«ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, ներկայացրել Արցախում առկա սոցիալական վիճակը բոլոր ասպեկտներով, այդ թվում՝ օրինակներով ու փաստերով»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանը։
Տեղեկացնենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպել են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է եղել Դունյա Միյատովիչի արձագանքը։ Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Քննարկվել է այն սակավ գործիքակազմը, որը հանձնակատարն ունի։ Նրան շնորհակալություն ենք հայտնել իր՝ օրեր առաջ կատարած հայտարարության համար։ Քննարկվել է առհասարակ եվրոպական միջազգային կառույցների ազդեցիկության և գործնական քայլերի հարցը։ Մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծեց հարցի կարևորությունը, վերահաստատեց իր կատարած հայտարարությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ