Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է Ադր­բե­ջա­­նի ժողովրդական ճակատի ռազմական խմբավորումների կողմից Խոջալուի բնակչությանը հանցագործ խաբեությամբ զինված բախումների մեջ ներքաշելու ծրագիրը. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ուսումնասիրություններ

Հունվար 24,2023 13:53

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 10 տարուց ավելի է՝ կատարվում են «Բռնության և պատերազմի» մարդաբանական ուսումնասիրություններ։ Դրանք բազմաշերտ են. նյութեր են հավաքվում և վերլուծվում են բախումների գոտու բնակչության և ընդհանուր հասարակության վրա բռնությունների և ռազմական բախումների պատմական և ընթացիկ դրվագների ազդեցությունները, դրանց անհատական և հասարակական ընկալումների, փախուստների, փախստականների հետագա կյանքի, անցյալի պատմական բռնությունների անհատական և սոցիալական հիշողության և այդ հիշողության ձևավորման քաղաքականության թեմաները: Հետազոտություններն ընդգրկում են ինչպես ներպետական քաղաքական բռնությունների (էթնիկական աքսորներ, դեպորտացիաներ, ռազմական ուժով ճնշումներ, տեղափոխության հարկադրանքներ և այլն), այնպես էլ միջպետական լարվածությունների և ռազմական գործողությունների ընդհանուր հասարակական, մասնավոր՝ սահմանային գոտիների բնակչության վրա ազդեցությունները:

2021թ. առաջին անգամ վերլուծվել են 1992թ. փետրվարի 26-ին հայկական ռազմական ուժերի կողմից Արցախի Խոջալու բնակավայրի գրավման և դրան հաջորդած օրերին բնակավայրի քաղաքացիական բնակչության ճակատագրի մանրամասներն արխիվային, դաշտային, հայկական, ադրբեջանական, ռուսական և անգլիալեզու տպագիր աղբյուրների նյութերի համակցմամբ: Ներկայացվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռազմական խմբավորումների կողմից Խոջալուի քաղաքացիական բնակչությանը հանցագործ խաբեությամբ զինված բախումների մեջ ներքաշելու ծրագիրը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության զգալի մասը բնակավայրը լքելուց հետո մեծ կորուստներ և զոհեր է ունեցել նահանջի ճանապարհին: Բացահայտվել է Խոջալու բնակավայրը գրավելու և «բնակչության նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու» մասին ադրբեջանաթուրքական տարատեսակ՝ կեղծ գիտական, դիվանագիտական, մշակութային և այլ քարոզչական միջոցներով 28 տարիների ընթացքում ահռելի քանակով և լայնորեն տիրաժավորված կեղծիքը: Հետազոտության հիման վրա 2021թ. հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի հեղինակած «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում» գիտական աշխատությունը:

«Մեր նպատակային հետազոտությունները սկսվել են դեռևս 2010-2013թթ. Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հաշտեցման ծրագրի» շրջանակներում՝ Գերմանիայի «Դվվ ինտերնացիոնալ» (DVV International) կազմակերպության միջնորդությամբ: Դրանից հետո մենք աշխատել ենք ՀՀ պետական բյուջեից գիտական թեմաների ֆինանսավորման շրջանակներում: Որպես նպատակային հետազոտական աշխատանք «Պատերազմի մարդաբանություն» անվանվել է վերջին երեք տարիներին»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Կատարվել են Թուրքիայում իրականացված հայերի և Դերսիմի ալեվիների ցեղասպանության, 1920թ. հայ-թուրքական պատերազմի, 1918-1920թթ. Կովկասում տեղի ունեցած հայ-թուրքական հակամարտության, 1992-1993թթ. «Արևելյան Անատոլիայից»՝ Արևմտյան Հայաստանի տարածքից տեղահանված բնակչության, 1980թ. հետո սկսված Ղարաբաղյան կոնֆլիկտի, դրանում առկա բռնության /դեպորտացիաների, Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի, փախստականության, կոնկրետ ռազմական բախումների և մարդկանց, հասարակությունների վրա դրանց հետևանքների և այդ հետևանքների մեկնաբանության, թշնամանքի և ատելության սերմանման քաղաքականության, պետությունների իշխանության կողմից հասարակական հիշողության ձևավորման քաղաքականության, ինքնությունների փոփոխության, նոր ինքնությունների ձևավորման, դրանց հետևանքների մարդաբանական ուսումնասիրություններ:

«Ուսումնասիրության արդյունքում հավաքվել են մեծ քանակությամբ դաշտային և արխիվային նյութեր Թուրքիայի գավառներում և Կոստանդնուպոլսում՝ ներկայիս Ստամբուլում, Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, քրիստոնյա, իսլամացված քրդացած, թրքացած, արաբացած, ալեվիացած հայերի, զազա ալեվիների, թուրքահայ փախստականների ժառանգների, ադրբեջանահայ փախստականության, ուդի փախստականների, փախստական և տեղափոխված սիրիահայերի վերաբերյալ: Արվել են դիտարկումներ Արցախի Հանրապետության տարածքում ավերված բնակավայրերում, հավաքվել են արխիվային նոր փաստաթղթեր, անց են կացվել նպատակային գիտաժողովներ, գրվել են մենագրություններ, հրատարակվել են ժողովածուներ, հոդվածներ գիտական պարբերականներում, ծանոթագրված և խմբագրված հուշագրություններ, գրախոսություններ: Թեմայի վերաբերյալ կազմակերպվել են ցուցահանդեսներ, դասախոսություններ և քննարկումներ նաև ՀՀ մարզերում»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Ուսումնասիրությունների հիման վրա հրատարակվել են շուրջ 80 աշխատություններ, գիտական հոդվածներ, գիտահանրամատչելի հոդվածներ, գրախոսություններ Հրանուշ Խառատյանի հեղինակությամբ և համահեղինակությամբ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Գայանե Շագոյանը, Արսեն Հակոբյանը, Հարություն Մարությանը, Լևոն Աբրահամյանը, Աղասի Թադևոսյանը և այլոք բռնության և պատերազմի տարբեր խնդիրների մարդաբանական վերլուծությունների հրապարակումներով և գիտաժողովների ելույթներով անդրադարձել են բռնության լեզվի, զոհի թիրախավորման, հոգեբանության, խմբային մարդկային, այդ թվում էթնիկական վարքի, պաշտոնական և հանրային հիշողության և դրանց ձևավորումների քաղաքականության խնդիրներին: Նյութահավաքչությունը, վերլուծությունները շարունակվում են:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031