Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բավականին զսպող գործոն է Ադրբեջանի համար, քանի որ Լաչինի միջանցքի քննարկման փաստը միայն արդեն լուրջ հարված է Ադրբեջանի համար»․ Արուսյակ Ջուլհակյան

Հունվար 23,2023 22:35

«Թինի Կոքսը կարող էր ասել և, կարծում եմ, պետք է ասեր»,- Aravot.am-ի փաստմանը՝ ԵԽԽՎ վերընտրված նախագահ Թինի Կոքսը դատապարտեց Ուկրաինայի դեմ պատերազմը, բայց ոչ մի խոսք չասաց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ պատերազմի մասին և հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք սա, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորի կարծիքով՝ կամաց-կամաց ավելի կընկալվի ԵԽ-ի կողմից, որ իսկապես հումանիտար աղետ է տեղի ունենում, և դրա դեմն առնելու քայլեր պետք է իրականացվեն, գոնե առնվազն Եվրոպական խորհրդարանից հետ չմնան։

Արմեն Ռուստամյանին խնդրեցինք գնահատել ԵԽ-ի և Թինի Կոքսի վերջին տարիների գործունեությունը։ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Եվրոպայի խորհուրդը նոր-նոր է սթափվում, որ պետք է գնահատել իրերն իրենց անուններով։ Եվ սա միայն Թինի Կոքսի անձով պայմանավորված չէ։ Իրենք հիմնականում շեշտը դրել են ռուս-ուկրաինական խնդրի վրա՝ մոռացության մատնելով կամ անտեսելով ոչ պակաս կարևոր իրադարձություններ Եվրոպայի տարածքում»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանից հետաքրքրվեցինք՝ այն համատեքստում, որ ԵԽԽՎ վերընտրված նախագահը չհիշատակեց Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ, արդյոք կարելի՞ է հետագայում հասցեական հայտարարություններ սպասել։ Նա պատասխանեց․ «Մեր բոլոր գործընկերների հետ պիտի աշխատենք այն ուղղությամբ, որ այդ հասցեական հայտարարությունները լինեն՝ անկախ  նրանից, թե մեր առանձին գործընկերներ ինչ դիրքորոշում են հայտնում, կամ ինչի մասին են լռում։ Դա մեզ չպետք է թևաթափ անի շարժվելու այն ուղղությամբ, որ բերենք մեր գործընկերներին այն դաշտ, որ այդ հայտարարությունները լինեն։ Այս դեպքի մասով նշեմ, որ Թինի Կոքսը շնորհակալական ելույթ էր ունենում՝ ուղղված այն գործընկերներին, որոնք քվեարկել են իր օգտին։ Ըստ էության նա գովում էր այն արձագանքը, որը ԵԽԽՎ-ն ուղղել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմի առիթով։ Բայց լռեց այն մասով, թե ինչպիսի սադրանքներ են եղել ԵԽ մեկ այլ անդամ երկրի կողմից։ Պատճառն այն էր, որ ԵԽԽՎ-ն առ այսօր պատշաճ ձևով չի հասցեագրել այդ հարձակումները և ինքը պարզապես չհիշատակեց։ Որպեսզի տպավորություն չթողնի, որ ես փորձում եմ Թինի Կոքսի՝ իր ելույթում մեր խնդիրների մասին լռելն արդարացնել, փաստեմ այն, որ Թինի Կոքսը խոսեց այն մասին, թե ինչ է արել վեհաժողովը, բայց չասաց, թե ինչ չի արել»։

Արուսյակ Ջուլհակյանը որոշակի առաջընթաց է նկատում՝ նշելով, որ մեզ հաջողվել է վերջին երկու լիագումար նիստերի ընթացքում օրակարգ բերել Ադրբեջանի հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, այս լիագումար նիստի օրակարգում հաջողվեց բերել Լաչինի միջանցքի շրջափակման հարցը ու շարունակեց․ «Այն, որ այս հարցերը մտնում են օրակարգ, հույս է տալիս, որ հնարավոր է լինելու նաև որոշ ժամանակ անց բանաձև ընդունելուն հասնել, եթե մեր գործընկերները գիտակցում են պահի լրջությունը և հավանություն են տալիս։ Պետք է նշեմ, որ Լաչինի միջանցքի փակման հարցը լիագումար նիստերում քննարկման դնելու հարցը սատարվել է բոլոր քաղաքական խմբերի կողմից, առաջարկն այդ հարցով քննարկում կազմակերպելու եղել է նախագահության կողմից։ Դա նշանակում է, որ եթե Ադրբեջանը շարունակի իր սադրիչ գործողություններն ու այս գործելաոճը, հնարավոր է,  որ ապագայում կարողանանք հասնել Վեհաժողովի կողմից բանաձևի ընդունման։

Չպետք է շտապել քննադատական խոսքեր ուղղել մեր գործընկերներին։ Իհարկե, եթե անգործություն լինի, բնականաբար, պիտի դրան արձագանքենք։ Մենք տեսնում ենք, որ լիագումար նիստերի օրակարգում այս հարցերը քննարկվում են, և դա բավականին մեծ քայլ է, և կկարողանանք նաև հետագայում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ։ Սա բավականին զսպող գործոն է Ադրբեջանի համար, քանի որ քննարկման փաստը միայն արդեն լուրջ հարված է Ադրբեջանի համար, քանի որ այնպիսի կարևոր կառույցում, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, նման ձևակերպում, ինչպիսին ունեցել ենք սեպտեմբերի ագրեսիայի հասցեագրումը ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի կողմից, նաև Լաչինի միջանցքի շրջափակման հարցը կրկին նույն խիստ շեշտադրումներով կանցնի, ես կարծում եմ՝ սա արդեն իսկ բավականին կարևոր է և կարող է Ադրբեջանի վրա զսպող ազդեցություն ունենալ։ Իհարկե, Ադրբեջանը շատ կանխատեսելիորեն անկանխատեսելի է իր սադրիչ գործողություններով, բայց ես հավաստիացնում եմ՝միջազգային արձագանքն իրապես շատ է նեղում Ադրբեջանին իր գործողությունների հարցում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031