շտրասսերին, ես հիշում եմ՝ մեր հանձնաժողովը կողմ էր քննարկել այդ բանաձևին։ Այս հարցերը միշտ պետք է լինեն ԵԽԽՎ օրակարգում։ Դուք կարող եք միշտ վստահ լինել Ադրբեջանի ընդդիմադիր հատվածի, քաղհասարակության աջակցության վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031