«Ինձ համար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը բեկումնային էր։ Hard Talk-ի հյուրերը եղել են նաեւ Զոհրաբ Մնացականյանն ու Նիկոլ Փաշինյանը, ու հենց այդ համապատկերում ես տեսա եւ լսեցի, թե ինչպես է հայկական երկրորդ պետության ղեկավարը անկասելի օգտագործում միայն հայկական եզրույթներ, խոսում Արցախի մասին, ինչը ստիպեց մեկնաբանին թարգմանելու, ասելու, որ դա բազմաչարչար Լեռնային Ղարաբաղն է։ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ Արցախ անունն օգտագործվել է նաեւ Ադրբեջանի դասագրքերում»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC Hard Talk-ին տված հարցազրույցին՝ ասաց լեզվաբան, ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։
Նրա խոսքով․ «Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց, որ իրական քաղաքական գործիչը պետք է առաջնորդվի ամենից առաջ այն ժողովրդի շահերով, որի ներկայացուցիչն ինքն է եւ որի շահերի պաշտպանությունը վերապահվել է իրեն։ Մեկնաբանի այն համառ պնդումները՝ խոսելու այն մասին, որ դուք դատապարտո՞ւմ եք Պուտինին, ծաղրական այն արտահայտությունները, որ ձեր միակ հույսը Պուտինն է, ինչպես եք վերաբերվում Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, չափազանց արժանապատիվ, ողջամիտ, քաղաքականապես եւ ամենակարեւորը՝ ազգային, պետական տեսանկյունից բացարձակ արդարացված եւ հիմնավոր պատասխաններ հնչեցին, որ նախ պատերազմներ տեղի են ունենում ոչ միայն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում, ամենուր, եւ այսօր մենք պետք է խոսենք մեր 120 հազար շրջափակված հայրենակիցների, էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականության մասին, որը վարում է Ադրբեջանն իր համախոհների հետ միասին․․․Ասաց, այո, Ռուսաստանն ունի խնդիրներ, բայց Ռուսաստանն այն պետությունն է, որն այնտեղ պահում է խաղաղապահ փոքր զորամիավորում, չունի մեծ լիազորություններ, բայց, համենայն դեպս իրենք արել են այդ քայլը, եւ այսօր գուցե կարիք ունենք, որ մենք դրսեւորենք մեր կողմից քայլեր, եւ եթե միջազգային հանրությունը իսկապես ուզում է մարդու իրավունքների եւ եվրոպական ժողովրդավարության սկզբունքները պաշտպանել, պետք է մտածի ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի եւ հօգուտ Ուկրաինայի, այլ մտածի ընդհանրապես պատերազմները դադարեցնելու եւ բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանելու մասին․․․
Մի խոսքով, սա խիստ գրագետ հարցազրույց էր՝ քաղաքականապես, պետականորեն, եւ առաջին անգամ հերքվեցին նարատիվները, որոնք անընդհատ փաթաթվում են մեր վզին, թե այլեւս չկա այլընտրանք, որ Արցախի միակ ելքը, ինչպես ձեւակերպում էր վարողը, գործարքի մեջ մտնելն է Ադրբեջանի հետ։
Իսկ ամենասադրիչ հարցերը, որ նաեւ ցավալի էին, նրանք էին, որ Հայաստանի իշխանությունն այլ բան է ասում, անգամ այդ տեղից շատ մեղմ ձեւակերպումներով Ռուբեն Վարդանյանն արժանապատվորեն դուրս եկավ եւ ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահն ունի դրական հարաբերություններ ներկայիս իշխանությունների հետ։ Բացի այդ՝ վկայակոչեց այն միտքը, որ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում է, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը»։
Կարդացեք նաև
Դիլբարյանի խոսքով, կարևոր էր մեր ազգային ուխտի այն շեշտադրումը, որ Արցախը հայկականության պահապանն է, մեր ԴՆԹ-ի իրական դրսեւորումը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ