Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, «Հակամարտության հետ կապված սեռական բռնության» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ, Ադրբեջանի պատվիրակության անդամ Կոնուլ Նուրուլլայեվան հայտարարեց, թե իբր Ադրբեջանը հակամարտության հետ կապված սեռական բռնությունների բացասական ազդեցությունը բազմիցս զգացել է։ Ներկայացրեց, թե իբր հազարավոր ադրբեջանցի կանայք զոհ են դարձել տարբեր տեսակի սեռական բռնությունների ղարաբաղյան պատերազմի ժամանակ և այլն։
Այնուհետև շահարկեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Թեհրանում անցկացված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» մասնակցությունը ու նշեց․ «Ինչպե՞ս կարող է նա արդարացնել իր մասնակցությունը քարոզչական արշավում, որին մասնակցել են միայն 10 երկրների առաջին տիկինները։ Իրանում այս միջոցառմանը ՀՀ-ի մասնակցությունը հակասում է արևմտյան երկրների միասնական դիրքորոշմանը մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, մինչ իր ելույթը, արձագանքեց ադրբեջանցի պատվիրակի հայտարարություններին ու ասաց․ «Ժողովրդավարության գովքը լսելով մի երկրի ներկայացուցչի կողմից, որը ամենաբռնատիրական երկրներից մեկն է, ինչն արձանագրվել է բոլոր միջազգային կազմակերպությունների զեկույցներում, մենք միայն կարող ենք ունենալ ֆեյսփալմի զգացողություն (ձեռքի ափով դեմքը ծածկող էմոջի), ուրիշ ոչինչ»։
Կարդացեք նաև
Այնուհետև բարձրաձայնեց ադրբեջանցի վայրագությունների ու բռնությունների մասին գերիների և մասնավորապես հայ կանանց նկատմամբ, ինչպես նրանց կենդանության օրոք, այնպես էլ նրանց դիակների խոշտանգումների հետ կապված։ Պատգամավորը հայտարարեց․ «2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայից հետո ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն էր շոկի մեջ այն սարսափելի տեսանյութերից, որոնք տարածվել էին ադրբեջանական մեդիայում։ Հայ կին զինծառայողները, որոնք հայտնվել էին ադրբեջանական զինված ուժերի ձեռքում, ենթարկվել են ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի։ Բոլոր կին գերիների մարմինները խոշտանգվել են՝ նրանց մարմինների վրա թողնելով ադրբեջանցի հատուկ ջոկատայինների նշանները։ Այս տեսանյութերը նաև տեսել են այս կանանց զավակները։ Նշեմ նաև, որ այս կանանց աճյունները մինչև այժմ չեն հանձնվել հայկական կողմին։ Ավելին` այս գործողություններին հաջորդում է ցինիզմը՝ համեմված ատելության խոսքով։ Սա նաև էթնիկ բռնություն է։ Այս հանցագործությունները պետք է պատժվեն, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ