Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուքիասյանը հեգնեց Քերոբյանին. «Մի անգամ էլ մեր առաջին նախագահն ասեց՝ ինչքան 30 տարի պոլիտոլոգը բան է ասել, ոչ մի բան չի համապատասխանել»

Հունվար 23,2023 20:10

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկման ներկայացրեց Ազատ առեւտրի մասին վավերացման ենթակա համաձայնագիրը, որը կնքվել է Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ: Երեւանում այն ստորագրվել է 2019-ի հոկտեմբերին: Ըստ համաձայնագրի, պետք է Սինգապուրի հետ ձեւավորվի փոխադարձ առեւտրի միասնական փաթեթ, առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները պետք է վերացնել:

ԵԱՏՄ պարտավորություններով թվով 12.229 ապրանքատեսակներ են ամրագրված, որից 4858 ապրանքատեսակների մասով նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրառում՝ համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: 597 ապրանքատեսակի մասով մաքսատուրքի դրույքաչափը կիջնի մինչեւ 0% 3 տարի հետո: Մինչեւ 5 տարի հետո մաքսատուրքը կիջնի եւս 2340 ապրանքատեսակների համար: 2201 ապրանքատեաակի մաքսատուրքն էլ կիջնի 7 տարի հետո:

Սինգապուրը պարտավորություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքատեսակների համար: ԵԱՏՄ-ի առեւտրաշրջանառությունը Սինգապուրի հետ կազմել է 3.5 մլրդ դոլար. «Ամենամեծ կտորը բնական հանածոներն են, երկրորդ մեծ կտորը քիմիական արտադրանքը»,- ասաց Քերոբյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Ինչ դուք պատմեցիք, կապ չունի ազատ առեւտրի գոտու հետ, կապ ունի ԵԱՏՄ-ի հարթակի հետ: ՀՀ-ի տարբեր արտադրողների պետք է կոչ անենք, որ Սինգապուրում մենք ունենք 0 մաքսատուրք: Սինգապուրի պես երկրի համար պետք է բացատրենք ինչ է նշանակում 0 մաքսատուրքը»:

Վահան Քերոբյանը պատասխանեց. «2022-ին ՀՀ-ի առեւտրաշրջանառությունը 70%-ով աճել է: Ես գիշերն եմ եկել Գերմանիայից, առաջին անգամ Գերմանիայի հետ հատել ենք 500 մլն դոլարի սահմանաչափը»: Սուքիասյանը հորդորեց ասել այդ 500 մլն դոլարի արտահանածի կառուցվածքը ի՞նչ է եղել. «Եթե նորից հումք ենք արտահանել, այդ դեպքում արդեն ուրիշ է: Եթե մենք պատրաստի արտադրանք, ծառայություն ենք արտահանել, արդեն կարող ենք ասել՝ ապագա կա, շատ լավ է»: Քերոբյանը պատասխանեց, որ Գերմանիայից 350 մլն-ի ներմուծել ենք, 150 մլն-ի արտահանել: Ներմուծվել է հիմնականում թեթեւ եւ խոշոր մարդատար մեքենաներ, տրակտորներ, շինարարական տեխնիկա, իսկ արտահանվել է ալյումինե փայլաթիթեղ եւ պատրաստի տեքստիլի արտադրանք:

Ինչ վերաբերում է Սինգապուրի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությանը, այն չնչին է, 2022-ին մոտ 4մլն դոլար է կազմել»:

Հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը մանրամասնեց, որ հիմնականում Սինգապուր արտահանել ենք ծխախոտ, ներմուծել ոսկի, ֆիզիկաքիմիական անալիզի սարքավորումներ, դեղագործական արտադրանք եւ այլն:

Սուքիասյանն ասաց. «Ես կարեւորում եմ կրթական մասը, ոչ մի կետ չունե՞նք իրենց հետ: Շատ լավ բուհեր ունեն, լավ կլիներ մերոնց հետ համագործակցեին: Սինգապուրը մեզ համար շատ կարեւոր է, մշակույթն է կարեւոր, մեր ուսանողները թեկուզ 6 ամիս էլ սովորեն այնտեղ, բավականին կփոխվեն»:

Քերոբյանը պատասխանեց. «Լիովին համաձայն եմ ձեր հետ՝ նաեւ հաշվի առնելով հայերի ներդրումը Սինգապուրի պատմության եւ զարգացման մեջ»:

Համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ մյուս երկրները դեռ չեն վավերացրել, Հայաստանն առաջինն է քայլ անում:

Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022-ը բավականին մեծ աճով փակվեց եւ մենք գիտենք դրա պատճառները, գիտենք այն գեներացիան, որն իրականում ապահովել է մեր ունեցած հիմքի վրա: Նոր ի՞նչ գեներացիա ապահովող ճյուղեր ունենք: Եթե ունենք մետաղական հանքեր, որոնք արտահանում են, միջազգային գներից է կախված, բայց մենք պետք է ապահովենք վերջնական արդյունք, որոնց հավելյալ արժեքը ավելի բարձր կլինի: Ուզում եմ հասկանալ 2023-ին ի՞նչ կարգի թռիչքներ կարող ենք ապահովել, որոնք բիզնեսի ուշադրության կենտրոնում չեն, ի՞նչ գործիքների օգտագործման արդյունքում կարող ենք ստանալ նոր գեներացիա, նոր աճ, ուղղություններ, աշխատատեղեր, նոր եկամտահարկի վճարման հարթակներ»:

Քերոբյանը պատասխանեց. «Մեր գլխավոր անելիքը շարունակում ենք տեսնել ՀՀ-ում գործող ընկերությունների արտադրողականության ավելացման ուղղությամբ: Այդտեղ շատ մեծ պոտենցիալ կա ու այն իրացնելուց մեր ընկերությունները դառնում են մրցունակ ու ավելի մեծ ծավալի արտադրանք թողարկել»:

Սուքիասյանը հորդորեց Քեորոբյանին կոնկրետ հաշվարկներ ներկայացնել. «Վերլուծական կառույցում ասում եք մոտավորապես 400 հոգի մարդ է աշխատում: Եթե այդ թիվը արդեն հրապարակվել է, այդ թվի հետեւից պետք է 30 հոգի գնար, հասկանար ի՞նչ են արել: Այդ վերլուծություն ասածը շատ ենք օգտագործում: Մի անգամ էլ մեր առաջին նախագահն ասեց՝ պոլիտոլոգները այդ, ինչքան 30 տարի պոլիտոլոգը բան է ասել, ոչ մի բան չի համապատասխանել: Հիմա էս մեր վերլուծողները ի՞նչ գործիք են մեզ տալիս, որ ասեն՝ 15 օր հետո ունենալու ենք այս-այս սարքավորումների իրացում: Հասկանանք»:

Քերոբյանը արձագանքեց. «Ես համաձայն եմ ձեր հետ լիովին, բայց քանի որ դուք էլ եք բիզնեսից, ես էլ եմ եղել բիզնեսից, գիտենք, որ նոր սարքավորումներ դնելուց պետք է լինի նախնական հաշվարկ, թե դա ինչ կտա, բայց որոշ ժամանակ է պետք: Ծրագիրը ապրիլից է սկսել աշխատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031