Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարում հումանիտար աղետի ու ցեղասպան շրջափակման գերնպատակը մեկն է՝ Արցախի հայաթափումը, նժարին՝ 120 հազար մեր հայրենակցի ճակատագիրը. Շիրակի մարզպետ

Հունվար 24,2023 12:43

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հումանիտար ճգնաժամից հումանիտար աղետի վերածվող մղձավանջ։ Օր 44 …

Միջազգային հանրության, աշխարհի առաջադեմ հասարակության ամենակոշտ գնահատականն անգամ ունակ չէ սթափեցնել բռնատիրական ռեժիմի պարագլուխներին։ Բնապահպանական կեղծ օրակարգի իրական թիրախը խաղաղ բնակչությունն է, որը պատանդի կարգավիճակում է պահվում։

Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է 44 օր։ Ի հեճուկս Ադրբեջանի սին պնդումների, այժմ աշխարհին ի ցույց են դրվել այդ երկրի իրական նկրտումները՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի պտուղները։ Ծայրահեղ ատելության հռետորաբանության, խաղաղ բնակչության նկատմամբ ակնառու սպառնալիքների ու պարբերական բնույթ կրող ահաբեկումների տրամաբանական շարունակությունն են վերջին մեկ ու կես ամսվա գործողությունները։ Լաչինի միջանցքի արգելափակմամբ հումանիտար աղետի էությունը ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի ձեռագրաբանության ցցուն դրսեւորումն է, որն ավելի խորքային ասպեկտ ունի՝ էթնիկ զտում։

Օրերս Ադրբեջանը հերթական անգամ խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Խաղաղ բնակչությունը զրկված է ջեռուցումից, պարբերաբար էլեկտրաէներգիայից, սննդից, բուժօգնությունից, ազատ տեղաշարժից, իսկ երեխաների իրավունքների աղաղակող խախտումները ակնառու են բոլորի համար։ Վերոգրյալը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի բազմաթիվ դրույթների կոպտագույն խախտում է։

21-րդ դարում հումանիտար աղետի ու ցեղասպան շրջափակման գերնպատակը մեկն է ՝ Արցախի հայաթափում, նժարին՝ 120 հազար մեր հայրենակցի ճակատագիրը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031