Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. Փաշինյանի ծաղրանկարի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը շատ կարևոր է ոստիկանության կամայականությունները զսպելու համար

Հունվար 24,2023 12:09

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԾԱՂՐԱՆԿԱՐԻ ԳՈՐԾՈՎ

Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը ցուցադրելու համար 2022թ. ապրիլի 28-ին ոստիկանները Վահագն Չախալյանին, Անդրանիկ Մարգարյանին և մյուս գաղափարակից ընկերներին վարչական ձերբակալման են ենթարկել: Ընդ որում, ձերբակալումն իրականացրել են առանց հիմքերի, առանց նախազգուշացման և իրավական ընթացակարգերի պահպանման: (արձագանքը՝ համացանցում)

Ակնհայտ ապօրինի ձերբակալության առիթով ես, Անդրանիկ Մարգարյանը և Վահագն Չախալյանը 02.05.2022թ. հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնակատար Հ.Մանանդյանի 13.05.2022թ. որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է: Մերժման հիմքում քննիչը դրել է հիմնականում այն փաստարկը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածում նշված «ձերբակալելը» չի վերաբերում վարչական ձերբակալմանը:

Քննիչի որոշման դեմ բերված մեր բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Պողոսյանի 30.11.2022թ. որոշմամբ մերժվել է:

Հատուկ վերանայման բողոք ենք ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 19.01.2023թ. որոշմամբ բողոքը բավարարել է, առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է, իսկ քննիչի պաշտոնակատար Հ.Մանանդյանի որոշումը՝ վերացրել:

Վերաքննիչ քրեական դատարանն արդարացիորեն վկայակոչել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կարգավորումները և դրանց հետ կապված եվրոպական դատարանի մեկնաբանությունները: Մասնավորապես, Rantsev v. Cyproud and Russia (#317) գործով եվրոպական դատարանը նշել է՝ «Եթե փաստերը վկայում են, որ տեղի է ունեցել ազատությունից զրկում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, ապա ազատությունից զրկելու հարաբերականորեն կարճ տևողությունը որևէ կերպ չի կարող ազդել տվյալ եզրահանգման վրա»:

Վերաքննիչ դատարան առաջ է քաշել նաև մի շարք հարցեր, այդ թվում՝

– Արդյոք ոստիկանության ներկայացուցչի կողմից հավաքի մասնակիցներին ներկայացվել է այն դադարեցնելու պահանջ.

– Արդյոք ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից, տվյալ դեպքում նաև Վ.Չախալյանից և Ա.Մարգարյանից ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով պահանջել է դադարեցնել հավաքը.

– Արդյոք հավաքը դադարեցնելու համար ոստիկանության ներկայացուցիչը սահմանել է ողջամիտ ժամկետ.

– Արդյոք ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացրել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու մասին.

– Հաշվի առնելով, որ ըստ գործի նյութերի՝ հավաքը կրում էր խաղաղ բնույթ, ոստիկանությունն արդյոք պարտավոր չէր իր իրավասությունների սահմաններում աջակցել հավաքին և դրա մասնակիցներին:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը շատ կարևոր է ոստիկանության կամայականությունները զսպելու համար, քանի որ քաղաքացուն ազատությունից կարելի է զրկել միայն եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշված սահմանափակ հիմքերով, իսկ ոստիկանությունը չի կարող ակնհայտ ապօրինի ձերբակալել քաղաքացուն, նույնիսկ եթե տեղի է ունեցել վարչական ձերբակալում:

Հարգանքներս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031