Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի շրջափակումը պարտադրում է ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները

Հունվար 24,2023 15:02

«Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք

2022թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից փակվել է Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում։

Շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, դադարեցվել է պարենի, վառելիքի և դեղորայքի կանոնավոր մատակարարումները, առաջացել է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդ, այդ թվում մանկական սննդամթերքի և որոշ ջերմիջեցնող դեղերի:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։ Անհնարին է դարձել դեպի այդ համայնքներ սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան սկզբնական շրջանում անհնար էր, այնուհետև իրականացվել է Կարմիր Խաչի միջնորդությամբ: Դեկտեմբերի 14-ից Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները, ինչի հետևանքով շուրջ 430 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից (16.01.2023 թ. դրությամբ)։

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման պարբերական արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում ծագած դժվարությունները սպառնում են առավել խորացնել վառելիքի պակասից ծագած ճգնաժամը: Արդեն մեկ ամսից ավել է շրջափակված Արցախում բենզալցակայանները աշխատում են հատուկ կարգով, որը մշակել է օպերատիվ շտաբը: Վառելիքի գներում փոփոխություններ չեն գրանցվել, սակայն փոխվել է գնման ընթացակարգը. պարտադիր պայման է համապատասխան կտրոնի առկայությունը:

Արցախը Հայաստանին կապող մայրուղու փակվելուց անմիջապես հետո մայրաքաղաք Ստեփանակերտում հասարակական տրանսպորտը սկսել է գործել արտակարգ ռեժիմով. սպասարկող ավտոբուսների թիվը կրճատվել է 50 տոկոսով: Պատճառը վառելիքի պակասն է:

Տաքսի ծառայություն ընկերությունները շրջափակման պատճառով ստիպված են ուղևորափոխադրումներն իրականացնել միայն Արցախի տարածքում, սակայն վառելիքի պակասը նրանց համար նույնպես օրհասական խնդիր է:

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից: Հանրապետությունում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:

Խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու նպատակով, Արցախի կառավարությունը հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկում՝ էլեկտրաէներգիայի արտադրման եղած պաշարները խնայելու ուղղությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը: (20.01.2023 թ. դրությամբ):

Բերձորի միջանցքի փակման հետևանքով Արցախում բազմաթիվ ընկերություններ փակվել են: Տեղական հումքով աշխատող որոշ կազմակերպություններ դեռ աշխատում են, բայց ներկրվող օժանդակ նյութերի պակասն արդեն զգացվում է: Որոշ ընկերությունների արտադրանքի սպառման հիմնական շուկան Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն են և ստեղծված իրավիճակում տնտեսավարող սուբյեկտները ֆինանսական խնդիրներ ունեն: Նրանք մտածում են արտադրանքը տեղական շուկայում իրացնելու ուղղությամբ, սակայն ներկայիս պայմաններում բնակչությունը հակված է հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը:

Առավել ծանր իրավիճակում են հայտնվել ապրանք ներկրող ընկերությունները:

Արցախի շրջափակումը ծանր հարված է հասցրել հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին: 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը (16.01.2023 թ. դրությամբ):

Միակ միջանցքի փակումը Արցախում պարենային խնդիրներ է առաջացրել: Շրջափակմանը հաջորդած 1-2 շաբաթվա ընթացքում փակվեցին միրգ-բանջարեղենի խանութները. ապրանք չեն ստանում: Սկզբում վերջացան լայն սպառման ապրանքները, այնուհետև գրեթե ամեն ինչ: Խանութների դարակները գրեթե դատարկ են:

Դեղատներում շատանում են հերթերը, բացակայում են ամենապահանջված դեղամիջոցները: Դեղատներում կա ջերմիջեցնող դեղերի, ցավազրկողների, հակաբիոտիկների, մանկական կերերի և տակդիրների պակասություն:

Ավելի քան 14400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Առկա պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու համար Արցախում ներդրվել է կտրոնային համակարգ: Արցախցիները տրամադրված կտրոններով 2023 թվականի հունվարի 20-ից կարող են գնել մեկ լիտր ձեթ ու մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ։

Կտրոնային համակարգի անհրաժեշտության մասին արցախցիները խոսում էին շրջափակման առաջին իսկ տասնօրյակում, երբ խանութների դարակները դատարկվեցին, իսկ կառավարության պահուստներից տրամադրվող մթերքը շատ արագ անհետանում էր վաճառասեղաններից, մթերք հասնում էր նրան, ով ծանոթ խանութպան ուներ կամ էլ ճարպկորեն հետևում էր, թե որ խանութը որ պահին ինչ ստացավ:

Այսօր հերթերը դատարկ խանութներից տեղափոխվել են բանկոմատների ու տերմինալների մոտ, մարդիկ ոչ միայն աշխատավարձը, կենսաթոշակն էլ միանգամից հանել չեն կարող, քանի որ կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին են առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Խնդրի կարգավորման ուղղությամբ օպերատիվ շտաբը միջոցներ է ձեռնարկել և մտցվել են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար գործում է սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով: Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորությունն ապահովված է ցանկացած բանկի քարտերի համար: Կանխիկի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է Արցախում զարգացնել անկանխիկ վճարման համակարգեր, որը հնարավոր է ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման միջոցով։

Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները: Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը պարտադրում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ: Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը: Հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

Արցախում և Հայաստանում քաղաքացիների կողմից տեղի են ունեցել բազմաթիվ բողոքի ակցիաներ պետությունների դեսպանատների, ՄԱԿ-ի գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև, սակայն ոչ մի արդյունք չեն տվել:

Չնայած այդ ամենին, ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության մթնոլորտում: Միջազգային հանրությունը պետք է գործի շատ հստակ ձևով, օրինակ՝ պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի դեմ և պարտադրելով Ադրբեջանին հետևել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին:

Անի ԱԶԱՏՅԱՆ

Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031