Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում կարծում են, որ Երևանը կօգտագործի ԵՄ նոր առաքելության ներկայությունը՝ իր պարտավորություններից խուսափելու համար

Հունվար 24,2023 13:05

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը կարող է օգտագործել ԵՄ նոր առաքելությունը որպես առիթ՝ ստանձնած պարտավորություններից խուսափելու համար:

«ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակով անցկացրած մի շարք խորհրդակցություններից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը չպետք է Հայաստանի համար ծառայի որպես առիթ՝ իր ստանձնած պարտավորություններից հրաժարվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ «ԵՄ առաքելության ներկայությունը չարաշահելը վտանգավոր է երկխոսության գործող մեխանիզմների համար, և դրանից պետք է խուսափել»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ EUMA առաքելությունը չպետք է օգտագործվի «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում սահմանազատման գործընթացը խաթարելու համար, որը պետք է իրականացվի երկկողմ հիմքով»:

Ընդ որում, ըստ Բաքվի՝ ԵՄ առաքելության ծավալումը պետք է իրականացվի համապատասխան կերպով՝ «հաշվի առնելով Ադրբեջանի լեգիտիմ շահերը, և այդ առաքելության գործունեությունը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը»:

«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության գործունեության սկիզբը քննարկելիս պետք է առավելագույն ուշադրություն դարձնել նախորդ փորձից անհրաժեշտ դասեր քաղելուն», – ասվում է հայտարարության մեջ:

Ընդ որում, ըստ ԱԳՆ-ի՝ Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը Բաքուն համաձայնություն է տվել Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությանը՝ հույս ունենալով, որ այն կարող է օգնել Բաքվի ու Երևանի միջև կարգավորման գործընթացին: Այնուամենայնիվ, «չնայած երկու ամիս տևողությամբ առաքելության՝ բարձր մակարդակով ամրագրված հստակ ամրագրված նպատակներին ու չափանիշներին՝ մոնիթորինգային առաքելության գործունեությունն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից լուրջ շեղումներով, ինչը պայմանավորված է ԵՄ որոշ անդամ երկրների կանխակալ մոտեցումներով»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության ներկայությունը համընկել է Հայաստանի ջանքերի հետ՝ իբր խաթարելու կարգավորման գործընթացը բոլոր ուղղություններով: Հետևաբար, չեն արդարացել այն ակնկալիքները, որ այդ առաքելությունը կնպաստի խաղաղության և կարգավորման օրակարգին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031