Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բաղդասարյան. Սա այն դեպքն է, երբ ոչինչ չեն կարող բարդել նախկին իշխանությունների վրա. «Հրապարակ»

Հունվար 24,2023 11:11

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

– Արցախի շուրջ ձեւավորված թնջուկը կարծես քիչ էր, Հայաստանի զորամասերից մեկում էլ 15 ժամկետային զինծառայողներ դաժանաբար այրվեցին: 2020 թվականին, երբ ազերիները զորամասեր են պայթեցրել, զինվորներին տեղավորել էին ինչ-որ անհասկանալի վայրերում, որոնք անվանում են զորանոց, եւ որտեղ չկա ջեռուցում, խմելու ջուր: Ի վերջո` բանակում տիրող այս իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ո՞վ է:

– Այս ողբերգության միակ մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի գործող իշխանություններն են` Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Սա այն դեպքն է, երբ ոչինչ չեն կարող բարդել նախկին իշխանությունների վրա: Թե ինչու ոչինչ չի արվում, ինչու զորամասեր չեն կառուցվում, ես ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել, ներող եղեք բառիս համար, բայց համատարած բարդակ է բոլոր ոլորտներում, պարզապես բանակում այդ խնդիրներն ունենում են տեսանելի հետեւանքներ: Իշխանությունները եթե ասում են, որ ՀՀ տարածքում զորավարժություններ անել չի կարելի, որովհետեւ Ադրբեջանը դա կընկալի որպես սպառնալիք, ապա նույն տրամաբանությամբ իշխանությունները բանակում եւս իրավիճակը չեն կարգավորում, քանի որ Ադրբեջանը դա եւս կարող է ընկալել որպես սպառնալիք: Ակնհայտ է, որ այս իշխանությունները հետին պլան են մղել բանակը, քանի որ համարում են, որ Հայաստանին բանակ պետք չէ: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ Հայաստանը խաղաղության դարաշրջան է մտնում, այդ տրամաբանությամբ Հայաստանին ընդհանրապես բանակ պետք չէ: Այս իշխանությունների համար կարեւոր են պարգեւավճարները, դատախազների աշխատավարձերը ու այլ երեւույթներ, սակայն ո՛չ բանակը: Ազատ գյուղում տեղի ունեցածը հենց այս մոտեցման հետեւանքն է, վաղը նորից կարող է նույնը կրկնվել: Եթե չի փոխվում իշխանության որակը, բանակում էլ ոչինչ չի փոխվելու: Կարող է իրավիճակ փոխվել միայն այն դեպքում, երբ հասարակական ճնշումների ազդեցությամբ իշխանավորները պատասխանատվություն ստանձնեն:

– Հայաստանում ամենաթողություն է տիրում: 2022-ի ամռանն էլ «Սուրմալու» պայթյուն տեղի ունեցավ, մարդիկ մահացան, սակայն ո՞վ ենթարկվեց պատասխանատվության: Բանակում տեղի ունեցածի համար ո՞վ պետք է օրենքի առաջ պատասխան տա: Մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին պաշտոնից, եւ վերջ: Իսկ այս աղետի հիմնական մեղավորն ո՞վ է:

– Ցանկացած այլ նորմալ երկրում ոչ միայն նման պաշտպանության նախարար նշանակող վարչապետը, այլեւ ողջ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացներ: Սա փաստում է իշխանությունների համատարած անկարողության եւ դիլետանտության մասին: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Եթե մեզանում չկա պահանջատեր հասարակություն, ապա իշխանություններն էլ հրաժարական չեն տալու իրենց կամքով:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031