Ադրբեջանի իշխանությունները, սակայն, սկսել են ակտիվորեն զարգացնել հերթական կեղծ օրակարգը՝ «Արեւմտյան Ադրբեջանը», որի հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն է, եւ մասնավորապես Սյունիքը։ Այս հարցում Ադրբեջանին անմիջական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։ Երեկ Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջահիդ Բաղչին հանդիպում է ունեցել «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։ Առաջադեմ երկրի տպավորություն ստեղծելու նպատակով «համայնքն» ունի անգամ կանանց խորհուրդ, որը հունվարի 21-ին կայացած առաջին նիստի ժամանակ Ալիեւի զավթողական նպատակները փորձել է քողարկել Կանանց, խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ներքո։
Տարբեր առիթներով Բաքվի բռնապետը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Սյունիք ու Երեւան զավթել «խաղաղ» ճանապարհով, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական վիճակագրության փոփոխմամբ։ Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 24-ին, երբ Ալիեւն իր ծննդյան օրը հրապարակայնորեն հայտարարեց «Արեւմտյան Ադրբեջան» «վերադառնալու» մասին՝ մեկ անգամ եւս ցույց տալով խորհրդանշական օրերի նկատմամբ հիվանդագին հակումը։ Իր ելույթում Ալիեւը հավակնություն էր հայտնել Հայաստանի հարյուրավոր բնակավայրերի նկատմամբ, որոնցից մոտ 90 գյուղում ակնկալում է ունենալ մեծամասնություն, բնականաբար, իրենց հատուկ բնական աճի բարձր տեմպերի հաշվին։ Սակայն ժամանակ չկորցնելու մոլուցքով տարված՝ Ալիեւը մոռանում է Բաքվից, Սումգայիթից, Նախիջեւանից եւ խորհրդային տարիներին հայկական այլ բնակավայրերից բռնաճնշումների, հալածանքների եւ ջարդերի հետեւանքով հեռացած հայերի եւ նրանց ժառանգների իրավունքները հարգելու մասին։
Հայկական քաղաքների եւ գյուղերի անվանումները, որոնք տարիների ընթացքում անվանափոխվել են թուրք-ադրբեջանական մշակված քաղաքականության հետեւանքով, չեն կարող Ադրբեջանի համար պատկանելության հիմք դառնալ։ Ալիեւի ելույթին հաջորդեցին գործնական քայլերի մշակումն ու իրականացումը, ինչը դրվեց նաեւ «գիտական» մակարդակի վրա, մասնավորապես գոյություն չունեցող «Արեւմտյան Ադրբեջանի» պատմության վերաբերյալ աշխատություններ ստեղծելու, դրանք օտար լեզուներով թարգմանելու եւ աշխարհով մեկ տարածելու համար։ Այդ նպատակով Ադրբեջանի պատմության, ինչպես նաեւ բանահյուսության ինստիտուտներում ստեղծվել են «Արեւմտյան Ադրբեջանի» հատուկ բաժիններ։ Նկատենք, որ պատմական կեղծարարությունների առումով Ադրբեջանը բավականին «հարուստ» փորձ ունի խորհրդային տարիներից սկսած։ Մշակվում է «վերադարձի» հայեցակարգի նախագիծը, որին ժողովրդավարական աստառ տալու նպատակով ներգրավել են հասարակությանը։ Պատմական կեղծիքի տարածման ու ամրապնդման նպատակով Ադրբեջանի իշխանությունները ներգրավել են երկրի գրեթե բոլոր շերտերին՝ պետական-քաղաքական գործիչների, «պատմաբանների» ու «մշակույթի» գործիչների, այդ թվում նաեւ՝ «խավիարային դիվանագիտության» միջոցով ծառայող օտարազգի «մասնագետների»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: