Հայաստանի իշխանությունները չպետք է ռազմական հակամարտություններն օգտագործեն որպես պատրվակ մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերանայեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը: Նման հայտարարություն է արել Լրագրողների պաշտպանության կոմիտեն կապված Արդարադատության նախարարության առաջարկած օրինագծի հետ, որը իշխանություններին լիազորում է ռազմական դրության պայմաններում ժամանակավորապես արգելափակել կայքերը, հավելվածները և սոցիալական մեդիա ցանցերը և «մասամբ կամ ամբողջությամբ» սահմանափակել ինտերնետ հասանելիությունը երկրում:
«Հայաստանի արդարադատության նախարարության կողմից մշակված օրինագծում գրաքննության լիարժեք իրավասությունը պետությանը տալիս է չափազանց մեծ հայեցողություն՝ արգելափակելու կայքերը, անջատելու երկրի ինտերնետը և գրաքննելու լրատվամիջոցները, – ասել է Նյու Յորքում CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սաիդը։ -Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն այս օրինագիծը և մանրակրկիտ խորհրդակցություններ անցկացնեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ նախքան այն նոր ձևով ներկայացնելը»։
Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտի տնօրեն Արթուր Պապյանը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հեռախոսով CPJ-ի հետ զրույցում ասել են, որ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի բավական մեծ խորհրդարանական մեծամասնություն՝ օրինագիծն ընդունելու համար։ Այնուամենայնիվ, նրանք հույս են հայտնել, որ Արդարադատության նախարարությունը կխորհրդակցի լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող խմբերի հետ և կփոփոխի վիճարկվող կետերը։
Արդարադատության նախարարությունն անպատասխան է թողել
CPJ-ի՝ պարզաբանման խնդրանքով նամակը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ