Հունվարի 25-ին երեկոյան ժամը 19:00-ին Մաշտոցի պուրակում Լաչինի միջանցքի բացման լուծումները թեմայով քննարկում է նախատեսվում: Նախաձեռնությունը «Բացում» նախաձեռնության անդամներինն է, որոնք այսօր երեկոյան իրազեկման ակցիա իրականցրին Երեւանի կենտրոնական փողոցներում:
«Մենք չգիտենք ՝ որն է լուծումը, մենք սում ենք, եկեք, միացեք, քննարկենք, միասին լուծում գտնենք, որ բացվի: Այդ հարցով մտահոգ քաղաքացիներ ենք ու մեր շուրջը հավաքում ենք մտահոգ, սրտացավ մարդկանց, որոնք չգիտեն՝ ինչ անեն: Հավատացած ենք, որ եթե մարդկանց քանակը շատանա, մեզ միանան գիտակ մարդիկ՝ գիտնականներ, քաղաքագետներ , որոնք կարող են որոշակի առաջարկներ անել, ապա խելք խելքի տալով՝ լուծումներ կգտնենք: Այնտեղ դրված չի լինի ինչամետ ես, ինչական ես եւ այլն, ինչը մեզ հետ հիմա փորձում են անել, այդ պառակտիչ գործողությունները, որոնք արհեստականորեն արվում են: Մենք փորձում ենք դրա մեջ չմտնել եւ մարդկանց համախմբել այդ գաղափարի շուրջ ու որոշակի խմորումներ առաջացնել: Հանրային քննարկումների նպատակը հենց դա է, որ մարդիկ հավաքվեն ու շփվեն եւ տեսնեն՝ ով, ինչ է մտածում»,- Aravot.am-ին ասաց նախաձեռնության անդամ Անուշիկ Հարությունյանը:
Մեր զրուցակիցը Լաչինի միջանցքի բացման սեփական լուծումը կամ առաջարկը չի շտապում հանրայնացնել. «Քանի որ ես «Բացում» նախաձեռնության անդամ եմ, իսկ մենք ավելի չեզոք դիրք ենք պահում, որ կարողանանք քննարկման մոդերացիան ապահովել, մենք փորձում ենք մեր անձնական կարծիքները չհրապարակել: Բացի այդ ամեն վայրկյան տարբեր բաներ են փոխվում, շատ դժվար է ինչ-որ պահի ինչ-որ կարծիք արտահայտել, որից այնքան էլ գլուխ չես հանում»:
Անուշիկ Հարությունյանն այսօր իրազեկման ակցիայի ժամանակ Արցախի եւ Լաչինի միջանցքի հարցով անտարբեր ոչ մի քաղաքացու չի նկատել. «Չկա նման բան, դա ինձ համար կեղծ թեզ է, թե հայ հասարակությանն այլեւս չի հետաքրքրում Արցախը կամ Լաչինի միջանցքը: Ես ոչ մի վայրկյան չեմ մտածում, որ կա ինչ-որ մեկը որ չի մտածում կամ չի անհանգստանում Արցախի համար: Ես այսօր նկատեցի մարդկանց հուսահատ հայացքներ, այսինքն մարդը ոչ թե անտարբեր է, այլ հակառակը՝ լավ էլ տարբեր է : Պարզապես չգիտի ինչ անել ու չի հավատում, որ մի բան կարող է անել, մտածում է՝ ինչ կարող է անել, որովհետեւ իրեն ներարկել են այդ անզոր լինելու զգացումը: Մենք այն մարդիկ ենք, որ ասում ենք՝ ոչ դու կարող ես, դու քեզանից արժեք ես ներկայացնում, եթե միանանք իրար,կարող ենք լինել սուբյեկտ ու մեզ հետ հաշվի կնստեն: Անտարբերություն գոյություն չունի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ