Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ մարմիններում դարձյալ վերականգնվել է համակարգային կոռուպցիան. Երվանդ Թարվերդյան

Հունվար 23,2023 23:13

Եթե ժամանակին ինքս գովերգում էի, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այսօր արձանագրում եմ, որ իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով, որոշ մարմիններում դարձյալ վերականգնվել է համակարգային խուլիգանությունը, կոռուպցիան: Եթե մի ամբողջ մաքսային պահեստում տեսչական անձնակազմին ԱԱԾ են հրավիրում ցուցակներ են հայտնաբերում, ուրեմն վերականգնվում է համակարգային կոռուպցիան: Ստացվում է, մենք ժամանակավո՞ր ուրախացանք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Նրա գնահատմամբ, տնտեսության այսօրվա վիճակը շատ դեպքերում կապված է այսօրվա լարված քաղաքական իրավիճակից, կառավարության անկարողությունից, երբ իրենք չեն կարողանալով կարգավորել խնդիրները և չեն էլ ցանկանում որևէ մեկի աջակցությունն ընդունել:

«Տարօրինակ է, բայց փաստ, որ մենք ներդրումներ չունենք մեր մի շարք պաշտոնյաների անգործության հետևանքով: Այսօր չկա պատասխանատվության կարգ: Ամենակարևորը խոշոր ներդրումների համար քաղաքական կայուն դաշտն է, որովհետև խոշոր ներդրողը հարաբերություններ է ստեղծում պետական մարմինների հետ և նա պետք է հասկանա, թե այդ երկրում ինչ քաղաքականություն է տարվում: Մեր պետությունում 2018 թվականից մինչ օրս ընդամենը մեկ ու կես տարի է կայուն քաղաքական իրավիճակ եղել: Ամբողջ աշխարհում անվտանգությունը համարժեք է ռիսկերին, շահութաբերությանը, այսինքն ոլորտներ կան, որ էական չէ անգամ ծայրահեղ անվտանգային համակարգը: Մեր պետությունը, իհարկե, պատերազմական վիճակում է, սակայն որոշ ճյուղերի համար ներդրումներն անվտանգ են, օրինակ` գյուղատնտեսության ոլորտը: Ներդրողի համար էական չի Հայաստանը կունենա պետականություն, թե ոչ, իրեն իր ոլորտն է հետաքրքրում և իր ներդրած գումարների շահը, իսկ խոշոր պետությունների ներդրողը գիտի, որ իր պետությունը պաշտպանելու է իր շահը: Արձանագրենք, որ այս գեոպոլիտիկ լարված իրավիճակում էլ միևնույն է պատերազմական գործողությունները երբեք չեն հասնելու այն վայրերին, որտեղ հնարավոր է ներդրումներ անել, Հայաստանում հիմա էլ կան ոլորտներ, որոնք բավականին հետաքրքիր են ներդրողի համար:

Օրինակ, հանքարդյունաբերությունը, շինարարությունը: Ի դեպ, կառուցապատումը, որպես ամենաշահութաբեր ճյուղ՝ շինթույլտվությունների բյուրոկրատական քաշքշուկների անվերջանալի շղթա է, որը լուրջ խոչընդոտ է ներդրողների համար կամ շատ տարօրինակ է քաղաքի գլխավոր հատակագծով քաղաքի գոտեւորման տարբերությունները, երբ քաղաքի միևնույն տարածքում մի շենքը կարող է կառուցվել ընդամենը 4 հարկ, մյուսը՝ 15 հարկ: Վառ օրինակ է, Աջափնյակ թաղամասի նոր կառուցապատման ծրագիրը, որը սակայն տեղից չի շարժվում, իմ գնահատմամբ այն ևս քաղաքական ճգնաժամի հետևանք է»,-նշեց Թարվերդյանը: Նրա դիտարկմամբ, այս իրավիճակից ելքը՝ պետական կառավարումը պրոֆեսիոնալներին հանձնելն է: Այնինչ ներկայումս հատկապես գործադիրում աշխատում են ոլորտից անտեղյակ անձինք, որոնց միակ առավելությունը քաղաքական թիմի անդամ լինելն է:

Ի դեպ, Միացյալ Նահանգներում քաղաքական շրջանակների հետ շփումներից հետո, Երվանդ Թարվերդյանը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանն այլևս Նահանգներում չունի ժողովրդավարության այն համբավը, ինչ ունեցել է 2018 թվականին: Ներդրումների բացակայությունն էլ նա պայմանավորում է արտաքին վատ քաղաքականության հետ:

Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչպես է Համաշխարհային բանկը «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում Հայաստանի համար 2022 թվականի տնտեսական աճը կանխատեսել 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ «Երբ ինքս որպես նաև փորձառու գործարար, հետևում էի տնտեսական ակտիվության թվերին., ուսումնասիրեցի կառուցվածքը, պարզվեց 5,5 տոկոսը առևտրին է բաժին ընկել, 5,5 տոկոսը՝ սպասարկման ոլորտին, այսինքն ընդհանուր՝ 11 տոկոս, իսկ կլասիկ տնտեսական ակտիվությունն ընդամենը 3 տոկոս էր: Իմ ունեցած տեղեկություններով, նախորդ տարի կլասիկ արտահանումը նվազել է, եթե տարանցիկ փոխադրումը մենք դիտարկում ենք ներմուծում և արտահանում, մասնավորապես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ամբողջ ապրանքաշրջանառությունը, որ ավելացել է դեպի ՌԴ՝ չի կարելի վերագրել որպես Հայաստանի տնտեսության աշխուժացում, դա վտանգավոր է: Առաջիկայում այդ 5,5 տոկոս աճը չի լինելու, պետք է արտադրությունն ապահովել, չէ՞ որ գյուղատնտեսությունը նվազել է, քաղաքաշինությունն ընդամենը 0,1 տոկոս է աճ արձանագրել:

Մասնագետների գնահատմամբ, ռուս-ուկրաինական պատերազմից հետո ամենաքիչը 5 տարի է անհրաժեշտ տնտեսական հարաբերությունների վերականգնմանը, այսինքն` այդ ընթացքում Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստանի համար: Երբ պետությունները միմյանց նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում, միաժամանակ նրանք ելքեր են փնտրում այդ պատժամիջոցները շրջանցելու համար: Նույն Եվրոմիության երկրներն իրենց արտադրողների շահերի պաշտպանության նպատակով ճանապարհներ են փնտրում արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար»,-նշեց Թարվերդյանն ու հավելեց,-«Պետության անկախությունը, անվտանգությունը կախված է նրա տնտեսությունից: Այսօր մեր պետությունում, ոչ գործադրի կառավարումը, ոչ տնտեսական գործունեության կառավարումը արդյունավետ չէ, մենք հետ ենք գնում, թվեր են նկարում,, ասում ենք, թե առաջ ենք գնում, իրականում զբաղված ենք ինքնախաբեությամբ»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031