Լոռու մարզի Գուգարք համայնքում տեղի ունեցավ խաչքարի տեղադրման արարողություն: Խաչքարը կառուցվել է ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների: Խաչքարի տեղադրման գաղափարը եղել է կրտես սերժանտ, հրետանավոր Գոռ Բաբայանինը: Երբ պատերազմի ժամանակ Գոռը վիրավորվում է, հիվանդանոցում որոշում է հերոս ընկերների համար խաչքար տեղադրել: Ցավոք, Գոռի ստացած վերքերը կյանքի հետ համատեղելի չեն լինում եւ երիտասարդը միանում է հերոս ընկերներին:
Իսկ խաչքարի նախաձեռնությունը կյանքի է կոչում հերոսի հայրը: Այսուհետ խաչքարը հավերժացնելու է նաեւ որդու հիշատակը. «Ես ցանկացա նրա նպատակն իրականացնեմ: Ափսոս, որ ինքը չկարողացավ դիմակայել իր վերքերին ու հեռացավ անժամանակ: Ցավոք, խաչքարը նվիրվեց նաեւ իրեն: Նման աշխատանքները համարում եմ մեր բոլորիս պարտքը: Պատրաստ եմ իմ ուժ ու եռանդը ներդնեմ մեր զինվորների համար: Աստված խաղաղություն տա, մեր զինվորներին էլ փառք ու պատիվ, մենք երախտապարտ ենք իրենց»,- ասում է Գոռի հայրը՝ Գագիկ Բաբայանը:
Խաչքարը տեղադրվեց Գոռի ծննդյան օրը: Տղան կդառնար 22 տարեկան: Հերոսի մասին միայն բարին են հիշում ու խոսում. «Միայն լավը կարող եմ ասել Գոռի մասին: Ընկերասեր, հարեհաս, չափից դուրս բարի, կամեցող: Շնորհակալ եմ Գոռի ծնողներին նման տղա ունենալու, նման ընկեր դաստիարակելու համար: Երբեք անցյալով չեմ խոսի Գոռի մասին, եւ փառք ու պատիվ այն տղաներին, որոնց շնորհիվ մենք հիմա կանգնած ենք այստեղ: Եվ թող այս խաչքարը պահապան լինի մեր բոլոր զինվորներին»,- ասում է Գոռի դասընկերուհին՝ Լենան:
Գոռը պատերազմի ժամանակ վարած ճիշտ մարտավարության ու լավ ծառայության համար խրախուսվել է: Իսկ 2021 թվականին Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել «Մարտական ծառայություն» մեդալով:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ