Լրահոս
Օրվա լրահոսը

«2 տարի Անդրանիկ Քոչարյանն ու իր նմանները վստահեցնում են, թե բարեփոխումներ կան․ չկան»․ Ավետիք Չալաբյան

Հունվար 23,2023 19:44

«Չէի ցանկանա մեկնաբանել, որովհետեւ Ալեն Սիմոնյանը քաղաքական դեմագոգիայի վարպետ է։ Տարբեր ժամանակներում նրա հայտարարությունները մանիպուլյացիաներ են։ Իրականում ցանկացած երկրում, մանավանդ՝ խորհրդարանական կառավարման, նախարարն իր ոլորտի քաղաքական պատասխանատուն է»,-«Համախմբում» շարժման եւ համակիրների կազմակերպած՝ ՀՀ կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց շարժման անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե պաշտպանության նախարարը չի կարող որեւէ կապ ունենալ Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքի հետ։

«Մենք չենք ասում, որ Պապիկյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Ասում ենք, որ նա պատասխանատուն է իր ոլորտի աշխատանքի կազմակերպման։ Եթե նման կարգի ձախողում է թույլ տվել՝ խաղաղ պայմաններում զոհվել են 15 զինվորներ, ապա բարոյական նվազագույն նորմերը կպահանջեին, որ նա ինքը գար ԱԺ եւ հրաժարական ներկայացներ։

Ավելին՝ Փաշինյանն ինքը պետք է հրաժարական ներկայացնի։ Մինչեւ այս դեպքը նա եւս 20 պատճառ ուներ հրաժարական ներկայացնելու։ Մինչդեռ այս մարդիկ ամեն գնով կառչած են իշխանությանը։ Մենք իրենց զոհն ու պատանդը հո չե՞նք»,-նշեց Ավետիք Չալաբյանը։

Հարցին՝ «Անդրանիկ Քոչարյանն ու մերձիշխանական շրջանակները վստահեցնում էին, թե բարեփոխումներ են իրականացրել, դուք հավատո՞ւմ եք», Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Տասը տարի բանակի հետ եմ աշխատում։ Երկու տարի է, որ Անդրանիկ Քոչարյանն ու իր նմանները վստահեցնում են, թե բարեփոխումներ կան։ Ես չեմ տեսել, չկան։ Շատ փոքր կոսմետիկ փոփոխությունները չեմ ուզում նշել։ Համակարգային բարեփոխումներ չեմ տեսել։ Ավելին՝ ՀՀ-ն մինչեւ հիմա ապրում է 2007թ․-ի ռազմական դոկտրինով, մինչդեռ 2020թ․-ի պատերազմի հետեւանքով փոխվել են սահմաններ, անվտանգային միջավայր։ Մինչեւ հիմա իշխանությունը նոր դոկտրին անգամ չունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031