Հաջողության բանաձևերը հետաքրքրում են բոլորին, հատկապես ծնողներին, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց հարց են տալիս՝ ի՞նչ անել՝ հաջողակ սերունդ դաստիարակելու համար։ Նրանք ոչինչ չեն խնայում այդ նպատակին հասնելու համար, և շատերին թվում է, թե էլիտար ուսումնական հաստատությունը կամ այլ առավելություններն ապագայում կարող են հաջողության երաշխիքներ լինել, սակայն միշտ չէ, որ այդպես է։
Իրական հաջողության ու երջանկության գրավականը ստեղծագործելու կարողությունն է, դիմացկունությունը, կյանքի դժվարությունները հաղթահարելու և մարդկանց հետ աշխատելու հմտությունը։
Բոստոնի մանկական հիվանդանոցի մանկաբույժ Քլեր Մաքքարթին ծնողների հետ կիսվում է պարզ խորհուրդներով, որոնք ուղենշում են հաջողության ճանապարհն աճող սերնդի համար։ Մասնավորապես նա խորհուրդ է տալիս՝
1․ Ամրապնդեք երեխաների գործնական հմտությունները․ գործնական հմտությունները մեր «օդային շարժումների կառավարման» հմտություններն են՝ ուշադրություն դարձնելու, պլանավորելու, խնդիրներ լուծելու, բազմաբնույթ առաջադրանքների միաժամանակյա ռեժիմում գործելու կարողությունը, ինչպես նաև մեր զգացմունքները վերահսկելը, բանակցություններ վարելը և այլն։ Դրանք հմտություններ են, որոնք երեխաները սովորում են մեծանալուն զուգահեռ և որոնք հնարավոր է ամրապնդել։ Կան մի շարք խաղեր, որոնք նպաստում են այդ հմտությունների զարգացմանը։ Ծնողները կարող են կիրառել դրանք իրենց երեխաների շրջանում հիշյալ հմտությունները զարգացնելու համար։ Այդպիսի խաղերը ներառում են երևակայության և այլ մարդկանց հետ փոխազդեցության կիրառումը, և դրանք արդյունավետ են, երբ կողմնակի խանգարող հանգամանքներ չկան․ ծնողը չի շտապում և ամբողջությամբ կարողանում է ներգրավվել գործընթացի մեջ։
Կարդացեք նաև
2․ Թույլ տվեք երեխաներին ինքնուրույն լինել, և մի վհատվեք, երբ նրանք անհաջողության են մատնվում։ Մեր օրերում շատ ծնողներ են սահմանափակում իրենց երեխաների ինքնուրույնությունը։ Հիմնականում դրա պատճառը հարգելի է՝ մենք ցանկանում ենք, որ մեր երեխաներն անվտանգ պայմաններում մեծանան, սակայն երեխաները երբեք չեն դառնա ինքնուրույն մեծահասակներ, եթե շրջակա աշխարհն ուսումնասիրելու հնարավորություն չունենան և իրենց համար ընտրություն չկատարեն, ինչն, իհարկե, նշանակում է, որ երբեմն նրանք սխալ քայլեր էլ կկատարեն, թեկուզ և պատահաբար։ Սակայն սխալների վրա սովորելը կարող է լավ արդյունք ապահովել։ Եթե մենք հնարավորինս շուտ տանք երեխաներին անկախություն՝ միաժամանակ նրանց սովորեցնելով անվտանգության կանոնները, նրանք ավելի պատրաստ ու ինքնավստահ կլինեն, երբ ժամանակը գա։
Միշտ էլ կա ցանկություն ամեն պահի նրանց օգնության հասնելու, բայց սպասեք մի պահ՝ ձեր օգնությունը հետաձգելով այն դեպքերի համար, երբ իսկապես կլինի դրա կարիքը։ Եթե նրանք ընկնեն մարզվելիս և վնասվեն, վատ գնահատական ստանան տնային աշխատանքը չկատարելու համար կամ ձախողեն որևէ միջոցառում, սարսափելի ոչինչ չի լինի, և մեծ է հավանականությունը, որ հաջորդ անգամ նրանք ավելի պատրաստ կլինի, հատկապես եթե դուք աջակցեք նրանց և օգնեք հասկանալ տեղի ունեցածը։ Այդպիսով նրանք կհասկանանլ, որ ի վիճակի են հաղթահարելու իրենց սխալները։
3. Խթանեք դիմացկունությունը․ դա անհաջողությունները հաղթահարելու, դժբախտությունները վերապրելու ու կրկին ոտքի կանգնելու կարողությունն է։ Երեխաներին թույլ տալը լինել ինքնուրույն և երբեմն անհաջողություն կրելն այդ հատկությունն է ձևավորում։ Սակայն այս հարցում առանցքային դեր է խաղում մտերիմների մշտական աջակցությունը․ երեխան պետք է հասկանա, որ իր թիկունքը պաշտպանված է և իրեն սիրում են՝ անկախ ամեն ինչից։
4․ Զարգացրեք սոցիալական հմտություններն ու ապրումակցման կարողությունը՝ էմպաթիան։ Բակային համատեղ խաղերը հաջողության բանալին են․ դրա համար երեխաները պետք է սովորեն ընկերներ ձեռք բերել, լսել միմյանց ու հաշվի նստել մյուսների մտքերի ու զգացմունքների հետ։ Տարրական «շնորհակալությունից» մինչև «ներողություն», իրենց հերթին սպասելու համբերության զարգացումից մինչև կամավորություն ու հասարակական աշխատանքներին մասնակցություն․ կան մի շարք միջոցներ, որոնց օգնությամբ ծնողները կարող են զարգացնել այդ հմտությունները երեխաների մեջ։ Ինչպես նաև չպետք է մոռանալ լավ օրինակ ծառայելու կարևորության մասին։
5․ Խթանեք հետաքրքրասիրությունն ու ստեղծագործելու ցանկությունը։ Այցելեք երեխաների հետ այնպիսի վայրեր, որոնք նպաստում են դրան՝ այգիներ, թանգարաններ, պատմական վայրեր։ Փորձեք միասին ուսումնասիրել ինչ-որ թեմաներ, ինչ-որ գործողություններ կատարեք իրար հետ՝ դիտեք ֆիլմեր, կարդացեք, պատմություններ հորինեք կամ պատրաստեք ինչ-որ մի բան։ Օգնեք երեխային տեսնել աշխարհն ու զմայլվել նրա գեղեցկությամբ ու հնարավորություններով և հասկանալ, թե ինչ կարող է անել ինքն այդ մեծ աշխարհում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ